Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը` Արշակ Սադոյանին. «Սեքընդ հենդի սիրահար չեմ»

Հունվար 15,2014 17:18

«ԲՀԿ-ն հաշվարկով է առաջ գնում, ԲՀԿ-ից ի՞նչ լուրջ ընդդիմություն, ուղղակի ասում են` եկեք մի քիչ ընդդիմություն խաղանք, որ վարչապետի պաշտոն ստանանք, բայց հո մենք գիտենք, թե ինչ է ԲՀԿ-ն»,-այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

Այնուհետև պարոն Սադոյանը քննադատության թիրախ դարձրեց Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին` թե ինչո՞ւ Պուտինին չեն հիշեցնում «Ղարաբաղի հարցը ու սմերչի մասին, որ վաճառել է Ադրբեջանին»:

Երկու նախագահներին քննադատելու արանքում պարոն Սադոյանը անտարբեր չանցավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանից. «Հանկարծ արևմտամետ Լևոն Տեր-Պետրոսյանը անհասկանալիորեն դառնում է ռուսամետ, եվրասիական գծի կողմնակից»:

Ընդդիմության անկատարության մասին խոսելով` Արշակ Սադոյանն անցում կատարեց այն ուժերին, որոնք այս օրերին խոսում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին. «Արամ Կարապետյանին նայեցի, թե ինչ զիբիլ էր թափում բերանից, կիսաընդդիմություն է Գառնիկ Իսագուլյանը: Զզվելի է ինձ համար այն, որ ԿԲԳ-ի նախկին գործակալները փորձում են ներկայացնել և գաղափարական հիմքերով մտածում են պետության ապագայի մասին, ու ասում` բա ո՞նց, բա Ռոբերտ Քոչարյանը չգա՞: Ընդդիմությունը բարդ ու դժվարին վիճակում է. մեկ-երկու քայլ եղավ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի աղոթելու պրոցեսին չեմ ուզում անդրադառնալ: Մի քիչ լուրջ են իրենց պահում «Ժառանգության» ներկայացուցիչները և Ալիկ Արզումանյանը: Մեկ-մեկ գործը հասնում է նրան, թե այս տարիքում նորից չվերադառնա՞մ»:

Aravot.am-ը Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնչած մեղադրանքները փոխանցեց ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանին: Նա այսպես արձագանքեց. «Արշակ Սադոյանը թող մեկ անգամ էլ ուշադիր կարդա Լևոն Տեր-Պետրոսյանի` վերջին ժամանակներս արած հայտարարությունները: Ավելի ուշադիր կարդալու դեպքում արևմտամետ-եվրոպամետ հարցադրումները նրա համար կվերանան: Սադոյանը երևի ինքն էլ է շատ լավ հասկանում, ուղղակի չգիտեմ` ինչո՞ւ է այդ դիրքորոշումն ընդունում: Թող գործող իշխանությանը գնահատականներ տա, դրսինը`իրենք իրենց շահերն ունեն, իրենց շահերի համար էլ իրենց քայլերն անում են: Գործող իշխանությունը պետական անվտանգությանը վնասող գործողություններ է անում»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին էլ փոխանցեցինք ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած`Սադոյանի դիտարկումները: Նա ասաց, որ «սեքընդ հենդի սիրահար չէ, և հաշվի առնելով հետտոնական շրջանում լրագրողական նյութի պակասը և լրագրողական համերաշխությունից ելնելով` արձագանքում է»: Այնուհետև շեշտեց. «ԲՀԿ-ն ժամկետանց, ժամանակավրեպ, իրականությունից, ադեկվատությունից դուրս գործիչների չի պատասխանել և չի պատասխանելու: Վերջին շրջանում նման գործիչների ակտիվություն է նկատվում, որոնք ընդամենը փորձում են ներքաշել ԲՀԿ-ին բանավեճի մեջ իրենց ինքնարժեքը բարձրացնելու և իշխանության հիշեցնելու համար, որ իրենք ևս որպես գործիք դեռ պիտանի են: Չի ստացվելու, նման դեպքերում քանիցս խորհուրդ եմ տվել կարդալ Կռիլով, հիմա ևս խորհուրդ եմ տալիս` կարդացեք Կռիլով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031