Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ջինա Սարգիզովա. «Կառուցելով մեր քաղաքները` մենք չենք մտածում հաշմանդամություն ունեցող անձանց մասին»

Հունվար 16,2014 17:25

«Հայաստանում գործատուներն ու ընդհանուր առմամբ հանրությունը որոշ կարծրատիպեր ունեն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության վերաբերյալ»:

Այդ մասին այսօր «Լիարժեք կյանք» հ/կ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կազմակերպված կլոր սեղան- քննարկման ընթացքում Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան:
Քննարկումը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ուղղությամբ գործատուների հետ համագործակցության հնարավոր հեռանկարներին։

Մեզ հետ զրույցում Ջինա Սարգիզովան նկատեց, որ այսօր հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը խոչընդոտում են հանրության մեջ գոյություն ունեցող կարծրատիպերը, գիտելիքի պակասն ու աշխատաշուկայում առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանությունը:

«Մի կողմից սա կարծրատիպային մոտեցում է, որով ողողված է ողջ հասարակությունը, որի անդամ են թե գործատուները եւ թե իրենք իսկ` հաշմանդամություն ունեցող անձինք, որովհետեւ վերջիններս իրենք իսկ իրենց կարողություններին թերահավատորեն են վերաբերվում: Մյուս խնդիրը, անշուշտ, առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունն է: Մի կողմից` Հայաստանում ունենք զբաղվածության լուրջ խնդիր, մյուս կողմից` ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք ունեն մասնագիտական կրթություն, եւ սա բացատրվում է միջավայրի ոչ հարմարեցված լինելով: Եթե հաշմանդամություն ունեցող անձը անգամ ցանկանա կրթություն ստանալ, չի կարող, որովհետեւ միջավայրը հարմարեցված չէ: Ես հիմա միայն հենաշարժողական խնդիրներ ունեցողների մասին եմ ասում: Ցանկացած տիպի խնդիրներ ունեցող վախենում է անուշադրությունից, որովհետեւ մենք, պարզապես, կառուցելով մեր քաղաքները, կառուցելով կրթական հաստատությունները, պատրաստելով աշխատավայրերը` չենք մտածում այդ խմբի մարդկանց մասին, մենք ճկուն չենք այդ գործում, մենք պատրաստ չենք գնալ ինչ-որ զիջումների: Սրան հավելած` կա նաեւ գիտելիքի պակաս»,-ասաց Ջինա Սարգիզովան` նկատելով, որ կազմակերպության կողմից անցկացվող դասընթացներն առաջին հերթին ուղղված են հենց օգնելու հաշմանդամություն ունեցող անձանց` հաղթահարելու կարծրատիպային մոտեցումը, թերահավատությունը սեփական ուժերի նկատմամբ:

Նրա փոխանցմամբ` չնայած առկա խնդիրներին` ծրագրի գործունեության շրջանակներում վերջին երկու տարվա ընթացքում հաշմանդամություն ունեցող 200 մարդ է աշխատանքի տեղավորվել, առաջիկա մեկ տարվա ընթացքում եւս նախատեսվում է 200-ից ավելի մարդու զբաղվածության խնդիրը լուծել:

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031