Լրահոս
Օրվա լրահոսը

Փուչիկի փուչիկը. «168 ժամ»

Հունվար 16,2014 10:32

Հակառակ կողմից՝ ՀՀԿ-ից, ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի՝ մասնագիտական կարծիքներ չեն հնչում։ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը և Արմեն Աշոտյանն արձագանքել են Ռ. Քոչարյանի երկրորդ հարցազրույցին, սակայն նրանք տնտեսագետներ չեն, և նրանց մեկնաբանություններն այլ հարթության մեջ էին։

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա խոսքերն այս առումով բացառություն էին։ Ավելին՝ Արմեն Մովսիսյանը Քոչարյանին փաստացի մեղադրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով խոշոր ձեռնարկությունները «մահվան դատապարտելու» մեջ։ Սակայն Ա. Մովսիսյանը, մի քանի տարի տևած գազային խուճուճ պատմություններից և «կռուտիտներից» հետո, այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ հանրությունը նրան գրեթե չի վստահում։ Իհարկե, Տիգրան Սարգսյանին մասնագիտորեն կարող են ձեռք մեկնել տնտեսական բլոկի իր թիմակիցները՝ մի հաստափոր աշխատություն գրելով 1998-2008թթ. ընթացքում տնտեսական քաղաքականության ընթացքում թույլ տրված սխալների մասին։ Սակայն նման պատասխանի դժվար թե ականատես լինենք։ Որովհետև լուրջ և փաստարկված քննադատությունը նման կլինի ինքնախոստովանական ցուցմունքի. իշխանության մեջ դե յուրե մի քանի անձինք փոխվել են, սակայն համակարգը, ըստ էության, նույնն է։ Տիգրան Սարգսյանն, օրինակ, չի կարող Քոչարյանին մեղադրել արտահանման «հերն անիծելու» մեջ, որովհետև, երբ դրամն արժեզրկվում էր՝ հարստացնելով ներմուծողներին և հարվածելով արտահանողներին, դրամավարկային քաղաքականության պատասխանատուն ինքն էր։

Դրա համար Տ. Սարգսյանի՝ լուրջ հակահարված տալու հնարավորություններն ի սկզբանե սահմանափակ են։ Նա չի կարող բացել բոլոր փակագծերը։ Ինչը, կրկնում ենք, չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական քաղաքականությունն ավելի ճիշտ ու արդյունավետ էր, քան հիմա։

Կարճ ասած, եթե իրավիճակը ներկայացնենք արդեն դասական դարձած հարցուպատասխանի օրինակով, ապա դա կհնչի այսպես. – Հնարավո՞ր է հիմնահատակ և կործանիչ քննադատության ենթարկել Ռոբերտ Քոչարյանի տնտեսական (և ոչ միայն տնտեսական) քաղաքականությունը, ընդ որում, փաստարկված և հիմնավորված։ – Հնարավոր է։ – Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները կգնա՞ն այդ քայլին։ – Ոչ։ Սակայն կա ավելի կոնցեպտուալ և կարևոր հարց, քան հետևյալ հարցերը՝ շինարարության աճը լա՞վ էր, թե վատ, հիպոթեքային պայմանները բարելավվե՞լ են, թե՞ վատացել, կենսաթոշակային բարեփոխումներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ… Որքան էլ տարօրինակ թվա, նման հարցերի քննարկումը պարզապես զավեշտ է։ Որովհետև նման հարցերը զուտ մասնագիտական, տնտեսագիտական տեսանկյունից քննարկման առարկա կարող էին դառնալ մի երկրում, որտեղ գործում են տնտեսական օրենքները, տնտեսական, քաղաքական և իրավական ինստիտուտները։ Դժվար կլինի գտնել որևէ լուրջ տնտեսագետի, որը համաձայնի զուտ տնտեսագիտական վերլուծություններ անել և դեղատոմսեր առաջարկել Հայաստանի համար, քանի որ քաղաքական համակարգն է հիմքից փտած։ Ինչպե՞ս կարելի է տնտեսական օրենքներ քննարկել մի երկրում, որտեղ երբեք արդար ընտրություններ տեղի չեն ունենում, բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, մրցակցություն, ըստ էության, չկա, իսկ արդարադատության համակարգը, մեղմ ասած, կախյալ վիճակում է։ Հիշեցնենք, որ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն վերջերս նշել էր՝ Հայաստանի խնդիրները ոչ թե տնտեսական են, այլ՝ քաղաքական։ Իսկ քաղաքական առումով Հայաստանը ճահճի մեջ ավելի խորը մխրճվեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, շինարարության շարունակվող անկումը պայմանավորված է արտագաղթով (ինչպես նշել էր Քոչարյանը)։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Արդյո՞ք սոցիալական վատ պայմանների պատճառով։ Իհա՛րկե ոչ։ Արտագաղթի ալիքի սկիզբը դրեց հենց Ռոբերտ Քոչարյանը՝ իր հեռանալու օրերին, կոնկրետ գործողություններով, երբ մարդիկ հասկացան, որ այս երկրում ոչինչ չի փոխվի։ Համակարգը կմնա նույնը, իսկ այդ համակարգի ներկայացուցիչներն՝ իշխանությունը չզիջելու համար պատրաստ են ցանկացած կոշտ միջոցների դիմել։ Ընդ որում, եթե խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից՝ ընդդիմադիր հատվածը պետք է գոնե չմիջամտեր այս տնտեսական բանավեճին, որովհետև տնտեսագիտական բանավեճը՝ «շինարարության փուչիկի» մասին, ինքնին ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ փուչիկ։ Բանավեճը զուտ տնտեսագիտական դաշտ տեղափոխելով՝ հանրության ուշադրությունը շեղվում է ավելի լուրջ, ավելի խորքային խնդիրներից և տպավորություն ստեղծում, թե երկրի վիճակը վատ է միայն այն պատճառով, որ տնտեսական քաղաքականության հարցում մասնագիտական սխալներ են թույլ տրվել։

ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031