Այսօր՝ հունվարի 16-ին, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հյուրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Բժշկական համալսարանում ուսանողների հետ հանդիպումը, ըստ նախարարի, ավելի է կարեւորվում, քանի որ այստեղ են սովորում ռազմական բժիշկները:
Ներկաներին նախարարը ներկայացրեց բանակի զարգացման պատմությունը ընդհուպ մինչ օրերս եւ նշեց, որ հպարտորեն կարելի է խոսել, որ մեր բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է:
«Հաջողություններն ակնհայտ են, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ չէ, որ մեզ մոտ հարթ է ընթանում, ունենք նաեւ բացթողումներ, այդ բացթողումների շուրջ մենք սառնասրտորեն պլանավորում եւ որոշումներ ենք ընդունում, որպեսզի նրանց դեմ պայքար մղենք,- ասաց նախարարը եւ շարունակեց,-Ես կուզեի, որ հրամանատարական կազմը ավելի բանիմաց, իրենց փորձով, գիտելիքով ավելի արագ կարողանային ներդաշնակել, կոլեկտիվներ ստեղծել, համախմբել մեր զինված ուժերը»:
Նախարարը նշեց, որ պետական սուղ միջոցներով ամեն աշխատանք տարվում է բարելավելու բանակի որակը:
Կարդացեք նաև
Խոսելով ռազմական բժշկության մասին՝ նախարարը հիշեց, որ առաջին ռազմական բժիշկները քաղաքացիական բժիշկներ են եղել, հիմա արդեն պատրաստվում են մասնագետներ բժշկական համալսարանում: Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներին էլ հորդորեց, որ առաջին հերթին մասնագիտական կարողություններն են, որոնք բերում են մասնագիտական մեծ արժանիքներ եւ նաեւ համբավ:
Հանդիպման ընթացքում ուսանողներից մեկը պաշտպանության նախարարին խնդրանք-հարց ուղղեց. ուսանողն իր 13 ընկերների անունից ներկայացավ եւ ասաց, որ նրանք բանակից նոր են զորացրվել, բանակային երկու տարվա ընթացքում հասցրել են թերանալ, այժմ քննություններին դժվարությամբ են պատրաստվում, հնարավո՞ր է արդյոք, որ դասախոսները հիմա քննություններին նրանց ընդառաջեն: Նախարարը ժպտաց եւ դարձավ ռեկտորին. «Խնդրում եմ, ընդառաջեք», ռեկտորն էլ պատասխանեց՝ հնարավոր է:
Հանդիպման վերջում պարգեւատրվեցին բժշկական համալսարանի աշխատակազմի անդամներ, ռեկտոր Միքայել Նարիմանյանը Սեյրան Օհանյանին պարգեւատրեց բժշկական համալսարանի առաջին աստիճանի շքանշանով:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ