Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշարման մեջ ըլլալով, Հալեպում ամեն ինչը տակավին էժան էր, քան այսօր Հայաստանում». սիրիահայ. «Մեդիալաբ»

Հունվար 16,2014 17:22

Վիգեն Քաբաքյանն ընդամենը երկու ամիս առաջ է Հալեպից տեղափոխվել Հայաստան, ու չնայած, ինչպես ինքն է ասում, այստեղ ապրուստը թանկ է, որոշել է հաստատվել հայրենիքում:

Ասում է՝ Հայաստանից ոչ մի այլ երկիր չի պատրաստվում մեկնել, միայն կվերադառնա Հալեպ, եթե պատերազմը վերջանա:

«Անշուշտ, սիրում ենք Հայաստանը, բայց մենք ապրելու հեշտ պայմաններում սովոր ենք, կվերադառնանք Սիրիա, եթե պատերազմը վերանա»,- «Մեդիալաբին» ասում է Վիգեն Քաբաքյանն ու կարոտով հիշում Հալեպը, այնտեղ թողած իր ծնողներին, դստերն ու մեծ առանձնատունը:

Մասնագիտությամբ ինժեներ Վիգեն Քաբաքյանը Հայաստան է եկել կնոջ հետ, ասում է Երևանում հաստատված սիրիահայ ընկերներն են կանչել, շինարարությունում գործ առաջարկել, ինքն էլ դժգոհ չէ վարձատրությունից:

Երևանում մեկ սենյականոց բնակարան է վարձակալել, որը չի կարող փոխարինել Հալեպի իր վեց սենյականոց առանձնատանը, բայց դժգոհ չէ: Միայն սրտում տագնապ ու վախ կա՝ Հալեպում ամուսնացած դուստրն ու ծնողները, հարազատները կրակի տակ են:
Պատմում է, որ մեծ դժվարությամբ են հասել Հայաստան, քանի ճանապարհները փակ են, իսկ Հալեպում, իրավիճակը գնալով սրվում է:

«Իրավիճակը վատ էր, պայթյուններ, թաղամասերը ռմբակոծվում էին, էլեկտրականության հարցն է սուր: Միշտ կրակոցներ կան, Հալեպում քիչ մը ավելի խիտ են կրակոցները»,- ասում է նա:

Ասում է` գիտի, որ Հայաստանում 90-ական թվականներին առանց լույսի գոյատևել են, նույնը այսօր պատերազմի մեջ գտնվող Սիրիայում է, զարմանում ու հարցադրում է անում.
«Ո՞նց կարելի է առանց հոսանքի ապրել»:

Վիգեն Քաբաքյանը պատմում է հալեպահայների մասին, ասում, որ նրանցից շատերն են երազում Հայաստան գալ, բայց չգիտեն ինչպե՞ս՝ գումար չունեն, ճանապարհները փակ են:
«Շատ հայեր կուզեն գալ Հայաստան, կզգամ, որ նախանձ աչքով կնայեն Հայաստան եկողներուն, թե՝ երանի մենք ալ կարենանք երթանք, երանի մեր պայմաններն էլ թույլ տային, որ երթայինք: Մեզի համար արդյո՞ք կարելի չէ՞ գտնել ճանապարհներ, մեծաթիվ ժողովուրդ կա Հալեպում, որ ուղղակի կփափագի Հայաստան գալ, լքել Հալեպը: Մարդիկ անճարակության մեջ են: Թուրքիան կամ Հորդանանը, որ կանչեցին սիրիացիներուն, վրանի տակ ապրեցուցեցին իրենց, բայց կերակրեց, խմեցրեց, տաքացրեց: Եթե Հայաստան գան, թող վրաններու մեջ ապրին, պստիկ խրճիթներու մեջ ապրին, բայց փափագը, որ ելնեն այդ երկրեն, այդ միջոցը չկա: Այդ միջոցը չմտածվեցավ, չձեռնարկվեցավ Հայաստանի կառավարության կողմեն: Սփյուռքի նախարարուհին կխոստովանե, որ Հայաստան պետության կարողություններեն մեծ բան է մեր պահանջածը»,- ասում է Վիգենը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031