Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան. «Մեր աշխատանքները պետք է միտված լինեն զբաղվածության խնդրի լուծման եւ գործազրկության մակարդակի նվազմանը»

Հունվար 15,2014 21:44

-Պարոն Հակոբյան  արդեն 6 ամիս է ղեկավարում եք Սյունիքի մարզպետի պաշտոնը: Ինչպիսի՞ Սյունիք եք «ժառանգել» 6 ամիս առաջ:

– Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ վերջին տարիներին մարզում էական ծրագրեր են իրականացվել՝ ինչպես կրթության ոլորտում, այնպես էլ՝ առողջապահության: Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ եւս էական աշխատանքներ են իրականացվել պետության կողմից: Մենք քաջատեղյակ ենք  տարիներ  շարունակ   բարձրացվող հիմնախնդիրներին ու մեր  քայլերը   միտված  են   դրանք աստիճանաբար    լուծելուն:   Բայց,  դեռեւս,  հեռու ենք այն մտքից, որ գտել  ենք  բոլոր  լուծումներն  ու  միջոցները:

– Որո՞նք են մարզի գերակա խնդիրները, որ  առաջիկայում կլինեն Ձեր ուշադրության կենտրոնում: 

– Առաջիկա տարիներին մեր  ուշադրությունը  սևեռված  է  լինելու  զբաղվածության հիմնախնդրի  մեղմմանը:  Փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն   ուղղված  քայլերն  են   մեր  օրակարգում: Այսօր  միջազգային եւ տեղական տարբեր կազմակերպությունների հետ ուսումնասիրություն ենք իրականացնում, ցանկանում ենք բացահայտել մեր մարզի ներուժը:  Ճշտում ենք  այն ուղղությունները, որտեղ  հնարավոր  կլինի յուրաքանչյուր   սյունեցու համար ստեղծել բարենպաստ միջավայր՝  ձեռնարկատիրությամբ   զբաղվելու և  եկամուտ   ստանալու  համար:

-Բայց մարզում կա՞ն նման հնարավորություններ:

-Իհարկե, մարզում կան բավականին լավ հնարավորություններ. ե՛ւ աշխարհագրական դիրքը, եւ տարբեր գոտիների նպաստավոր բնակլիմայական պայմանները թույլ  են  տալիս հատկապես գյուղատնտեսության ոլորտում  արդյունավետ ծրագրեր իրականացնել:  Արդեն քարտեզագրել ենք եւ հստակ  պատկերացումներ  ունենք, թե որ տարածաշրջանում գյուղատնտեսության, որ ճյուղի  զարգացումը կարող ենք  խթանել:    Զուգահեռաբար   զբաղվում  ենք   նաև  իրացման  շուկաներ  գտնելով,  առանց   դրա  դժվար  է  արդյունքներ  ակնկալել:

-Այսինքն` մարզում առկա զբաղվածության ներկայիս մտահոգիչ իրավիճակը մտադիր եք բիզնես միջավայրի ստեղծմա՞մբ մեղմել:

– Այո, ամեն ինչ պետք է անենք  բիզնես միջավայրը նպաստավոր  դարձնելու   համար:  Մարդիկ   իրենց  մտավոր ու նյութական  կարողությունները   ներդնելով  պետք  է  կարողանան  հոգալ  իրենց ընտանիքների  կարիքները:

-Օրինակ ի՞նչ բիզնես կարող են անել Սյունիքում:

-Ցանկացած:   Սկսած   քարերի վերամշակումից, թեթեւ արդյունաբերությունից, մեխանիկայից  մինչև   թռչնաբուծություն, անասնապահություն,  պտղաբուծություն:  Գորիսում   ոսկերչության   զարգացման  հեռանկարներ  կան,  Մեղրիում  պտուղների  վերամշակման:  Կարելի  է   երկար  թվարկել:

-Պարո՛ն Հակոբյան, տարեվերջին Սյունիքում ներդրումային համաժողով էր կազմակերպվել եւ տարբեր դոնոր կազմակերպություններին էր ներկայացվել մարզի հնարավորությունները: Համաժողովն իր արդյունքը տվե՞ց, արդյոք կա՞ն ցանկություն հայտնողներ, ովքեր մտադրություն ունեն մարզում տարբեր ոլորտներում ներդրում անել:

-Մենք ուզում ենք բոլոր խնդիրները  հստակ  ամփոփել   մեր  փաստաթղթի  մեջ:   Ու   արդեն երկրորդ փուլով մեր  առաջարկների   փաթեթը  ներկայացնելու  ենք    պոտենցիալ ներդրողներին:  Կկազմակերպվի   հաջորդ  հանդիպումը,  որտեղ   արդեն  կքննարկվեն   կոնկրետ  գործողությունները:   Առհասարակ,  յուրաքանչյուր  ներդրողի  համար՝ ռուսաստանաբնակ   սյունեցի  լինի,  թե   օտարերկրացի  բիզնեսմեն,   Սյունիքի   դռները   բաց  են:

-Պարո՛ն Հակոբյան, խոսակցություններ կան, որ Գորիսի պետհամալսարանի կառավարման խորհրդի հաջորդ նախագահը Դուք եք լինելու: Հավաստի՞ են այդ լուրերը, կա՞ն այլ թեկնածուներ:

-Հունվարի 16-ին նիստ է նշանակված, ամսի 16-ին պարզ կլինի:

-Այս տարի Գորիսում քաղաքապետի ընտրություն է  լինելու: Լուրեր են շրջանառվում, որ Դուք արդեն  ունենք քաղաքապետի Ձեր թեկնածուն: Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները:

-Համայնքապետի ընտրությունը, որքանով գիտեմ հունիս ամսին է:  Մեր կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, բնականաբար իր դիրքորոշումը կհայտնի եւ դրա շրջանակներում   կսատարենք   մեր թեկնածուին:

-Եւ վերջում, եթե ասելիք ունեք կամ ավելացնելու որեւէ բան մեր հարցազրույցի շրջանակներում՝  խնդրեմ:

-Ես կարծում եմ, որ մենք ունենք ամենամեծ պոտենցիալը՝ դա մարդն է: Սյունեցին իր տեսակով, կամային  հատկանիշներով, հայացքներով   տարբերվել է :  Կարծում եմ՝ մեր ժողովրդի հետ միասին կկարողանանք մեր խնդիրներին աստիճանական լուծում տալ: Եւ ամենակարեւորը՝ մարզային    իշխանությունը պատրաստ է ծառայելու, լսելու ցանկացած սյունեցու մտահոգությունը՝ դա լինի առաջարկության կամ  քննադատության տեսքով:  Այդ միջավայրում մենք  կփորձենք ավելի լավ աշխատել, նման  բարյացակամ  հասարակություն ունենալով,  տեղական իշխանությունները  կկարողանան  խնդիրներն ավելի արդյունավետ եւ օպտիմալ լուծել: Բոլորիս հաջողություն եմ մաղթում, թող  2014թ.-ը լինի առաջին հերթին  խաղաղության տարի,  սիրո, ջերմության եւ աշխատանքի տարի:

 

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ հարցազրույցի շարունակությունը՝ առաջիկա հրապարակումներում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031