Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացի. «Այս գազով նույնիսկ հնարավոր չէ նորմալ սուրճ եփել»․ (Տեսանյութ)

Հունվար 15,2014 22:40

2013 թվականին գազի թանկացումը զգալի դարձավ նամանավանդ ցրտաշունչ ձմռան ընթացքում: Եւ քանի որ արդեն պարզ է դարձել կոմունալ վճարների չափը, Aravot.am-ը, հարցում կատարելով Երեւանի փողոցներում, փորձեց ճշտել, թե քաղաքացիները ինչքա՞ն են վճարել դեկտեմբեր ամսվա գազի դիմաց եւ արդյո՞ք համարժեք են համարում կատարված ծախսերը:

Քաղաքացիների մի մասը, ովքեր վճարել էին 40.000-60.000 դրամ բողոքում էին թե՛ գազի գնից եւ թե՛ գազի որակից. «Վճարել եմ 62.000 դրամ, բայց տանը այնքան ցուրտ էր, որ նույնիսկ վերարկու եմ հագել, իսկ հիմա ստիպված եմ այսքան գումար վճարել: Այս գազով նույնիսկ հնարավոր չէ նորմալ սուրճ եփել: Ուղղակի անունով գազ ունենք, մեզ ներշնչում ենք, որ պետք է տաք լինի, բայց փաստն այն է, որ դա այդպես չէ»:

Քաղաքացիների մյուս մասը, ով համեմատաբար ավելի քիչ էր վճարել գազի դիմաց, նույնպես բողոքում էր. «Աշխատել եմ գազ չօգտագործել, բայց այսօր կանգնած եմ փաստի առաջ, որ վարձը կազմել է 23 հազար դրամ, այն դեպքում, երբ իմ թոշակը կազմում է 21000 դրամ»:

Հարցվածների մի մասն էլ, ովքեր ծայրահեղ դեպքերում էր օգտվել գազից, նույնպես գոհ չէին. «Երկու տարի առաջ բավականին ծախսեր արեցի, գնեցի գազի վառարան, տեղադրեցի այն, որ այսօր չեմ օգտագործում՝ գազի գնի պատճառով, տունը ջեռուցում եմ էլեկտրական վառարանով, ճիշտ է էլի թանկ է, բայց ավելի մատչելի է, քան գազը»:

Հարցման մասնակիցներից միայն մեկն էր գոհ դեկտեմբեր ամսվա իր գազի վարձից. «Վճարել եմ 34.000 դրամ, գոհ եմ. տաք էր տունը: Կարծում եմ անցած տարվա համեմատ բավականին լավ է. անցած տարի վճարում էի 60.000, բայց տունը ոչ մի կերպ չէր տաքանում»:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ակնհայտ է՝ Ռուսաստանը 1մ3 գազը վաճառում է 189 ԱՄՆ դոլարով, սակայն բնակչությունը գազի դիմաց վճարում է 200 տոկոսից ավելի, դա ավելի արտահայտիչ է դարձել տարվա այս եղանակին եւ բնակչության ճնշող մասն ունի ֆինանսական խնդիրներ. «Այս երեւույթը ոչ մի տնտեսագիտական նորմերի մեջ չի տեղավորվում, առավել եւս սա ուժգնանում է պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ իրազեկված չի հասարակությունը՝ բնակիչներին տեղյակ չեն պահվել: Եվ բոլոր պարագաներում մինչեւ այսօր դա մնում է մութ՝ մենք չենք կարողանում հասկանալ, թե իսկապես ինչո՞ւ է սահմանի վրա 189 դոլար արժողությամբ գազը մենք պետք է սպառենք 400 դոլարով կամ ավել»:

Պարոն Բոստանջյանի խոսքերով՝ Հայաստանի Հանրապետությունը գազ ձեռք է բերում մի գնով, որը բավականաչափ արտոնյալ է միջազգային շուկաներում դրա իրացման գնից.

«Այդ պատճառով, ըստ էության մենք պետք է շնորհակալ լինենք այդ 189 դոլարին, իսկ աշխարհում այն իրացվում է շատ ավելի թանկ գնով: Մնացածը՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է այնպես լիներ, որ այդ 189 դոլարից մենք ավելի քիչ մակարդակով բարձրանայինք վերեւ, այսինքն՝ տեղափոխելը, մինչեւ տուն հասցնելը թանկ չնստեր բնակիչների վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031