«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը նամակ է գրել Երևանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե արդյոք ճի՞շտ է, որ Տերյան փողոցը կամ դրա մի հատված վերանվանվել է։
Հեքիմյանը 2014թ. հունվարի 8-ին Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության ղեկավար Գևորգ Բաղդասարյանից ստացել է պատասխան, որ Տերյան փողոցը կամ դրա որևէ հատված չի վերանվանվել։ Պատասխանում նշվում է, որ «Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2013թ. մարտի 26-ի հ.233–Ա որոշմամբ ստեղծված պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի 100-ամյակը նշելու հոբելյանական հանձնաժողովի առաջարկությունը՝ Երևանի ավագանին 2013թ. սեպտեմբերի 10-ին որոշում է ընդունել Անտոն Քոչինյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին, համաձայն որի՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան փողոցից սկսվող Զաքյան փողոց, անվանակոչվել է պետական, կուսակցական գործիչ Անտոն Քոչինյանի անվամբ»։
Այս փողոցը, ըստ էության, դեռ գոյություն էլ չունի, քանի որ այդ փողոցի ընդամենը մի մասն է դեռ պատրաստ՝ Ամիրյան փողոցի կողմից, իսկ Արամի փողոցի հատվածում այն փակ է, և դժվար է ենթադրել անգամ, թե երբ կավարտվի դրա կառուցապատումը։ Բայց Երևանի ավագանին շտապել է այդ կիսակառույց փողոցն անվանակոչել Անտոն Քոչինյանի անունով, իսկ քաղաքապեւո Տարոն Մարգարյանը ստորագրել է ավագանու որոշումը՝ դրանով հավաստելով իր համաձայնությունն ընդունված որոշման հետ։
Չբավարարվելով քաղաքապետարանի այս պատասխանով՝ Կարեն Հեքիմյանը հունվարի 14-ին նոր նամակ է գրել Գևորգ Բաղդասարյանին, խնդրելով պարզաբանել, թե ո՞ր պետության և ո՞ր կուսակցության գործիչ է հանդիսացել Անտոն Քոչինյանը, և ո՞ր պետությունների և ո՞ր կուսակցությունների գործիչները քաղաքապետարանի չափանիշներով՝ կարող են համարվել արժանի, որպեսզի իրենց անուններով Երևանում անվանակոչվեն փողոցներ։
Կարդացեք նաև
Չենք ցանկանում քննարկել հարցը՝ արդյոք ՀԿԿ առաջին քարտուղար Անտոն Քոչինյանն այն մա՞րդն է, ում անունով կարելի էր անկախ Երևանի մայրաքաղաք Երևանում փողոց անվանակոչել։ Ի վերջո, Երևանում կան կոմունիստական վարչակարգը ներկայացնող այլ գործիչների անուններով փողոցներ ևս։ Խնդիրն ավելի պարզ է. Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայրը՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պայքարել է այդ վարչակարգի դեմ, այդ վարչակարգի օրոք հետապնդվել է իր հայացքների և գործունեության համար, ձերբակալվել և ազատազրկվել։ Հիմա նրա որդին հորն ազատազրկման դատապարտած գործչի անունով փողոց է անվանակոչում։
Ուշագրավ է, որ ավագանու որոշումն ընդունվել է 2013թ. սեպտեմբերի 10-ին, Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց: Շատերը հակված են համարել, որ ՄՄ-ն նոր Խորհրդային Միություն է եւ նախկինի շարունակությունը: Եթե դա այդպես է, ապա Անտոն Քոչինյանի անունով փողոցի գոյությունն ուղղակի անհրաժեշտություն է:
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը`masis.tv-ից
Որքան մակերեսորեն եք մտածում:Մի կողմ դնելով այն փաստը, որ Ա.Քոչինյանը և լավ հայ է եղել , և անուրանալի ծառայել է իր ժողովրդին, ասեմ՝ ի՞նչ կապ ունեն Ա. և Տ. Մարգարյանները խնդրո առարկայի հետ: Եթե Տարոնը չլիներ քաղաքապետը՝ ուրեմն կարելի՞ է փողոցն անվանակոչել Քոչինյանի անունով:Տարոնն այստեղ Ավագանու որոշումն է վավերացնում:Կոմունիստ չեմ եղել, չեմ էլ ձգտել լինել, ավելին՝ աքսորականի թոռ եմ, բայց պատմությունը ցույց է տվել, որ հայ ժողովուրդը նաև ազգին նվիրյալ կոմունիստ զավակներ է ունեցել:Շատերի կողքին կանգնած է նաև Ա.Քոչինյանը:Էս ձեր անկախ պետության ղեկավարները Քոչինյանի կես տոկոսի չափ ծառայություն մատուցե՞լ են հայրենիքին: