Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ռ. Քոչարյանի թիրախը հենց Սերժ Սարգսյանն է»

Հունվար 16,2014 15:02

«Տարին փակվեց, բարով-խերով ճանապարհ դրեցինք 2013 թվականը, բայց ՀՀ-ում ոչինչ չփոխվեց: Հասարակությունն այսօր վառելիքի, սննդամթերքի և բազմաթիվ այլ լուրջ խնդիրներ ունի: Եթե առաջ հասարակ քաղաքացին էր լքում երկիրը, ապա այսօր նաև մասնագետներն են դուրս գալիս Հայաստանից: Սա լուրջ խնդիր է, և այսօրվա ոչ իշխանությունները (ես նրանց իշխանություն ասել չեմ կարող. դա ամեն ինչ է, բացի իշխանությունից) ամեն ինչ անում են, որպեսզի հայաթափումը չկանխվի: Գուցե ինչ-որ ծրագի՞ր են իրականացնում: Ես արդեն սկսում եմ կասկածել, որ ամենայն հավանականությամբ թուրքական ծրագիր է իրականացվում Հայաստանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ արտահայտեց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը և հավելեց. «Մեր հայրենակիցները լքում են երկիրը, և այս ֆոնի վրա տարեմուտին ակտիվացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հիմա այդ հարցն է քննարկվում, թե ինչու ակտիվացավ: Ինչպե՞ս չակտիվանա. չէ՞ որ տեսնում է՝ երկիրը կործանվում է: Իհարկե, այդ կործանումը նրան այնքան չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է ավելի շատ, թե ինչ է լինելու Սերժ Սարգսյանից հետո. չէ՞ որ նա ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունը հանձնեց Ռ. Քոչարյանին, որպեսզի ոչ մի բանի՝ իրենց արածների ու չարածների համար պատասխան չտա: Իսկ եթե այսպես շարունակվի, սա արդեն վերջն է այս ամենի, դրա համար այդ մարդը պիտի իր մասին մտածի և արդեն առաջին իսկ քայլով ապացուցեց, որ ակտիվ ցանկություն ունի մտնելու քաղաքական դաշտ՝ չնայած վերջին օրերի մի քանի հրապարակումները (իմ կարծիքով, իշխանամետների հրապարակումները) նրան որոշակի փակուղու առջև կանգնեցրին: Խոսքս հատկապես այն հրապարակման մասին է, որտեղ 30-ից ավելի դիակներ ուղղակիորեն կապվեցին Ռ. Քոչարյանի անվան հետ՝ ասելով, որ նա է այդ սպանությունների կնքահայրը: Իհարկե, մինչ օրս ոչ մի արձագանք չի եղել, նրա մամլո խոսնակը դեռ ոչինչ չի ասել, բայց, համենայն դեպս, մամուլում ներկայացված մեղադրանքը հրեշավոր էր»:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ եթե սրան գումարենք մարտի 1-ի պետական ռազմական հեղաշրջումը, որ Ռ. Քոչարյանն իրականացրեց, «ապա նա լուրջ մտածելու խնդիր ունի: Ի՞նչ կլինի Ս.Սարգսյանից հետո նրա վիճակը: Միանշանակ, լավ չի լինի, նա դա գիտի, դրա համար էլ ակտիվացել է»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նա ցավով նկատեց, որ այս ամենի հետևում կանգնած է հայ ազգի անտարբերությունը: «Ես երկրագնդի վրա չգիտեմ ավելի համբերատար ազգ, քան հայերն են: Եթե, ասենք, ղրղզները լինեին, մի քսան անգամ արդեն նրան փոխել էին, բայց համբերատար հայ ազգը դեռ սպասում է, դեռ անուրջների մեջ է, դեռ պարտք է հավաքում, վազում է ոսկու շուկա՝ ամեն օր ոսկու գինը էժանացնելով Հայաստանում, որովհետև արդեն վերջին ոսկին է հանել վաճառքի, որ մի կտոր հացի խնդիր լուծի, բայց մինչև ե՞րբ: Հասել ենք եզրագծին, էլ շարժվելու, սպասելու հնարավորություն չունենք»,- ասում է բանախոսը:

Նա կարծում է, որ Ռ. Քոչարյանի գլխավոր թիրախը Տիգրան Սարգսյանը չէ. «Թվում էր՝ Քոչարյանի թիրախը օֆշորների մեծագույն մասնագետն էր (իհարկե, նա մասնագետ է ամեն ինչում, բացի տնտեսությունից, դրա համար էլ այսօր տնտեսություն չունենք), բայց արի ու տես, որ նա չէ, նա արդեն լուսանցքի մարդ է: Ռ. Քոչարյանի թիրախը հենց Սերժ Սարգսյանն է, դա տարեվերջի, այսպես ասած, դեղին քարտն էր, որ նա ցույց տվեց Սերժ Սարգսյանին: Եթե այսպես շարունակվի, նրա հաջորդ քայլը կլինի այն, որ պարտադրված կգա վարչապետ, որից հետո կամրապնդի դիրքերը, կաշխատի կանգնեցնել հայաթափումը, դրանից հետո էլ նախագահի ճանապարհը բաց է նրա համար»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Բանաստեղծ, նախկին քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանն էլ, համաձայնելով Գուրգեն Եղիազարյանի խոսքերին, հավելեց. «Սա միակ պետությունն է աշխարհում, որ իր ժողովրդին ասում է՝ դուք կմեռնեք, եթե մնաք ձեր հայրենիքում, սա միակ պետությունն է, որ հրամայում, թելադրում և պահանջում է լքել երկիրը: Այս աղետը բերեց նա, ով այսօր ափսոսում և զղջում է: Ո՞վ բերեց Ռ. Քոչարյանին վարչապետ, ի՞նչ գործ ուներ այս մարդն այստեղ, մի՞թե հայ նախարարների մեջ չկար մի արժանապատիվ մարդ, ում կարելի կլիներ նշանակել վարչապետ: Հրեշավոր ախորժակով եկավ Քոչարյանը, մխրճվեց իշխանության մեջ, թուլացավ իշխանությունը, ավելացավ նրա ուժը և դասական ձևով կարողացավ բերել յուրայիններին իշխանություն, և ահա իրավիճակը: Այսօրվա իշխանությանը իշխանություն կոչենք թե չկոչենք, այն կա, և ես ցավում եմ ոչ թե նրա համար, որ այն այդքան դաժան է, այլ նրա համար, որ ես այսօր անհամեմատ ավելի վատ եմ ապրում, քան սովետական բանտում, ավելի վատ եմ սնվում, քան սովետական զնդաններում, իմ ընտանիքը պարտքով է ապրում»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031