2014-2016 թվականներին Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի կտրուկ նվազումը կարող է խոչընդոտել այդ երկրից զգալի չափով կախված ԱՊՀ մի շարք երկրների առաջընթացին, որոնց թվում է նաեւ Հայաստանը: Այսպիսի կանխատեսում է արված օրերս հրապարակված Համաշխարհային բանկի տարեկան «Համաշխարհային տնտեսական հեռանկարները» զեկույցում: Ըստ զեկույցի, Հայաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը խնդիրներ կունենան դրամական փոխանցումների, ներկրումների եւ արտասահմանյան ներդրումների հետ կապված:
Զեկույցի հեղինակները նշել են, որ, 2013 թ-ին, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում տնտեսական ակտիվությունը աճել է, ինչին նպաստել է ներքին պահանջարկը: Դիտարկելով ԱՊՀ երկրները, զեկույցն արձանագրել է. որ ԱՊՀ երկրները ունեցել են միմյանցից տարբեր արդյունքներ: Օրինակ` էներգակիրներ արտահանող Ադրբեջանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը պահպանել են տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշներ` շնորհիվ էներգակիրների բարձր գների, արտահանման, հանածոների արդյունահանման ծավալների մեծացմամբ:
Ի տարբերություն էներգակիրներ արտահանող երկրների, այն երկրները, որոնք էներգակիրներ արտահանող չեն եւ հումքային ապրանքների մասով եւս անբարենպաստ վիճակում են, արձանագրել են եկամուտների եւ տնտեսական ակտիվության նվազում: Ըստ զեկույցի, այդպիսի ծանր հետեւանքներ եղել են Բելառուսում, Ղրղըզստանում, Ուկրաինայում: Զեկույցի հեղինակները փաստում են, որ տարեսկզբին այս տարածաշրջանում կապիտալի ներհոսքը եղել է բավականին բարձ, եւ իրավիճակը սկսել է վատթարանալ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել է, որ փակում է բյուջետային խթանման ծրագիրը: Այդ պատճառով, այլ տարիների համեմատությամբ, նշյալ տարածաշրջան, կապիտալի ներհոսքը նվազել է 1.6% – ով, 2013 թ-ին հասնելով 119.3 միլիարդ ԱՄՆ դոլարի:
Զեկույցը արձանագրում է, որ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մի շարք երկրներում` Ալբանիայում, Բուլղարիայում. Ղազախստանում, Ռումինիայում Սերբիայում պահպանվում է բարդ դրությունը` հատկապես բանկային ոլորտում, որտեղ մեծ քանակությամբ կուտակված խնդրահարույց վարկեր կան:
Զեկույցի հեղինակների կանխատեսմամբ, այդ տարածաշրջանի համար 2014-2016 թթ-ին սպասվում է տնտեսական աճի ակտիվություն, սակայն տարբեր երկրների համար կանխատեսումը նույնը չէ. տնտեսական ակտիվություն է նկատվելու Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը, 2014-2016 թթ-ին կկայունանան` պոտենցիալ հնարավորությունների հաշվին մոտ 3,9 տոկոսով, ինչը զգալի ցածր է նախաճգնաժամային փուլից` 6,8 տոկոսից:
Զեկույցի հեղինակների մեկ այլ կանխատեսման համաձայն, ԱՊՀ այն երկրները, որոնք ունեն զգալի բնական ռեսուրսներ նույնպես կունենան տնտեսական աճ, ինչը պայմանավորված է համաշխարհային շուկայում էներգակիրների պահանջարկով: 2014 թվականի ընթացքում նավթի գները կլինեն կայուն, իսկ 2014-ին, եւ 2015-2016 թթ. նավթի գները նույնիսկ փոքր-ինչ կնվազեն: Իսկ այն ԱՊՀ երկրներում, որոնք էներգակիրներ չունեն, տնտեսական աճը կլինի դրամական փոխանցումների ծավալների մեծացման եւ արտահանումից ստացված եկամուտների ավելացման հաշվին, ինչպես որ կանխատեսում են զեկույցի հեղինակները: Չնայած դրան, ոչ էներգետիկ հումքի գների հնարավոր նվազման պատճառով հնարավոր է արտահանումից ստացվող եկամտի կրճատում, ինչն էլ կբերի պետական եկամուտների կրճատմանը`մեծացնելով պետական ծախսերը:
Իսկ թե ինչպիսի ռիսկեր են սպառնում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներին, զեկույցի հեղինակները մատնանշում են տնտեսության վերականգնման տեմպերի դանդաղեցումը Եվրոգոտու երկրներում: Այս ռիսկը, հատկապես սպառնում է Եվրոգոտում սերտ ֆինանսական հարաբերություններ ունեցող երկրներին:
Զեկույցի մեկ այլ հատվածում էլ, մասնագետները ուշադրություն են հրավիրում, որ նշյալ ժամանակահատվածում համաշխարհային ֆինանսական շուկաներում պայմանները կխստանան եւ տոկոսադրույքներն ավելի բարձր կլինեն, ինչը, ըստ զեկույցի հեղինակների, սպառնալիք կլինի հատկապես այն երկրների համար, որտեղ բանկային ոլորտը թույլ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ