Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական շահերի սպասարկման նպատակով ՀՀԿ-ում բաժանարար գծեր անելու փորձերն արդյունավետ չեն». «Առաջին լրատվական»

Հունվար 16,2014 10:44

 «Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը:

Պարոն Նիկոյան, ինչո՞ւ են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը հիշել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Եվ` Ձեր կարծիքով, վարչապետ Տիգրան Սարգսյանին քննադատելիս ինչո՞ւ են շրջանառում Ա. Մարգարյանի անունը:

– Նախ սկսեմ նրանից, որ այն, ինչ տեղի ունեցավ տարվա վերջին և շարունակվում է մինչև հիմա, ինձ համար անակնկալ չէր և ամբողջովին սպասելի էր: Անցած տարի ես հրապարակավ մի քանի անգամ նշել եմ, որ մինչև 2018թ. ընտրությունները ներքաղաքական գործընթացների առանցքում լինելու է վարչապետի պաշտոնի շուրջ պայքարը: Այս գործընթացներն ու քննադատությունները ես դիտարկում եմ հենց այդ տեսանկյունից: Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, և Սերժ Սարգսյանը պաշտոնավարելու է մինչև 2018թ.: Եվ բոլոր այն թեկնածուները, ովքեր ունեն նախագահի և վարչապետի հավակնություններ, բնական է, որ հիմա պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը, որպեսզի կարողանան ստանալ վարչապետի պաշտոնը:

Մինչև ընտրություննե՞րը ստանան վարչապետի պաշտոնը:

– Այո՛, քանի որ նպատակը 2018թ. ընտրություններում հաջողություն ունենալն է: Բայց անդրադառնալով նախորդ հարցին՝ ուզում եմ ասել, որ ինձ համար բավականին տհաճ էր լսել, որ Ա.Մարգարյանի անունը շոշափելով՝ կարծես թե փորձ էր արվում ազդել ՀՀԿ-ականների գոնե այն հատվածի վրա, որոնք եղել են նրա ընկերները: Ես ինձ համարում եմ Ա. Մարգարյանի ընկերը: Շատ իզուր էր այդ դաշտը մտնելու փորձը: Անիմաստ են այն քայլերը, որ ոմանք ուզում են Ա. Մարգարյանին պաշտպանել ՀՀԿ-ից: Ակնհայտ է, որ ՀՀԿ-ն, ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանն ու վարչապետ Տ. Սարգսյանն այս ամբողջ տարիներին առավելագույնս հարգել են Ա. Մարգարյանին, նրա հիշատակը, ընտանիքին ու նրա արած գործը: Եվ կարծում եմ, որ քաղաքական շահերի սպասարկման նպատակով ՀՀԿ-ում բաժանարար գծեր անելու փորձերը ոչ միայն ճիշտ չեն, այլև անարդյունավետ են: Խորհուրդ եմ տալիս չմտնել այդ դաշտը: Եվ թող որևէ մեկը չփորձի Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ:

Ռ. Քոչարյանի ամենամտերիմ գործիչներից Գառնիկ Իսագուլյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ՀՀԿի հատկապես հին անդամներն ու Ա. Մարգարյանի որդին՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պետք է հակադարձեին Տ. Սարգսյանին: Չե՞ք գտնում, որ ասուլիսի ժամանակ Տ. Սարգսյանի՝ Ռ. Քոչարյանի նախագահության և Ա. Մարգարյանի վարչապետության տարիներին վերաբերող մեկնաբանություններին ՀՀԿականները պետք է հակադարձեին:

– Ես լսել եմ Գ. Իսագուլյանի այդ հայտարարությունը և ասեմ, որ մոտ հարաբերություններ ունեմ նրա հետ, հատկապես երբ ես ԱԺ նախագահ էի, նա՝ ՀՀ նախագահի ներկայացուցիչը ԱԺ-ում: Իսկ ինչ վերաբերում է նրա բարձրացրած հարցին, բոլորն էլ գիտեն, որ Տ. Սարգսյանը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Ա. Մարգարյանի թե՛ ընտանիքի, թե՛ ընկերների հետ: Եվ եթե սա հիշեն, ապա ևս մեկ անգամ կհասկանան, որ անօգուտ է այդ դաշտը մտնել, անիմաստ է շահարկել Ա. Մարգարյանի անունը: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Տ. Սարգսյանն այս տարիներին լավագույնս ապացուցել են իրենց մարդկային ջերմ վերաբերմունքը Ա. Մարգարյանի ընտանիքի, ընկերների և նրա գործի նկատմամբ:

Այսինքն` ՀՀԿ անդամներին միմյանց դեմ տրամադրելու փո՞րձ է արվում:

– Ես այդպես հասկացա իրենց վերջին հոդվածներից, արտահայտություններից և ցանկությունից: Իսկ այն պարզ մեկնաբանությունը, որ տվեց Տ. Սարգսյանը, դա առաջին անգամ չի արել (նկատի ունի «շինարարական փուչիկ» արտահայտությունը): Դա տնտեսագիտության մեջ օգտագործվող տերմին է` այնպես, ինչպես օգտագործվում է «վագրի թռիչք» արտահայտությունը, որը նույնպես բնութագրում է տնտեսական որոշակի զարգացումները: Եթե որևէ հանրապետական կամ ես ու իմ ընկերները իմանանք, որ վարչապետը Ա. Մարգարյանին վիրավորելու փորձ է անում, իհարկե, մեր դիրքորոշումն այլ կլինի: Բայց իմանալով Ա. Մարգարյանի նկատմամբ Տ. Սարգսյանի վերաբերմունքը՝ վստահ ասում ենք, որ նա ընդամենը տնտեսագիտական վերլուծություն է արել: Եվ ինձ համար զարմանալի է, որ նախորդ իշխանություն-ներկա իշխանություն բաժանարար գիծ է դրվում: Ո՞վ էր նախորդ իշխանությունը, ո՞վ է ներկա իշխանությունը: Այսօրվա կառավարության, խորհրդարանի կազմում շատերը պաշտոնավարել են նաև 6 տարի առաջ: Ռ. Քոչարյանի տարիների և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների կրողը նաև ՀՀԿ-ն է, քանի որ դա եղել է նաև մեր իշխանությունը: Ինձ համար անհասկանալի է մի բան՝ Ռ. Քոչարյանի 10-ամյա գործունեությունը համեմատվում է գործող վարչապետի 6-ամյա աշխատանքի հետ: Նախկին նախագահն ինչո՞ւ է համեմատվում վարչապետի հետ, դրանք հավասարազոր պաշտոններ չեն: Եվ սա ևս գալիս է ապացուցելու իմ այն ասածը, որ քաղաքական բոլոր զարգացումներն ընթանալու են վարչապետի պաշտոնի շուրջ:

Արմինե Ավետյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031