Լրահոս
Օրվա լրահոսը

2014թ-ին կշարունակվեն ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները. խորհրդակցություն Ջրտնտպետկոմում

Հունվար 15,2014 19:59

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2013թ. կատարված աշխատանքները եւ 2014թ. ծրագրերն ու անելիքները:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2013թ-ին կատարված աշխատանքների իրականացման արդյունքում խմելու եւ ոռոգման ջրերի մատակարարման, ինչպես նաեւ ջրահեռացման ոլորտներում ապահովվել է համակարգերի հուսալի եւ անվտանգ շահագործումը, բարելավվել է խմելու եւ ոռոգման ջրամատակարարումը, կրճատվել են կորուստները, ապահովվել է էներգախնայողությունը, բարելավվել է ծառայությունների մատուցման որակը եւ այլն։

Ներկայացնելով մատակարարված ջրի դիմաց հավաքագրումների ցուցանիշները` Ա. Անդրեասյանը նշեց, որ համակարգի գանձումը  2013թ-ին կազմել է շուրջ 21,16 մլրդ դրամ` 2012 թ. 20,33 մլրդ դրամի փոխարեն (830 մլն դրամով ավելի):

Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.7 մլրդ դրամ` 2012 թ. 16,3 մլրդ դրամի դիմաց, իսկ ոռոգման ոլորտում`4.44 մլրդ դրամ` 2012 թ. 4.03 մլրդ դրամի դիմաց: Խմելու ջրի ոլորտում գանձումը 2013 թ-ին կազմել է 98.07 %, իսկ ոռոգման ոլորտում`85.7 %։

Հաշվի առնելով նաև 2013 թ. սակավաջրության գործոնը` համակարգն ունեցել է էլեկտրաէներգիայի գերածախս: Ըստ Ա. Անդրեասյանի` ոռոգման ոլորտում 13,8 մլն կՎտ/ժ-ով ավելի էլեկտրաէներգիա է ծախսվել, իսկ խմելու ջրի ոլորտում ապահովվել է էլեկտրաէներգիայի խնայողություն։

Ջրային տնտեսության համակարգի կազմակերպությունների կողմից ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 7.27 մլրդ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ, որը 2012 թ.  ցուցանիշը գերազանցում է 135 մլն դրամով։

2013թ.   կառուցվել, վերականգնվել եւ վերանորոգվել են շուրջ 664,8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ եւ ջրատարներ, այդ թվում` 613 կմ խմելու եւ կոյուղու ջրագծեր, 51,8 կմ ոռոգման ջրանցքներ եւ ջրատարներ:

Խոսելով ջրամատակարարման որակի բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին` Ա. Անդրեասյանը նշեց, որ 2013 թ. ընթացքում «Երեւան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում տեղի են ունեցել ջրամատակարարման տեւողության ավելացումներ՝ ապահովելով ՀՀ կառավարության գերակա խնդիրներով դրված պահանջը։  Շահագործվել են Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքների կոյուղու մաքրման կայանները։ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական եւ Եվրոպական ներդրումային բանկերի «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում նախատեսվում է իրականացնել ջրահեռացման բարելավման, այդ թվում` Ջերմուկ եւ Դիլիջան քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքներ։

Անդրադառնալով ոռոգման համակարգին` Ա. Անդրեասյանը նշեց, որ 2013թ. Սեւանա լճից օրենքով սահմանված կարգով բաց է թողնվել լրացուցիչ 169.95 մլն խմ։ Սեւանա լիճ է տեղափոխվել 134.58 մլն խմ ջրաքանակ, որը 2012 թ. համեմատությամբ ավելի է 56.46 մլն խմ-ով։ Սեւանա լճի մակարդակը 2012 թ. համեմատությամբ բարձրացել է  5 սմ-ով` կազմելով 1900.16 մ:

2013թ. գործնական քայլեր են իրականացվել ջրամբարաշինության  եւ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստման  ուղղությամբ, այդ թվում` առաջնահերթ չորս`Կապսի, Վեդու, Մաստարայի, Եղվարդի ջրամբարաշինական ծրագրերի մասով:

Եվրասիական բանկի հետ նախատեսվել է սկսել նոր ծրագիր` ներտնտեսային ցանցերը կարգի բերելու ուղղությամբ: Իրականացման փուլում է ջրային տնտեսության ոլորտի հետագա զարգացման եւ կառավարման բարեփոխումների ծրագրի մշակումը։ Ընթացքի մեջ են նաեւ չհաշվառվող ջրի նվազեցման, կեղտաջրերի կառավարման, ինչպես նաեւ սակագնային եւ սուբսիդավորման ռազմավարությունների մշակման աշխատանքները:Արդեն կնքվել են ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավման ուղղված ուսումնասիրությունների իրականացման համապատասխան պայմանագրերը։

Անդրադառնալով 2014 թ. ծրագրերին եւ անելիքներին` Ա. Անդրեասյանը  հատկապես կարեւորեց ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման վարկային ծրագրի իրականացումը, որը մեկնարկելու է 2014թ-ից: Քառամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է թիրախային  համակարգերում մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, ինչպես նաեւ բարեկարգել գործող ջրանցքները: Մասնավորապես, նախատեսվում է 1995 հեկտար տարածքի մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոսով, 1660 հեկտարով ընդլայնել պոտենցիալ  ոռոգելի տարածքները, զգալիորեն կրճատել ջրի կորուստը,  որոնք էլ կնպաստեն ոռոգման ջրի ինքնարժեքի նվազմանը: Ծրագրով նախատեսվում է Մեղրիի, Գեղարդալիճի, Բաղրամյան-Նորակերտի եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգերի կառուցում,  հեռացնող 29 ջրանցքներից 13-ի շուրջ 52 կմ առավել քայքայված հատվածների վերակառուցում,  ջրաչափման եւ կառավարման ժամանակակից SCADA համակարգերի տեղադրում:

2014թ. կշարունակվեն ջրամբարաշինության եւ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Ա. Անդրեասյանը փոխվարչապետին տեղեկացրեց կատարվող քայլերի մասին` նշելով, որ 6 մլն խմ տարողությամբ Կապսի ջրամբարի կառուցման ֆինանսավորումն իրականացվելու է KfW բանկի կողմից։ Բանակցություններ կվարվեն ջրամբարի ծավալների ավելացման եւ այն  60 մլն խմ տարողությամբ կառուցելու շուրջ։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները սկսված են, որոնք նախատեսվում է ավարտել 2014 թ. տարեվերջին:

Եղվարդի ջրամբարի շինարարության հարցը քննարկվում է ճապոնական JIKA կազմակերպության հետ։ Բանակցություններն ընթացքի մեջ են, նախնական արձագանքը  դրական է։

Մաստարայի ջրամբարի շինարարական ծրագիրը Քուվեյթի հիմնադրամի կողմից նախնական հավանության է արժանացել։ Քուվեյթի հիմնադրամի նախապատրաստական առաքելության հետ իրականացվել են համապատասխան քննարկումներ։

Վեդու ջրամբարի կառուցման նախագծային աշխատանքների ֆինանսավորումը Ֆրանսիական զարգացման գործակալության դրամաշնորհային ծրագրով ընթացքի մեջ է։ Իրականացվում են ջրամբարի,  նրա ոռոգման տարածքների տեխնիկատնտեսական ուսումնասիրության եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ:

2014 թ. օրակարգում են լինելու նաեւ սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպման հարցերը: Բացի այդ, Կոմիտեն կառավարություն է ներկայացրել «Uեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է առաջիկա 5 տարիների համար մինչեւ 170 մլն խմ տարեկան ջրառի ծավալը հասցնել մինչեւ 240 մլն խմ-ի:

Կիրականացվեն նաեւ ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման տարածքից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավման, ներդրումային եւ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ուսումնասիրություններ: Աշխատանքներ կտարվեն «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» եւ «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերություններում մասնավոր կառավարիչների հետ կնքված պայմանագրերով 2014 թվականի համար նախատեսված ցուցանիշների կատարման ապահովման ուղղությամբ։

Ա. Անդրեասյանը փոխվարչապետին տեղեկացրեց նաեւ, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում իրավապահ մարմիններին ուղարկված նյութերի  վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ եւ պարզաբանումներ ներկայացվել են, այդ հարցում համագործակցում են համապատասխան կառույցների հետ:

Փոխվարչապետը կարեւորեց 2014թ. նախանշված բոլոր աշխատանքների պատշաճ  իրականացումը, ինչով էլ մեծապես պայմանավորված է համակարգի անխափան աշխատանքը: Նա նկատեց, որ 2014թ-ի ծրագրերը հատկապես մեծ նշանակություն ունեն ոռոգման համակարգի ենթակառուցվածքների բարելավման եւ հատկապես նոր` կուտակային ենթակառուցվածքների ստեղծման համար: Ա. Գեւորգյանն ընդգծեց ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու անհրաժեշտությունը:

Նա  միաժամանակ կարեւորեց համակարգի ընկերությունների արդյունավետ աշխատանքը`  ընդգծելով, որ եղած ռեսուրսները մշտապես պետք է օգտագործվեն խնայողաբար, իսկ ստանձնած պարտավորությունները պետք է կատարվեն ամբողջությամբ:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ  եղանակով պայմանավորված` խմելու ջրի մատակարարման ոլորտում առաջացած դժվարություններին  եւ առաջարկեց հետեւողական լինել, որպեսզի  սպասարկող կազմակերպությունների կողմից արվի հնարավորը`  ջրամատակարարման հուսալիության ապահովման  համար:

Փոխվարչապետը գոհունակություն հայտնեց նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ջրային համակարգում իրականացվող  վարկային ծրագրերն արդյունավետ են ճանաչվել:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:

 

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031