Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանի գործը պետք է շարունակվի

Հունվար 16,2014 13:10

Հարցազրույց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, լուսահոգի Արմեն Մազմանյանի արած գործը, տեսակը:

– Ինձ կողքից է միշտ տեսանելի եղել այն, ինչ արել է Արմենը: Ես այստեղ չեմ ապրում, չեմ կիսում որեւէ մեկի կարծիքը, ես ասում եմ այն, ինչ տեսել ու զգացել եմ:
Այն հանձնաժողովը, այն պատկան մարմինները, ովքեր պատասխանատու են նոր ռեկտոր նշանակելու համար, պետք է փորձեն ընտրել մեկին, ով ունի պատրաստակամություն շարունակելու այն ուղին, որի սկիզբն ու ընթացքը դրել է Արմենը, այլապես բուհը նախկինի պես կմնա տեղում եւ զարգացում չի ապրի:

-Այս օրերին ամենից տարածված հարցադրումը թերեւս Մազմանյանի տեսակի, նրա հետ կապված հուշերի մասին է: Ինչպե՞ս եք ծանոթացել նրա հետ, ինչպե՞ս մտերմացաք:

-Ինչ-որ մշակութային իրադարձություն էր Կիեւում, ես վերջին պահին մտնում եմ ներս, եւ մեկը բեմում ռուսերենով հրաշալի խոսում է: Միջանցքում սպասեցի, որ տեսնեմ նրան, ասացի, որ հրաշալի է խոսում, որ հաճելիորեն զարմացած եմ եւ որ այսուհետ ուղղակի իմ ընկերն է: Այդպես ծանոթացանք…

Ոնց որ սեր լիներ առաջին հայացքից (ժպտում է): Այդ տպավորությունը չփոխվեց. ես ուղղակի հետեւել եմ նրա գործունեությանը ինստիտուտում՝ ամեն բան մտածված, նախագծված, շատ պինդ ու խիստ:

Բոլորը չէ, որ սիրում էին Արմենին… Ինքը յուրահատուկ էր՝ տարբեր դրսեւորումներով: Կնոջը՝ Նինային, մի անգամ կատակով հարցրի՝ ոնց ես դիմանում դրան…Ասաց՝ Արմենի հետ երբեք չես ձանձրանա, եւ դա միանշանակ էդպես էր: Նա միանգամից ներս էր կլանում գաղափարը, արագ հաշվարկում իրագործման տարբերակները…

Շատ տեղերում տարբեր հակասական կարծիքներ եմ լսել նրա մասին, դրանք ինձ երբեք չեն հետաքրքրել, որովհետեւ ես հստակ կարծիք եմ ունեցել ռեկտոր Արմենի, ռեժիսոր Արմենի եւ մարդ Արմենի մասին:

Մի անգամ միասին մոտենում ենք ինստիտուտին, բակում ուսանողներ են կանգնած՝ ձեռքները՝ գրպաններում: Նայեց ուսանողներին ու գոռաց.
«Չհասկացա՝ էս ինչ ձեւ է, էս ո՞նց եք կանգնում ինստիտուտի դիմաց: Ձեռքներդ գրպաններո՞ւմ… Դուք ո՞վ եք… Ապագա արտիստնե՞ր: Արագ հանեք ձեռքներդ գրպաններից»:

Ես զարմացած նայեցի նրան, ինքս չէի կարող նման բան ասել: Նայեց ինձ, ասաց՝ Ռոման, էս ուղղակի շենք չի, էս տաճար է, իրենք իրավունք չունեն իրենց էսպես պահելու: Ես ինքս էդ համոզմունքին էի, բայց այդ կարգավիճակում կլռեի… Լավ էր, որ կար մեկը, ով լռելու սովոր չէր:

Էն փոփոխությունները, որ ինքն արել է ինստիտուտում, միայն պողպատե նյարդեր ունեցող մեկը կարող էր, ո՛նց ուղղեց ինստիուտի ղեկը՝ ինչպես, ուր… Եվ իր մարդիկ, ում իր հետ բերել է, ովքեր նրա ամեն շարժումից հասկանում էին իրեն ու ամեն բանի միջով անցնում էին իր հետ, հրաշալի գործում էին միասին:

Աստված մի արասցե, որ նոր ռեկտորը չշարունակի էդ ուղին, չընկալի իր թիմին: Նորը պետք է շարունակողը լինի՝ իր նոր գաղափարներով:

Էնպես որ, Արմենի կորուստը միայն ընկերոջ կորուստ չէր, հեռացավ պայծառ ստեղծագործական մտքով մեկը, ով իր ոլորտում ամեն բանի ձեւն ու միջոցը հստակ գիտեր: Նրանից հետո մնաց մազմանյանական ոգին, իր պես եռանդուն ու ստեղծագործ թիմն ու ուսանողները, ովքեր դեռ չեն համակերպվում կորստին:

-Գիտեմ, որ բացի գործնական շփումը («Հայ Արտ սինեմայի» եւ ԵԹԿՊԻ համատեղ իրականացրած Կինոռեժիսուրայի բարձրագույն կուրսերի ծրագիրը) հաճախ միասին առանձնանում էիք զրուցելու: Ի՞նչ նոր գաղափարներ, մտքեր ուներ Արմեն Մազմանյանը, որոնք հատկապես կենսական ու կարեւոր են թվում Ձեզ:

– Վերջին զրույցի ժամանակ շատ նոր գաղափարների մասին է խոսել (դեկտեմբերի 28-ին): Հատկապես մեկն իր սրտով էր շատ ու ուզում էր անպայման իրականացված տեսնել: Նոր ուսանողական կինոփառատոնի մասին է խոսքը, որն անցկացվելու էր ոչ Երեւանում: Այդ փառատոնն իր ստեղծագործական թիմի եւ ուսանողների հետ համատեղ մշակվող բան էր, նպատակը մի տեղ հավաքելն է աշխարհի երիտասարդներին եւ ամեն տարի Հայաստանի ինչ-որ քաղաքում իրագործելն է:

Այդ փառատոնն, իր խոսքով, ուղղակի փառատոն չէր, այլ «որոնում», որը նոր կինոյի, նոր մտքերի, նոր «Հրանտ Մաթեւոսյանների» հարթակ էր դառնալու: Սա մեծ հնարավորություն կլինի հայ երիտասարդների համար՝ եւ փորձի փոխանակմանը, եւ նոր աշխարհայացքի ձեւավորմանը նպաստող: Աստված տա՝ Արմենի հետ այս գաղափարը չմարի, հետաքրքրվեն համապատասխան եւ պետական, եւ մասնավոր կառույցները:

Ուներ մի ուրիշ նպատակ, որի վրա սկսել էին աշխատել՝ կապված ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական դպրոցների հավաքի հետ… Եվ էլի շատ գաղափարներ ու ծրագրեր, որոնք որպես հայ ինձ համար շատ կարեւոր են մշակութային զարգացման տեսանկյունից:
Ինքն ուղղակի նստած չէր պաշտոնական աթոռին, ինքը հպարտանում էր այդ տեղով: Շատ էր անհանգստանում իր ստեղծագործականի համար, իր թատրոնի համար, բայց, զբաղեցնելով ռեկտորի պաշտոնը, արդեն «իր ձեւով» էր առաջ տանում ապագայի արտիստներին: Ա՛յ այդ «իր ձեւով»-ն ինձ շատ էր դուր գալիս:

Նորից ինձ թույլ կտամ ասելու, որ իմ իրավունքը չի խոսելու հաջորդի մասին, բայց չեմ կարող չնշել, որ Արմենի սկսածը պետք է շարունակվի: Սա իմ մեծ ցանկությունն է:
Ես այս ցավալի օրերին տեսա ուսանողների լացող դեմքերը, մազմանյանական շունչն ու բնավորությունը, որ իրենք ժառանգել են: Դա հրաշալի է, եւ հիասթափեցնել այդ ուսանողներին՝ ուղղակի չի կարելի:

Նորը պետք է այդ սկզբունքները որդեգրի: Եվ թող այդ երազանք-փառատոնն էլ դառնա իրականություն, որը ոչ մի կերպ չի վնասում, այլ հակառակը՝ նպաստում է կայացած փառատոներին, որոնցից մեկը իր տեսակի մեջ տարածաշրջանում չկրկնվող «Ոսկե ծիրանն» է: Կյանքը շարունակվում է: Հուսանք՝ ինստիտուտին սպասվում են այնպիսի լավ ու բեղուն օրեր, ինչպիսին Արմենի ժամանակ էին:

Զրուցեց ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031