Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր ճշտեց «Բանդայի գործով» ամբաստանյալներ Արտուշ Հակոբյանի, Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի եւ Քյարամ Ամոյանի ինքնությունները: Նա հարցրեց ամբաստանյալներից, թե արդյոք ստացե՞լ են մեղադրական եզրակացությունը:
Նա թույլատրեց ամբաստանյալ Սամվել Դավթյանին գլխարկով մասնակցել նիստին, քանի որ ամբաստանյալն ասաց, որ գլխարկը տաք է պահում, ունի գլխացավեր:
Այնուհետեւ դատավորը ճշտեց, թե ովքեր են ներկայացնում ամբաստանյալների շահերը: Պաշտպաններ Կարեն Հակոբյանը, Ստեփան Ոսկանյանը, Սամվել Հովհաննիսյանը, Հովիկ Արսենյանը եւ հանրային պաշտպանի գրասենյակից Ռաֆիկ Սաֆարյանը ոչ միայն ներկայացրին իրենց արտոնագրերը, այլ նաեւ ինքնաբացարկ չունեին դատավորին, դատական նիստերի քարտուղարին: Պաշտպանական կողմը հանդես եկավ դիրքորոշմամբ՝ շարունակել հետագա դատական նիստերը «կանգնած տեղից», այն է՝ այն փուլից, երբ ընդհատվել էր այն:
Դավիթ Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը կողմ էր շարունակել դատական նիստը, սակայն պայմանով, որ տուժողները լրացուցիչ կանչվեն դատարան:
Կարդացեք նաև
Մեղադրողը՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից Սասուն Խաչատրյանը միջնորդեց 5-6 օր ժամանակ տալ, քանի որ, ըստ նրա, աննախադեպ իրավիճակ ստեղծվեց: Ի դեպ, ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն՝ նման դեպքերում նախատեսվում է դատաքննությունը վերսկսել, ոչ թե շարունակել, ինչը հավանաբար առիթ դարձավ դատախազին՝ խորհելու համար:
Նորանշանակ դատավորը հայտարարեց նաեւ, որ ծանոթացել եւ հետազոտել է մեկ տարուց ավելի դատարանում հետազոտված ապացույցները եւ դրանք բավարար են իրեն որոշակի հետեւությունների համար:
Դատական նիստը նշանակվեց փետրվարի 12-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների բնակարաններից, առանձնատներից գողություններ կատարելու մեջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ