«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի բողոքի քննությունը այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում հետաձգվեց դեռ չսկսված:
Պարոն Կիվիրյանը բողոքարկել է իր հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայության՝ քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջև նստացույց անող ակտիվիստների հետ պարոն Կիվիրյանը փորձել է տեղադրել վրան, ոստիկանները թույլ չեն տվել, իսկ ավելի ուշ, ըստ պարոն Կիվիրյանի, ոստիկանները մոտեցել են իրեն և իր մարմնի մասերից բռնած՝ տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Դատարանը հարգելի համարեց քննիչ Լյովա Մելքոնյանի բացակայությունը: Քննիչը երեկ հեռախոսով հայտնել էր իր մեկ այլ քրեական գործով անհետաձգելի դատաքննության մասնակցության մասին եւ խնդրել հետաձգել նիստը՝ նշանակելով ոչ շուտ, քան հունվարի 28-ը:
Կարդացեք նաև
Դատարանը առանց հայցվոր կողմի կարծիքը լսելու միանգամից որոշեց հետաձգել, ինչին առարկեց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը. «Քննիչը արդեն իր դիրքորոշումը հայտնել է դատարանը այլեւս այլ բան չունի անելու, քան հեռանալ եւ որոշում կայացնել: Այս փուլում հարգել քննիչի միջնորդությունը, ակնհայտորեն նշանակում է, որ ձգձգում եք գործի քննությունը: Մեզ համար հասկանալի է՝ ինչու եք ձգձգում, բայց Վարչական դատարանը չի հասցնի որոշում կայացնել մինչեւ ձեր որոշում կայացնելը: Այնպես որ խնդրում եմ շարունակել նիստը քննիչի բացակայությամբ եւ կայացնել որոշում»:
Փաստաբանին առարկեց դատավոր Գագիկ Պողոսյանը ՝ հիշեցնելով, որ հայցվոր կողմի դատարան ներկայացրած լազերային կրիչը ոչինչ չի ցույց տվել, եւ հայցվոր կողմը խոստացել է կրկին ներկայացնել, որը գործով ապացույց է պարունակում: Փաստաբանն էլ հակադարձեց, թե իրենց ներկայացրած DVD-ն դատարանում փորձել են դիտել այնպիսի սարքով, որը DVD չի կարդում: Դատավոր Պողոսյանը ընդհատեց փաստաբանին եւ հայտարարեց հաջորդ նիստի օրը՝ հունվարի 31-ին ու հեռացավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ