Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու է Ռոբերտ Քոչարյանը որոշել խոսել հենց հիմա

Հունվար 16,2014 14:03

Այդ հարցին են փորձում պատասխանել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ:

Արամ Աբրահամյան.– Այս տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը ներկայիս վարչապետի եւ նախկին նախագահի բանավեճն է: Մեր կառավարությունն ունի բազմաթիվ սխալներ, արատներ, որոնց մասին կարելի էր խոսել կես տարի, մի տարի, երկու եւ երեք տարի առաջ: Ինչո՞ւ երկրորդ նախագահը ցանկացավ քննադատել կառավարությանը հենց այսօր:

Գառնիկ Իսագուլյան.– Կարծում եմ՝ ընդհանրապես խոսք չի գնում բանավեճի մասին: Հիշեցնեմ, երբ խոսք էր գնում Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին, երկրորդ նախագահը հանդես եկավ հայտարարությամբ եւ պաշտպանեց իր ժամանակ արտգործնախարար աշխատած գործչին: Հիմա վարչապետը քննադատել էր մի շրջանի կառավարության գործունեությունը, այն ժամանակ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, ասել է, որ այդ շրջանում ինչ-որ փուչիկ է փչվել, որի պայթյունից տուժել է իր կառավարության գործունեությունը: Եվ Ռոբերտ Քոչարյանը, ամենեւին մտադրություն չունենալով տեսական բանավեճի մեջ մտնել Տիգրան Սարգսյանի հետ, պատասխան է տվել: Երկու դեպքում էլ Քոչարյանը տվել է հստակ քաղաքական գնահատական, այլապես Տիգրան Սարգսյանի ասածները պետք է ընկալվեին որպես բացարձակ ճշմարտություն:

Ռուբեն Մեհրաբյան.- Համաձայն եմ պարոն Իսագուլյանի արտահայտած մտքին, որ այստեղ չկա Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան բանավեճ: Այստեղ ավելի շատ կա ներկա իշխանություն եւ նախկին իշխանություն բանավեճի փորձ: Ընդ որում՝ երկու կողմն էլ, կարծես թե, անկեղծ չեն: Անդրանիկ Մարգարյանը ներկայիս Հանրապետական կուսակցության առանցքային դեմքերից մեկն էր, եւ եթե ներկա իշխող հանրապետական մեծամասնության կողմից նշանակված վարչապետը քննադատում է նույն կուսակցության առանցքային դեմքերից մեկին, ապա հենց կուսակցությունը, ըստ էության, պետք է պատասխանի: Եթե Քոչարյանը մեղադրում է բարոյական եւ ինտելեկտուալ դեգրադացիայի մեջ մի մարդու, որն իր հետ է աշխատել 10 տարի, այստեղ էլ ամեն ինչ չէ, որ հասկանալի է: Բացի դրանից, նա անդրադարձավ նաեւ հայ-ռուսական գազային պայմանագրերին, բայց, կներեք, Ռ. Քոչարյանի տարիներին սկսվեց մի պրոցես այդ գազային ոլորտում, ընդ որում՝ այն ժամանակվա էներգետիկայի նախարարն էլ շարունակում է աշխատել նույն պաշտոնում: Ներկա աբսուրդի կրիտիկականից այն կողմն անցած չափաբաժինը փորձում են բարդել նախկին իշխանության վրա: Մյուս կողմից՝ այս համակարգի հիմքերը դրվել են նախկին իշխանության օրոք, եւ ներկա իշխանությունը դրանց ուղղակի տրամաբանական շարունակությունն է:

Ա. Ա.– Համաձա՞յն եք, որ ներկայիս սխալների, բացթողումների արմատները անցյալում են:

Գ. Ի.- Այո, սխալներ եղել են ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ե՛ւ հիմա, բայց ամեն մի հաջորդը ոչ թե պետք է քննադատության թիրախ դարձնի ու իր անհաջողությունները վերագրի նախորդ իշխանություններին, այլ փորձի այդ վատ երեւույթները իր իշխանության ժամանակ վերացնել կամ ավելի նվազեցնել: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ ծանր ժառանգություն ստացավ՝ երկրաշարժ, կործանվող Խորհրդային Միություն, այդ ծանր պայմաններում ունեցանք հաղթանակ պատերազմում: Քոչարյանի ժամանակ բացթողումներ եղել են, սխալ կադրերի ընտրություն եղել է, բայց տնտեսական աճը երկնիշ էր, սա փաստ է, արտագաղթը կանգնում էր, ներգաղթի գործընթաց կար:

Ռ. Մ.- Քոչարյանի ժամանակ տնտեսական աճ կար տոկոսներով արտահայտված, դրա մասին վկայում է միջազգային կազմակերպությունների վիճակագրությունը. սա հարցի քանակական կողմն է: Բայց նաեւ հարցի որակական կողմը պետք է նայել. ի՞նչ տեղի ունեցավ Քոչարյանի իշխանության տարիներին. բյուրեղացավ քրեաօլիգարխիկ այն համակարգը, որը ներկայումս մենք ունենք, հայ- ռուսական հարաբերությունները հորիզոնականից վերածվեցին ուղղահայացի, գազատարը «բարակեց», հնարավոր այլընտրանքը Իրանի հետ փակվեց, «բարակած» գազատարը անցավ ռուսական սեփականությանը, էլեկտրաէներգետիկայի համակարգն էլ անցավ ուրիշի սեփականության: Մենք իրականում ունենք ողբալի պատկեր, մենք ունենք այսօրվա Հայաստանը, որին սեպտեմբերի 3-ին Պուտինը ջարդելով մտցրեց Մաքսային միություն, ինչի մասին, ի դեպ, չեն արտահայտվել նախկին նախագահներից ոչ մեկը: Այսինքն՝ այսօր վտանգված է նաեւ մեր ինքնիշխանությունը:

Բանավեճը վարեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Բանավեճն ամբողջությամբ

«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը և հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։  

Bac_2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031