Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկամյա դստեր համար ծնողների պայքարն ավարտվեց հօգուտ մոր

Հունվար 16,2014 13:49

Մեկ տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո նրա մոր՝ Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ էր առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում: Այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու՝ Սարգիս Ղոնյանի ընտանիքին: Հետծննդյան փսիխոզը Գեղանուշ գյուղում բնակվող ամուսինների բաժանման պատճառ դարձավ. Սարգիսը, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Մելինեն, իրեն չէր այցելում, չէր հետաքրքրվում առողջությամբ: Մելինեի տառապանքներին գումարվել էր եւս մեկը՝ «զրկվել էր» դստեր հետ ապրելու հնարավորությունից. շաբաթվա մեջ 1-2 անգամ այցելում էր ամուսնու բնակարան ու մի քանի ժամով շփվում երեխայի հետ: Կազդուրվելուց հետո էլ ամուսինը չէր ցանկանում Մարիամիկին տալ մոր խնամքին՝ պատճառաբանելով, թե կինն ի վիճակի չէ երեխային «տիրություն» անել: Իսկ փոքրիկ Մարիամիկը, ինչպես Մելինեն պատմեց, մոր հետ տեսակցելուց, զբոսնելուց ու շփվելուց հետո ամեն անգամ մորը հրաժեշտ տալիս ժամերով լաց էր լինում. «Փեշիցս չէր պոկվում, ինձ բաց չէր թողնում»:
Մոր եւ 1-ամյա դստեր այս տանջանքները մեկ տարուց ավելի ձգձգվեցին: Մելինե Գրիգորյանը դիմել էր դատարան` պահանջելով երեխայի խնամքն իրեն տալ:
Մենք 26.09.2013 թվականի` «Մեկ տարեկան Մարիամիկը օրերով մորը չի տեսնում» հրապարակմամբ անդրադարձել էինք այս խնդրին: Դեռ նախորդ տարի էր դատարանը դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություններ նշանակել, որից հետո դատական գործընթացը պետք է վերսկսվեր ու վերջնական վճիռ կայացվեր: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին վերջապես փորձաքննություններն իրականացվեցին, բայց մինչ եզրակացությունը տրվեր եւ դրա հիման վրա դատարանը որոշում կայացներ, Մելինեի տանջանքներն ու սպասումները բազմապատկվել էին, եւ միայն հույսը, որ դստեր հետ ապրելու հնարավորություն կունենա, փոքր-ինչ մեղմացնում էր մոր վիճակը:
Նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց, թե որտեղ պետք է բնակվի փոքրիկ Մարիամիկը, ըստ դատավճռի` Մարիամ Սարգիսի Ղոնյանի բնակությանը վայրը որոշել մոր` Մելինե Գրիգորյանի բնակության վայրում:

Հիմա Մելինե Գրիգորյանը, ինչպես ինքն ասաց` ամենաերջանիկ մայրն է. աշխատելու մտադրություն չունի. «Հլը կարոտս առնեմ երեխայիցս, չեմ ուզում մի վայրկյան բաժանվեմ իրանից»:

Վերջերս էլ Մարիամիկի հայրը՝ Սարգիս Ղոնյանը, այցելել էր դստերը: Մելինեի մոր` տիկին Մելանյայի պատմելով` «Եկել էր ասում էր՝ երեխուն տվեք, տանեմ մի քիչ պահեմ, բայց չտվեցինք, հազիվ ենք տուն բերել: Ասացի՝ մեր բարեկամներն ամեն օր գալիս են երեխային տեսնելու, թող մի որոշ ժամանակ անցնի, կգաս կտեսնես, կտանես: Մի քիչ ջղայնացավ, բայց հետո ոնց որ թե հասկացավ ու թողեց գնաց»:

Երեխայից նորից բաժանվելու վտանգ Մելինեն չի զգում, կարծում է, որ ամուսինը դժվար թե դիմի Վերաքննիչ դատարան` բողոքարկելու: Իսկ ներկայումս ամուսնալուծության հայցն է դատարանում, որի վճռից հետո էլ վերջնականապես պարզ կլինի, թե հայրը ինչ պայմաններով կկարողանա տեսակցել դստեր հետ:

«Հիմա ես շատ լավ եմ, լրիվ առողջ եմ ինձ զգում, մեկ-մեկ գնում եմ բժշկիս մոտ` խորհրդակցելու, իրեն տեսնելու, բայց ընդհանուր ես լավ եմ. ոնց կարամ վատ լինեմ, եթե Մարիամիկս հետս է»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ արձագանքման խմբին

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031