Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. «Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններից հանեց եվրաինտեգրման եզրը» (Տեսանյութ)

Հունվար 16,2014 15:35

«Արդյունքները բացասական են: Որեւէ բան չի եղել, մասնավորապես, մեր հարեւան պետությունների հետ փակուղին ճեղքելու առումով: Որեւէ զարգացում չկա նաեւ ներդրումների առումով: Անցած տարի դրանք ավելի քան երկու անգամ պակասել են: Մենք շարունակում ենք մնալ մեկուսացված, բոլոր հիմնական ուղղությունները շարունակում են շրջանցել Հայաստանը»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում նման եզրահանգում արեց ՀԱԿ քաղխորհրդի անդամ Վլադիմիր Կարապետյանը`խոսելով`ի՞նչ ենք արել մենք Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին`Հայաստանի, մեր երկրում ներդրումների ու հարեւանների հետ բարենպաստ հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ, ինչո՞վ  ենք բարձրացրել բնակչության մոտ անվտանգության զգացումը, ի՞նչ տնտեսական առաջընթաց ենք ունեցել, հարցերի շուրջ: Ավելին, ըստ բանախոսի, ԵՄ-ի եւ ՄՄ-ի հետ հարաբերությունների վերջին հստակեցումներն առաջիկայի համար բազմաթիվ մարտահրավերներ են նախատեսում:

Վլադիմիր Կարապետյանի խոսքով, հարեւան Վրաստանի հետ լարվածությունն ու չհասկացվածությունը, ցավոք, աճել են: Վերջին տարվա ընթացքում անգամ խախտվել է նախագահների հանդիպումների քսանամյա ավանդույթը: Վրաստանի նոր իշխանությունը ՀՀ իշխանությունների հետ հանդիպելու որեւէ ցանկություն չի հայտնել: Եվ առհասարակ, բանախոսի համոզմամբ, Վրաստանը հետաքրքրություն չունի Հայաստանի հետ հարաբերությունների խորացված զարգացման: Իսկ Հայաստանի եւ Վրաստանի`արտաքին քաղաքական դիրքորոշումների վերջին միտումներն առավել մարտահրավերներ են խոստանում:

Մանրամասները`տեսանյութում

Իրանի ուղղությամբ, թեեւ միջազգային հանրության եւ Իրանի վերջին զարգացումները բավական հուսադրող էին եւ Հայաստանը դրանցից պետք է օգտվեր, սակայն, բանախոսը որեւէ զարգացում չի տեսնում: Ավելին, տասը տոկոսի առեւտրաշրջանառության անկում է եղել: Իսկ Իրանի դեսպանի վերջին հայտարարություններն այն մասին, որ ՀՀ իշխանությունները վերջին տասը տարում Իրանի հետ գազային բանակցություններ չեն վարում, Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, խոսում է հավելյալ անվստահության մասին:

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման միտումներն առավել բացասական եւ հոռետեսական գնահատականների են արժանանում ՀԱԿ քաղխորհրդի անդամի կողմից: «Թուրքիայի հետ հարաբերությունների մակարդակում առավել փոխվստահության պակաս կա 2006-07 թվականների մակարդակում, երբ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն ինչ-որ հանդիպումներով փորձում էին պատրանք ստեղծել Արեւմուտքի համար, թե կա ինչ-որ մակարդակի շփումներ`կասեցնելով Ցեղասպանության ճանաչումը եւ Հայաստանի շրջափակման վերացումը: Նույն վիճակը հիմա է»,-ասաց բանախոսը`հավելելով, որ եթե այս առումով ՀՀ պետական իշխանության ներկայացուցիչների խուսափողական  կեցվածքը հասկանալի է`չեն ցանկանում Թուրքիայի ստի եւ կեղծիքների ջրաղացին ջուր լցնել, բայց անհասկանալի է Էդվարդ Նալբանդյանի համաձայնությունը`հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ Երեւանում, այն պայմաններում, երբ Թուրքիայի թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ շարունակվում է: Բանախոսի համոզմամբ, դա ՀՀ-ին ոչինչ չի տալու, բայց թուրքական կողմն օգտվելու է դրանից:

Նա նկատեց, որ հայ-թուրքական նախաձեռնություններից հետո ավելացել է ներմուծումը Թուրքիայից`200 միլիոնի ապրանք ներկրվել է Հայաստան, ընդամենը 1,5 միլիոնի արտահանվել: Դրանից, փաստորեն, շահել է Թուրքիայի տնտեսությունը, տուժել ենք միայն մենք:

ԼՂՀ հարցում Վլադիմիր Կարապետյանը նույնպես առաջընթաց չի տեսնում, անգամ երկտարյա ընդմիջումից հետո նախագահների հանդիպման փաստի առկայությամբ, քանի որ դեռեւս չկա համաձայնություն, թե ո՞ր փաստաթղթի շուրջ են բանակցում. ՀՀ-ն ցանկանում է վերադառնալ մադրիդյան սկզբունքներին, Ադրբեջանն առավել նպաստավոր պայմաններ է ցանկանում ստանալ`բանակցությունները շարունակելու համար:

«Շատ մտահոգիչ է նաեւ այն, որ ՀՀ իշխանությունները բազմիցս ստում են թե մեր հանրությանը, թե միջազգային հանրությանը»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը`հիշեցնելով Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ մեզ ոչ ոք չի հրավիրում ՄՄ, բայց Հայաստանը մի քանի ամիս անց հայտարարեց ՄՄ-ին անդամակցելու որոշման մասին: Նա չի բացառում, որ նույնը կատարվի նաեւ ԼՂՀ հարցում. «Իշխանությունները կարող են պնդել, որ որեւէ մտահոգություն չկա, ամեն ինչ իրենք վերահսկում են, բայց ցանկացած զարգացում կարող է տեղի ունենալ: Պետք է աչալուրջ լինենք եւ հետեւենք բոլոր զարգացումներին`հատկապես բարձր մակարդակի հանդիպումներին»:

Վլադիմիր Կարապետյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններից հանեց եվրաինտեգրման եզրը: Հայաստանում եվրաինտեգրումն այլեւս չի համարվում առաջնային:

Հայաստանի շտապողականությունը`ՄՄ-ին անդամակցության մասով, բանախոսի մոտ նույնպես որոշակի հարցեր է առաջացնում, հատկապես, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ իր համար զարմանալի է, թե ինչպիսի արագությամբ է Հայաստանը միանում այդ փաստաթղթերին: Ոչ դիվանագիտական լեզվով, ըստ բանախոսի, դա նշանակում է, որ ՀՀ իշխանություններին ինչ փաստաթուղթ ներկայացվում է, նրանք առանց լրացուցիչ բանակցությունների ստորագրում են, ինչը, իր համոզմամբ, շեշտակի կբերի Հայաստան ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը:

Նա մանավանդ մտահոգիչ է համարում Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի հայտարարությունը`որեւէ կապ չունեցող խնդիրը փորձել ներմուծել օրակարգ: Հիշեցնենք, խոսքը ԼՂՀ խնդրի մասին է եւ ամբողջությամբ չհամաձայնեցված ինստիտուցիոնալ հարցերի շուրջ: «Հասկանալի է: Նույնքան հասկանալի է ՀՀ իշխանությունների լռությունը: Հայաստանի շտապողականությունը`արագացված կարգով դառնալ Եվրասիական միության հիմնադիր անդամ, նույնպես պետք է բացատրվի»,- եզրափակեց բանախոսը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031