Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորցի 82-ամյա կինը տիկնիկներ ու արվեստի գործեր է ստեղծում

Հունվար 16,2014 13:50

Նա արդեն ութ տարի է` քաղցը հագեցնում է ճաշարանում

Վանաձորցի Սահարգյուլ Թաթոյանն արդեն ութերորդ տարին է` օրական մեկ անգամ սնվում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում Վանաձորում գործող ճաշարանում:

Նա ասում է, որ սոցիալական ծանր վիճակն ինքնին դրդում է իրեն եւ կարիքի մեջ գտնվող այլ մարդկանց օգտվելու նման հնարավորությունից:

«Պատահական իմացա, ինձ նման մի կին էր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է 82-ամյա Սահարգյուլը:

Ամեն առավոտ` տան մաքրությունն անելուց ու իրեն կարգի բերելուց հետո, նա դռան այն կողմն է թողնում բնակարանի ցուրտ պատերն ու լավ տրամադրությամբ շտապում ճաշարան, որտեղ բացի սննդի ախորժելի հոտից` իրեն են սպասում տարեկից ընկերուհիները:

«Գալիս ենք այստեղ, ուտում, զրուցում իրար հետ, իրար մասին տեղեկանում, պատմում, թե ինչ ենք արել, համ էլ երգում ենք, ասմունքում, օրը հետաքրքիր է անցնում»,- ճաշարանում իր առօրյայի մասին է պատմում 82-ամյա կինը` նկատելով, որ ինքը միշտ էլ շփվող է եղել:

«Առանց մարդկանց հետ շփման` կյանքս չեմ պատկերացնում»,- ասում է նա` հիշելով այն ժամանակները, երբ ընտանիքի բոլոր անդամներով հացի էին նստում:
Այժմ, սակայն, ընտանիքում միայն ինքն ու հարսն են. որդին տարիներ առաջ գնացել է Ռուսաստանի Դաշնություն, ու մինչ օրս նրանից նորություն չունի:
Տան հոգսը հարս ու սկեսրոջ վրա է ընկած:

Ամսական 27.000 դրամ թոշակն ու հարսի ստացած չնչին աշխատավարձը ձմռան այս օրերին հազիվ բավականացնում են կարտոֆիլով ճաշ եփելու ու երեկոները քնելուց մի փոքր առաջ տունը տաքացնելու համար:

«Ցերեկները չեմ վառում, փայտ ենք առել, դա պահում եմ, որ հարսս գործից գա, ինքն էլ տաքանա, իրար հետ տաքանանք»,- ասում է տիկին Սահարգյուլը:
Ու մինչ տիկին Սահարգյուլի հարսը տուն կմտնի, նա բնակարանի խարխուլ ու ցուրտ պատերի ներսում` մի անկյունում նստած, արվեստի գործեր է ստեղծում:
Ասում է, որ շնորհքը ծնողներից է փոխանցվել, ինքն էլ մանկուց զբաղվել է դրանով:
«Աստված է ինձ այս շնորհքը տվել, տիկնիկներ եմ սարքում, հելյունով գործում, շյուղագործությամբ էլ եմ զբաղվում, նկարում եմ, նաեւ բանաստեղծություններ եմ գրում»,- հերթով իր կատարած աշխատանքներն է ցուցադրում 82-ամյա կինը` նկատելով, որ եթե կարողանա դրանք վաճառել, գոնե այդպես կհոգա առօրյա հոգսերը:
Նրա ցանկությունների մեջ առանձնանում են բնակարանը բավականաչափ տաքացնելը, մի քիչ փող ու տաք մուշտակ ունենալը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031