Ներկայումս շատ է խոսվում այն մասին, թե քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են ընտրություններին, և Ռոբերտ Քոչարյանից ուզում են ընդդիմադիր կերպար ստեղծել`դաշտը լցնելու համար: Սակայն ԲՀԿ-ական շրջանակներից հնչում են մեկնաբանություններ, թե նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանի դիտարկումները «մտահոգ մարդու» քննադատություններ են:
Օրինակ` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարում է. «Ես չեմ կարծում, որ երկրորդ նախագահի դեմքով կարելի է ընդդիմադիր կեցվածք ստեղծել: Այսօր նա խոսում է պարզապես կառավարության բացթողումների մասին, ու անիմաստ է ևս մեկ տարի նրանց աշխատելու ժամանակ տալ»:
Հարցին` իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի արձագանքում այնպիսի օրախնդիր հարցերի ինչպիսիք են Մաքսային միության անդամակցությունը, գազային համաձայնագիրը և այլն, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ չգիտենք Մաքսային միության և Եվրամիության պլյուսն ու մինուսը: Մենք կողմ ենք Մաքսային միության միայն տնտեսական բաղադրիչին»:
ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այս առիթով հակադարձեց. «Զարմանում եմ, երբ քաղաքական գործիչներն ասում են`մենք ի՞նչ գիտենք, թե Մաքսայինը ինչ է: Կես ժամ ժամանակ հատկացրեք, բացեք կայքը և կտեսնեք, թե ինչպես է այդ միությունը գործում, ինչպես է գումար բաշխվում անդամ երկրներին»:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀՇ անդամի` բոլոր երեք նախագահներին միավորում է Մաքսային միությանը կողմ լինելու հանգամանքը: Այնուհետև նա անդրադարձավ այն հանգամանքին, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը չանդրադարձավ Մաքսային միության անդամակցմանը. «Գազի հարցը, ՌԴ-ի կողմից Հայաստանին որոշումներ պարտադրելու ոճը նաև այն ոճն է, որով պարտադրվեց Մաքսային միությունը: Պարզ չէ՞ր, որ Ռոբերտ Քոչարյանը չի քննադատի, քանի որ կողմ է Մաքսային միությանը: Բոլոր երեք նախագահները կողմնակից են Մաքսային միությանը, ուղղակի ասում են` ես ավելի լավ կանեի, ավելի շատ կպոկեի Ռուսաստանից, մինչև 43 թիվը չէի տա»:
Հովհաննես Իգիթյանը անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի վարած կադրային քաղաքականությանը` շեշտելով որ այն անձանց, ում ինքն այժմ քննադատում է, նրանց ինքն է «մարդ սարքել». «Տիգրան Սարգսյանին ԿԲ տեղակալից ինքն է բանկի ղեկավար դարձրել, կամ Սյունիքի էլցանցի ղեկավարին` Արմեն Մովսիսյանին, բերեց դարձրեց էներգետիկայի նախարար: Եվ երբ Քոչարյանը նրան ասում է ` դու ապաշնորհ ես, նա համարձակվում է իր թագավորին պատասխանել»:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բարեփոխումները վերոնշյալ խնդիրների հետ վերջին շրջանում հաճախ են համադրվում, ներկայացվում որպես այն դաշտը, որտեղ կարող են ընդդիմադիր կեցվածքով ուժերը համախմբվել: ԲՀԿ-ական պատգամավորը այս համատեքստում էլ առիթը բաց չթողեց քննադատելու կառավարությանը և ասաց, թե՝ «Երբ մեկը մեկին չի վստահում, իր փողը կտա՞ պահելու»:
Հարցին, ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, չէ՞ որ ի վերջո վարչապետը նախագահի որոշմամբ է առաջնորդվում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Մենք քննադատում ենք այնտեղ, որտեղ պետք է: Կառավարությունն է տնտեսական քաղաքականություն իրականացնում, նախագահը արտաքին քաղաքականությունն է իրականացնում: Դուք կարող եք ինձ մեղադրել, թե ինչու այլ երկրի նախագահի ԲՀԿ-ն չի քննադատում: Մենք քննադատում ենք կառավարությանը և նրա ներկայացրած ծրագրերը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ