Լրահոս
Օրվա լրահոսը

Եպիսկոպոս. «Էֆտանազիան կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ»

Հունվար 15,2014 22:58

Էֆտանազիա. սպանությու՞ն, թե՞ գթասրտություն. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը էֆտանազիան հստակ կերպով բնորոշում է որպես երկերեսանիություն. «Դա կեղծավորություն է սոցիալական արդարության նկատմամբ: Կարևոր չէ՝ մարդը քաղցկեղո՞վ է հիվանդ, թե՞ մի այլ հիվանդությամբ: Այդ նույն շարքում էֆտանազիայի միջոցները կարելի է կիրառել նաև նրանց նկատմամբ, ովքեր սոցիալական արդարության պակասից այսօր փողոցներում են ապրում՝ անկախ նրանից՝ նրանք ֆիզիկական որևէ հիվանդություն ունեն, թե չէ: Այդ մարդիկ, աշխարհիկ լեզվով ասած, այս կյանքի դժբախտներն են, և, բնականաբար, ինչ-որ մեկը կարող է որոշում կայացնել նաև նրանց նկատմամբ կիրառել էֆտանազիա: Ֆիզիկական հիվանդություն ունեցող մարդկանցից ինչո՞վ են տարբերվում 2-3 երեխա ունեցող ծնողները կամ հենց այդ երեխաները, որոնք լքված են, փողոցում են, գիշերը տուն չունեն քնելու… Հետևաբար, իմ կարծիքով, եթե մարդու կյանքի նկատմամբ այդպիսի ագրեսիվ միջոց պետք է ներմուծել որևէ հասարակություն, դա պետք է կիրառվի բոլոր դժբախտների նկատմամբ»,- համոզված է Բագրատ եպիսկոպոսը: Ըստ նրա՝ եթե նույնիսկ հիվանդն ինքն է խնդրում իրեն սպանել («ես դրան սպանել եմ ասում, ոչ թե ազատել» – Բ. Գ.), որևէ մեկը՝ որպես մարդ, դա անելու իրավունք չունի:

Եպիսկոպոսը գտնում է, որ էֆտանազիան նաև եսասիրական շերտեր ունի իր մեջ. «Մարդը, պարզապես, ուզում է ազատվել այն «բեռից», որն իր խնամքի տակ է գտնվում: Այո, հաճախ տվյալ հիվանդին խնամողներն են միջամտում, որ էֆտանազիա կիրառվի նրա նկատմամբ՝ պատճառաբանելով, թե այդպիսով ազատում են հիվանդին տառապանքներից, բայց, ըստ էության, չեն ուզում խնամել, հոգ տանել, որովհետև նրանց համար բեռ է»:

Ժորա սարկավագ Սարգսյանն էլ փորձեց բացատրել թե քրիստոնեական տեսանկյունից էֆտանազիայի նկատմամբ դիրքորոշումը մեծապես ինչով է պայմանավորված. «Այստեղ կարևոր է մարդու ազատ կամքի և նրա տառապանքների խորքային ընկալումը: Մենք գիտենք, որ Աստծու կողմից մարդուն շնորհված ազատությունը՝ որպես գերագույն պարգև, այսօր շատ դեպքերում ծառայեցվում է որպես սեփական ցանկությունները, հաճույքները և նույնիսկ քմահաճույքները կատարելու միջոց: Եվ, ցավոք, այսօր մարդկային այդ ազատությունն օգտագործվում է նաև այնպիսի խնդիրներ լուծելիս, ինչպիսին մարդու կյանքի ու մահվան խնդիրն է: Բայց Աստծո պարգևած ազատությունը բացարձակ ազատությունը չէ, այլ իմաստավորված: Այսինքն՝ ազատությանը զուգահեռ՝ կա նաև բարոյական պատասխանատվության խնդիրը, պատասխանատվություն նրա առջև, ով պարգևել է այդ ազատությունը»:

Անդրադառնալով տառապանքի խնդրին՝ սարկավագը նկատեց, որ տառապանքի խորքային իմաստն ընկալելու համար նախ պետք է հասկանալ, թե որտեղից է այն ներթափանցել մեր կյանք: «Ըստ Աստվածաշնչի՝ տառապանքը մարդկային մեղսագործության արդյունքն է, և յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հասկանա, որ տառապանքը պատիժ չէ, այլ մաքրվելու հնարավորություն»,- ասաց սարկավագը:

«Բժշկագիտության մեջ տարբեր կարծիքներ կան էֆտանազիայի վերաբերյալ»,- ասում է հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Ինքն անձամբ դեմ է էֆտանազիային, որը մեզանում արգելված է, թեև եվրոպական որոշ երկրներում ընդունված է: «Հոգեթերապևտիկ տեսանկյունից ընդունե՞լ, թե՞ չընդունել,- հարցնում է հոգեթերապևտը:- Կան դեպքեր, երբ էֆտանազիան ինչ-որ տեղ պարտադիր է լինում, որովհետև նայում ես հիվանդին ու մտածում՝ ի՞նչ արժեք ունի նրա ապրելը: Դուք չեք տեսել այդ հիվանդների աչքերը, որոնք ուղղակի աղերսում են՝ փրկեք մեզ՝ կա´մ բուժեք, կա´մ սպանեք»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031