Ինչո՞ւ ենք օտարներից պահանջում պահպանել հայկական գերեզմանատները, երբ սեփական երկրում մեր իսկ ձեռքով քանդում ենք ազգային փոքրամասնությունների հարազատների շիրիմները:
Եզդիները վիրավորված են, որ Մյասնիկյան գյուղում քանդել են իրենց պապական գերեզմանատունը: «Ցավով պիտի ասեմ, որ վանդալիզմ է իրականացվել շիրիմների նկատմամբ: Հայաստանը աշխարհի այն առաջադեմ երկրներից է, որոնք պայքարում են վանդալիզմի դեմ: Եվ շատ ցավալի է, որ այդպիսի մի երկրում նմանօրինակ մի ոճրագործություն է կատարվում: Մենք շատ վիրավորված ենք. մեր հանգուցյալներից ամենի մեկի շիրիմը մեզ համար սրբավայր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց եզդիների շեյխ Բրո Հասանյանը:
Արդյո՞ք հատկապես եզդիների դեմ ուղղված քայլ է դա:
«Ո´չ: Ես եզդիների դեմ ուղղված որևէ քայլ չեմ տեսնում այստեղ: Երկու հոգի են կատարել այս ոճրագործությունը՝ Մյասնիկյանի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը և տեղի գինու գործարանի տնօրեն Սերյոժա Գրիգորյանը: Իսկ դա չի կարող վերաբերել ողջ ազգին, ողջ հայությանը: Ես նույնիսկ չեմ կարողանում նրանց հայ կամ քրիստոնյա մարդ անվանել: Ինչպե՞ս կարող է հայ քրիստոնյան, բոլորովին խղճի խայթ չզգալով, օրը ցերեկով գերեզմանոց ոչնչացնել՝ բուլդոզորով հողին հավասարեցնելով այն,- զարմանում է Բրո Հասանյանը,- դա ոճրագործություն է, վանդալիզմ, սրբապղծություն»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ 50-ականներից հիմնադրված այս գերեզմանատնից 25 շիրիմ բուլդոզերով հրելով տարել-լցրել են ինչ-որ փոս: «Ահազանգը հասել է մեզ յոթ ամիս առաջ: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն անմիջապես մեկնել է դեպքի վայր, հրավիրել համայնքապետին և նրա հետ հարցը քննարկելով՝ նկատել է, որ համայնքապետը ինչ-որ կակազելով է խոսում, դիմել է Բաղրամյանի ներքին գործերի բաժին, արձանագրություն է կազմվել, խոստացել են, որ այդ հարցը կլուծվի և շիրիմները կվերականգնվեն, բայց այդպես էլ մինչև օրս ոչինչ չի արվել»,- ասաց բանախոսը:
Նա հուսով է, որ հարցը կլուծվի մարդկային, բարեկամական հողի վրա, «քանի որ մեր երկու ազգերի պատմության մեջ այսպիսի դեպք չի գրանցվել, և մենք ուզում ենք, որ այս հարցը լուծվի փոքր շրջանակներում: Օգտվելով ասուլիսի ընձեռած հնարավորությունից՝ ես դիմում եմ ՀՀ նախագահին, վարչապետին, ներքին գործերի նախարարին, որ կարճ ժամանակում այդ մարդկանց ստիպեն վերականգնել, նախկին տեսքին բերել շիրիմները: Մենք չենք ուզում մեր ձայնը հասցնել միջազգային ատյաններ, քանի որ մենք ունենք մեր հանրապետության իշխանությունը և հուսով ենք, որ անպայման կմիջամտեն ու գործը կհասցնեն իր ավարտին»,- ասում է Բ. Հասանյանը:
Նա աբսուրդ համարեց այն դիտարկումը, թե գյուղապետը պնդում է, որ շիրմաքարերն իրենց տեղում դրված են, թե իրենք գնացել-տեսել են, որ դրանք «մի փոքր տեղաշարժվել են», տեղադրել են: «Չեն վերանորոգել: Ընդամենը երկու քար է, որ նույնիսկ շիրիմին էլ չի դրված, կողքին է, իբր թե շիրիմ է, դա ուղղակի ծիծաղելի է,- կարծում է Բ. Հասանյանը:- Եթե գյուղապետի հարազատի գերեզմանն այդպես հողին հավասարեցնեին ու հենց այնպես մի հատ քար դնեին, նրա սրտով կլինե՞ր»:
Բանախոսը չհամաձայնեց նաև այն դիտարկմանը, թե գյուղապետը վստահեցնում է, որ դա սեփականություն հանդիսացող տարածք է և առանձնացված չէ որպես գերեզմանատուն: «Դա 50 թվականին հիմնված գերեզմանոց է, իսկ մեզ մոտ սեփականաշնորհումն սկսվել է 90 թվականից: Գյուղապետը թող մի քիչ գրագետ լինի»,- ասաց Բրո Հասանյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Ցավալի և խայտառաք դեպք։ Ոչ մի դեպքում անպատիժ չթողնել այդ արարքը և վերականգնել գերեզմանոցը։ Իսկ գյուղապետ կոչեցյալին վռնդել պաշտոնից։