«Ռոբերտ Քոչարյանը չի ներում այն մարդկանց, որոնց, իր կարծիքով, ինքն է մարդ սարքել: Նա է կառավարություն բերել Արմեն Մովսիսյանին, Տիգրան Սարգսյանին՝ ԿԲ: Չի կարողանում ներել, որ հիմա նրանք համարձակվում են իրեն քննադատել, երբ ժամանակին թագավոր էին ասում նրան»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
Նա նշեց,որ գազի հետ կապված որոշումները, ի վերջո, խոշոր հաշվով ոչ կառավարության ղեկավարինն են, ոչ էլ նախարարինը. «Դրանք նախագահի որոշումներն են, բայց քննադատել Սերժ Սարգսյանին՝ անիմաստ է: Ես իրենց համարում եմ թիմակից, և չեմ կարծում, որ ինքը պետք է քննադատի Սերժ Սարգսյանին»:
Պարոն Իգիթյանը չի ընդունում Քոչարյանի այն ոճը, որ «ինքն իր համար հարցեր է գրում, պատասխաններ տալիս, թող գա նստի, բանավիճի»:
ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը Ռոբերտ Քոչարյանի անդրադարձը համարում է «մտահոգ մարդու անդրադարձ»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին պարոն Իգիթյանն ասաց. «ՀՀ-ում մեկ ձև կա իշխանության վերադարձի: Դու պետք է գնաս Սերժ Սարգսյանի մոտ ու ասես, որ ոնց որ ես քեզ ապահովեցի մի քանի տարի առաջ ընտրությունները, այդպես էլ քո հերթն է ինձ օգնել դառնալ նախագահ: Բայց ես Սերժի աչքերից չեմ տեսնում, որ ինքը պատրաստ է այսօր հեռանալ: Եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է դառնալ վարչապետ, ինքը պիտի գնա Բաղրամյան 26, կամ Սերժ Սարգսյանի դաչա, ու ասի, որ ուզում է վարչապետ դառնալ: Եթե Ռոբերտ Քոչարյանն ուզում է դառնալ նախագահ, պիտի մեկ տարի առաջ գնա Սերժ Սարգսյանի մոտ ու ասի, որ իրեն նշանակի վարչապետ, որպեսզի հասցնի տիրել վարչական ռեսուրսին»:
ԲՀԿ-ական պատգամավորը բացառեց այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձով ցանկություն կա ընդդիմադիր դաշտը ակտիվացնելու:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ