Հունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցությունները: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:
Երկուստեք կարևորվեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:
Որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն՝ ընդգծվեց նաև առաջիկայում ուժի մեջ մտնող համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»:
Մտքերի փոխանակում տեղի ունեցավ նաև միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ