ՀՀ նախագահի աշխատակազմին կից վարչություններից մեկի աշխատակիցներ ներկայացող մի խումբ անձիք` իրենց ղեկավար Կարեն Վրթանեսյանի գլխավորությամբ, ս.թ. հունվարի 12-ի երեկոյան նախապես ծրագրավորված ծեծկռտուք են սադրել իրենց կողմից կանխավ ընտրված վայրում:
Այդ ընթացքում հիշյալ անձի մերձավոր օգնական` Կարեն Վրթանեսյանին պատկանող և նախագահականից ֆինանսավորվող «Զորակն» հիմնադրամի տնօրեն Հովհաննես Հարությունյանը դանակահարել է Գրիգոր Ամիրյանին` պատճառելով 13 սմ խորությամբ վերք և կտրելով արյունատար անոթը:
Իրականում, Կարեն Վրթանեսյանի գլխավորած խմբի հիմնական թիրախներն էին «Հայազնի» անդամներ Դավիթ Խոսրովյանը և Արմեն Մկրտչյանը: Գրիգոր Ամիրյանը տուժել է այն բանից հետո, երբ տեսնելով իր ընկերոջ` Դավիթ Խոսրովյանի վրա հարձակվող Հովհաննես Հարությունյանին, կանխել է այդ հարձակումը:
«Հայազնի» դեմ ընդհանրական և հասցեական թշնամանքի բազմաթիվ դրսևորումներ և հարցերը փողոցում քրեորեն լուծելու փորձեր նախկինում ևս եղել են, սակայն մինչ օրս նրանց չէր հաջողվել գործը ծեծկռտուքի հասցնել:
Կարեն Վրթանեսյանի և իր գլխավորած մերձիշխանական կիսագաղտնի կառույցի գործառույթներից մեկը քաղաքական մանկապղծությունն է՝ հայրենասիրական տրամադրություններ ունեցող երիտասարդների շրջանում՝ նրանց ապաքաղաքականացումը և իշխանական կառույցների հսկողության ներքո հավաքագրումը, տարատեսակ քարոզչական արշավները, որոնք իբր ավելի դրական վերաբերմունք պետք է ձևավորեն Սերժ Սարգսյանի ակնհայտ ապազգային իշխանության նկատմամբ: Նրանց այդ գործունեությունը հանդիպել է «Հայազնի» բնականոն քննադատական հակազդեցությանը:
Կարդացեք նաև
Մենք մտադիր ենք իրազեկել հանրությանը իր հարկերի հաշվին գոյություն ունեցող այդ կառույցի գործունեության ու կազմի վերաբերյալ: Կարեն Վրթանեսյանը վերջին շրջանում անթաքույց պարծենում է Վատիկանում ՀՀ դեսպանի ղեկավարած ինչ-որ օղակի աշխատակից լինելու հանգամանքով:
Հանդիպելով տուժողի ներկայացուցիչների հետ՝ Կարեն Վրթանեսյանը ոչ միայն որևէ զղջում չի ցուցաբերել, այլև ցինիկաբար հայտարարել է որ իր ընկերներից ոչ ոք ոչ մեկի չի դանակահարել:
Առայժմ մենք վստահ չենք, արդյո՞ք կատարվածը Կարեն Վրթանեսյանի անձնական անհավասարակշռության և ոչ համարժեքության արդյունք է, թե՞ պետական արտոնությամբ հերթական հատուկ գործողություն:
Կատարվածի և քննության մանրամասների մասին հանրությունը պարբերաբար կտեղեկացվի:
Հայազն կուսակցության մամլո ծառայություն