Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան հյուրերի այցելությունները թանկ են նստում Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի վրա

Հունվար 15,2014 19:45

ՀՀ մարզպետարաններին, այդ թվում և Շիրակի մարզպետարանին պետության կողմից հատկացված ներկայացուցչական ծախսը տարվա կտրվածքով կազմում է ուղիղ 300 հազար դրամ: Այսինքն` այս գումարը հատկացվում է մարզ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների, տաբեր երկրների դեսպանների, նախարարների համար թեյ, սուրճ, հանքային ջուր ու այլ կարգի հյուրասիրություններ կատարելու համար: Եվ եթե ի նկատի ունենանք, որ օրինակ ՀՀ վարչապետը, փոխվարչապետը կամ այլ պաշտոնյաներ աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու համար տարվա ընթացքում բավական մեծ շքախմբով`օգնականներով, թիկնապահներով, լրագրողներով մի քանի անգամ այցելում են Շիրակի մարզ, ապա 300 հազար դրամը ծիծաղելի գումար է: Վերջիններիս այցերը իրոք շատ թանկ են նստում մարզպետի կամ տեղի այլ պաշտոնյաների վրա, իսկ 300 հազար դրամը՝ կախված հյուրերի քանակից, երևի թե բավարարում է հյուրերին տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ ռեստորան տանելու ու նորմալ հյուրասիրելու համար:

Որոշակի հաշվարկներով, Գյումրու ամենասովորական ռեստորաններում մեկ անձի հյուրասիրությունը նստում է 8-13 հազար դրամ: Մեր տեղեկություններով, եղել են որոշակի հյուրասիրություններ, երբ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը նույնիսկ 2 հազար դոլարի հաշիվ են փակել:

Գյումրու քաղաքապետարանում 2014 թվականի համար համայնքային բյուջեից որպես ներկայացուցչական ծախս նախատեսվել է 10 միլիոն դրամից մի փոքր ավել գումար: Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանի թվարկելով, դրա մեջ մտնում են հյուրերի համար հուշանվերներ, նկարներ, մուշուրբա գնելը, ճաշկերույթ կազմակերպելը, արարողակարգային ծախսերը` հյուրերին հնարավորինս ավելի ներկայանալի լինելու համար:

Մեր այն հարցին` արդյո՞ք այս գումարը բավարարում է Գյումրու քաղաքապետին բարձրաստիճան հյուրերին պատշաճ հյուրընկալելու ու ճանապարհելու համար, մեր զրուցակիցն ասաց. «Այս գումարը բավարար համարել չի կարելի, լինում են դեպքեր, երբ անբավարար լինելու պատճառով Գյումրու քաղաքապետը իր անձնական միջոցներից է գումար հատկացնում: Եթե սեփական միջոցներից ծախսեր չլինեն, չեմ պատկերացնում, թե ինչպես ենք այս հարցը կարգավորել»:

Ըստ մեր զրուցակցի, կան նկարներ, որոնց գները հասնում են 300 հազար դրամի, Գյումրու մուշուրբան` կլկլան բաժակը, հուշանվերների խանութում ` կախված չափսերից, արժի 13-18 հազար դրամ:

Ի տարբերություն Շիրակի մարզպետարանի, որտեղ գրեթե ամեն ամիս հյուրընկալում են ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Գյումրու քաղաքապետը վերջերս հաճախակի է ընդունում տարբեր երկրների քաղաքապետերի ու նաև դեսպանների: Այնպես որ, թե տեղի չինովնիկների և թե դրսից ժամանած հյուրերի այցերը անչափ ծախսատար են:

Այս ամենից կարելի է ենթադրել, որ եթե քաղաքապետերը կամ մարզպետները չունեն բիզնես կամ չեն ստեղծել համապատասխան հիմնադրամ կամ մաքուր աշխատող են, հախ չեն դրել իրենց աշխատակիցների վրա, չեն կարողանա ընդունել ու ճանապարհել հյուրերին: Նշենք նաև, որ, եթե երբեմն Գյումրի այցելած դեսպանները հրաժարվում են հյուրասիրությունից` ժամանակ չլինելու, շտապելու պատճառով, ապա հայ պաշտոնյաներին տեղը տեղին պատիվ տալը պարտադիր է:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    11 երեխա ունեցող Դիլանյանների ընտանիքի համար մտածեք: Այդ պաշտոնյաների գալով գնալով քաղաքին ինչ օգուտ? Նրանց հետ ա՛խատել է պետք, ոչ թե ընդունել ու ճանապարհել: Թե աշխատելու այս մասն է միայն ընդունելի?…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031