Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թայֆաբազությունը»՝ կառավարման հիմնական սկզբունք

Հունվար 16,2014 13:55

Ձեր ժամանակը սպառվել է, պարոնա՛յք

Մտածում էի այս անգամ ներկա կամ նախկին պաշտոնյաներին չանդրադառնալ: Մտածում էի մի սիրուն բան գրել մտավորականի, իսկական մտավորականի` Լեւոն Խեչոյանի մասին:

Մի մարդու, ով 90-ականներին գրիչը մի կողմ թողեց ու կամավոր կռիվ գնաց՝ իբրեւ երկրի շարքային զինվոր: Մի մարդու, ով երբեք չթմբկահարեց իր կռված լինելը, այլ զինադադարից հետո նորից վերադարձավ իր գրականությանը: Մի մարդու՝ մտավորականի՛, ով ոչ թե այլոց նման հորթային հրճվանքով տրտինգ տվեց պսպղուն մեդալի փայլից, այլ արժանապատվորեն հրաժարվեց՝ ասելով, թե ինքը չի կարող պարգեւ ընդունել այն ժամանակ, երբ իր եղբայր ազատամարտիկները նստացույց են անում: Մտավորական, ով ոչ մի անգամ իշխանության փեշը չքաշեց, ամպհովանի չպահեց ոչ մեկի գլխին, ով չվախեցավ երբեք իր սուր խոսքը ասել, բայց եւ չհայհոյեց…

Սա ու մտավորականի եւ իր ժամանակի մասին պիտի լիներ նյութս: Սակայն…
Սակայն չեն թողնում:

Ներկա ու նախկին իշխանավորներն իրենց գզվռտոցով, իրար արժանի բառապաշարով ու իբր բանավեճով՝ չեն թողնում: Ի՞նչ են ուզում ապացուցել: Ավելի ճիշտ՝ ի՞նչ կարիք կա փորձել ապացուցել, թե ով է լավ, ով վատ, երբ ոչինչ չի փոխվել, ըստ էության:
Բայց սա՝ Քոչարյան-Սարգսյան (Սարգսյաններ) գզվռտոցն (կամ դրա իմիտացիան) էլ չէ իմ այսօրվա թեման, այլ պետության կառավարման այն սկզբունքը, որի համառոտ բնութագիրը ոչ հայերեն «թայֆաբազություն» բառն է: Խոսքս մերկապարանոց չէ, նման բնութագիր տալու համար կա կոնկրետ ապացույց: Ահա այն.
Կառավարության հունվարի 9-ին կայացած նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի վերաբերյալ նախապես ներկայացվել է կառավարության բացասական կարծիքի նախագիծ: Մի կողմ թողնեմ այդ օրինագծին իմ եւ այլ փորձագետների վերաբերմունքը: Խոսքս այլ բանի մասին է. Տիգրան Սարգսյանն առաջարկել է եւս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել օրինագիծը: Եվ գիտե՞ք, թե ինչու. «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ, եւ կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք եւ փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»,- ասել է նա (տե՛ս ՀՀ կառավարության կայքում):

Հասկացա՞ք: Կարեւոր չէ՝ այդ նախագիծը օգտակա՞ր է, վնասակա՞ր է, ընդունելի՞ է, թե՞ անընդունելի: Կարեւորը, ըստ մտքի սույն գիգանտի, «թայֆաբազությունն» է: Այսինքն՝ եթե նախագիծը ներկայացրած լինեին, ասենք, ՀԱԿ կամ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները՝ այն անմիջապես բացասական եզրակացություն կստանար, ինչպես եղել է բազմիցս (ես, համենայնդեպս, չեմ հիշում մի դեպք, որ կառավարությունը դրական եզրակացություն տված լինի ընդդիմության ներկայացրած որեւէ նախագծի), իսկ, այ, «կուսակից գործընկերներին» նեղացնել չի կարելի: Ու այս «թայֆաբազական» մտածելակերպով անձը արդեն քանի տարի վարչապետի պաշտոն է զբաղեցնում:

Հիմա հարց տամ. եթե վաղը «կուսակից գործընկերները» մի օրինագիծ ներկայացնեն, ըստ որի՝ վարչապետն ամեն առավոտ պետք է գլխով երեք անգամ հարվածի աշխատասենյակի պատին, իսկ օգնականն էլ հաշվի արձագանքները (ոչ պատի, պատը մոնոլիտ է՝ արձագանք չի տա, կարձագանքի դատարկ բանը), կառավարությունը պիտի հավանությո՞ւն տա դրան կամ՝ նորից քննարկի հեղինակների հետ՝ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու համար (ասենք՝ խնդրելով, որ գոնե երեք անգամի փոխարեն երկու անգամ հարվածի, իսկ արձագանքներն էլ հենց ինքը հաշվի, որ ուրիշ մարդիկ չիմանան դատարկության չափը): Դե, հո չի՞ կարող նեղացնել «կուսակից գործընկերներին»:

Իսկ եթե ընդդիմադիր պատգամավորները մի օրինագիծ ներկայացնեն, որը կխթանի, ասենք, միջին գործարարության զարգացումը, ինչին սույն կառավարությունն այդպես էլ չի հասել, պետք է մերժել, իհարկե: Չէ՞ որ դա կհարվածի «կուսակից գործընկեր» օլիգարխ պատգամավորների շահերին…

Դե հիմա ասեք՝ «թայֆաբազությյունից» բացի՝ ուրիշ ո՞նց բնութագրել նման աշխատաոճը:
– Իսկ վերը հիշատակված «գզվռտո՞ցը»,- կհարցնեք դուք:- Դրան ինչո՞ւ չանդրադարձար:
Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի, հայ ժողովրդի ու մեր ապագայի հետ: Դա նույն՝ «թայֆեքի» գզվռտոց է (կամ գուցե դրա իմիտացիա)՝ թալանի բաժնին տիրանալու կռիվ: Ահա թե ինչու իրապես մտահոգ մարդիկ այդ կռվին միայն քմծիծաղով են հետեւում եւ ասում. «ձեր ժամանակը սպառվել է, պարոնա՛յք Սարգսյաններ, Քոչարյան ու «կուսակից գործընկերներ», եւ իսկը պահն է, որ միասին էլ՝ ողջ «թայֆով» լքեք ասպարեզը…»:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031