Թատերագետ Լեւոն Մութաֆյանը չի հրաժարվում անցած տարի ՀՀ նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի 6 անդամին ուղղված իր քննադատությունից:
Թե ինչու այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանձնախմբի անդամներին ուղղված իր հայտարարության գործով սկսված դատական նիստին չէր ներկայացել, ասաց` իր ծանուցման մեջ նշված է եղել երեկվա ամսաթիվը, իսկ ինքը դատարանին տեղեկացրել էր, որ հիվանդության պատճառով չի կարողանա ներկայանալ:
«Հանձնախումբն ունի 7 անդամ եւ չափազանց ծիծաղելի է, որ facebook-յան իմ գրառումից վիրավորվել են հանձնախմբի հինգ անդամները: Ինչպե՞ս է եղել, որ 5 –ը վիրավորվել է, 2-`չէ: Հեգնանքով եմ նայում այդ ամեն ինչին, որովհետեւ այդ մարդիկ իրենց ձեռքերը գցել են փրփուրներին` հանձնախմբի ղեկավար Գուրգեն Մուշեղյանի ղեկավարությամբ: Իրենք թույլ են տվել կեղծիքներ, ապօրինություններ: Ինձ խաբել են, թե հանձնախմբում ընդգրկված է թատերական արվեստի ներկայացուցիչ: Մի տեղ չկա այդ ներկայացուցիչը… գուցե նրանք շփոթում են թատերական ինստիտուտի պրոռեկտոր Աննա Երզնկյանին թատերական արվեստի ներկայացուցչի հետ, Աննա Երզնկյանը կինոգետ է: Այսինքն, չունենալով պատշաճ մասնագետներ, կայացրել են որոշումներ: Հանձնախումբը գլխավորապես կազմված է նկարիչներից, ճարտարապետներից»,- Aravot.am-ին ասաց պարոն Մութաֆյանը:
Նա ծիծաղելի է համարում հանձնախմբի անդամների թե նյութական թե ներողություն խնդրելու պահանջը. «Հանձնախմբի ղեկավար Մուշեղյանն ավելի մեծ գումար է պահանջում, քան հանձնախմբի անդամները: Ինքն ավելի շատ է վիրավորվել, քան հանձնախմբի մյուս անդամները: Ծիծաղելի է: Ես կբողոքարկեմ ցանկացած վճիռ»:
Կարդացեք նաև
Հետո նա պատմեց, որ զայրացած վիճակում է facebook-ում թողել իր այդ գրառումը, բայց մի քանի րոպեից հետո հանել է, իսկ դրանից հետո հանձնախմբի անդամները մամուլի հրապարակումով հակադարձել են իրեն, վիրավորել. «Դրանից հետո այդ մարդիկ հանդես են եկել իմ անձը վիրավորող, զրպարտող հոդվածով, ինձ համարելով ոչ ադեկվատ, հոգեկան հավասարակշռությունը կորցրած մարդ: Իրենք ոչ միայն պատասխանել են ինձ, այլեւ հասցրել են վիրավորանք: Դրանից հետո հանկարծ որոշել են` եկեք փող աշխատենք: Այս ամենը հանձնախմբի ղեկավար Մուշեղյանի ձեռքի գործն է: Ուզում եմ բացել փակագծեր: Այստեղ կա անձնական շահագրգռվածություն: Երբ քննարկվում էր համազգային թատրոնի շենքի հարցը, Մուշեղյանը կտրուկ դեմ էր, ես խոսել եմ իր դեմ, նա վրեժխնդիր է լինում ինձնից: Ես բացահայտել եմ իր կանխակալությունը, նա մահվան դուռը հասցրեց Սոս Սարգսյանին: Համազգային թատրոնի շենքի կառուցման հարցի քննարկման ժամանակ Մուշեղյանը բերել էր մի քանի երիտասարդների, որոնք սուլեցին (փոխաբերական իմաստով) Սոս Սարգսյանին` դեմ կանգնելով շենքի կառուցմանը… դրանից հետո Սոս Սարգսյանը գրեթե լալագին խոսեց, որ մտավորականները դեմ են թատրոնի կառուցմանը, սա մահվան դուռ հասցնել չի՞ նշանակում, արվեստագետին հարվածել չի՞ նշանակում»:
Պարոն Մութաֆյանն ասաց, որ կդիմի նաեւ blognews.am եւ pressing.am կայքերին` պարզաբանելու պահանջով: Նրա խոսքով, առանց իր իմացության են այդ կայքերը վերցրել ու հրապարակել իր facebook-յան գրառումը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի
Հարգարժան հանձնաժողովականները գրում են, թե իրականությանը չի համապատասխանում իմ այն դիտարկումը, որ մրցանակներ տրվել են հիմնականում նկարիչների՝ մեկ-երկու դեպքում միայն ճարտարապետի և կինոգործիչների՝ այսպես պատնեշելով թատերական արվեստին…
Ներկայացնեմ արխիվը.
2000 թվական – Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել
2001 թվական – Շնորհվել է Աղասի Այվազյանին ,,Մանչեսթր,, վեպի համար – գրականություն
2002 թվական –
Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար (շնորհվել է երկու մրցանակ)
«Երաժշտություն» ասպարեզում
Նիկոլայ Մադոյան` «17-20-րդ դարի ականավոր կոմպոզիտորների ջութակի 15 մանրանվագներ» կատարողական արվեստի համար և
«Ճարտարապետություն» ասպարեզում
Ալեքսանդր Բադալյան` Սպիտակ քաղաքի «Կենտրոն» թաղամասի Ճարտարապետության համար:
2003 թվական – Արվեստի և գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Ռոբերտ Էլիբեկյան` «Միստերիա» նկարների շարք համար
2004 թվական – Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
մրցանակ չի շնորհվել
2005 թվական – Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար(շնորհվել է երկու մրցանակ)
Ֆելիքս Եղիազարյան` դիմանկարների շարքի համար և
Վարազդատ Հարությունյան` «Հայկական քաղաքաշինության և ճարտարապետության տեսության ու պատմության հիմնախնդիրները» աշխատությունների և հոդվածների ժողովածուի համար:
2006 թվական – Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Հենրիկ Իգիթյան` 20-րդ դարի հայ արվեստի ուսումնասիրության և պրոպագանդայի գործում ունեցած մեծ ներդրման համար:
2007 թվական – Արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար
Արամազդ Կարապետյան-Շիրազ` «Կանչեր հոգևոր» 7 քանդակների համար:
2008 թվական – Արվեստի բնագավառում
Ռուբեն Կևորկովին,
Վահե Կևորկովին,
Ռուբեն Ջաղինյանին,
Սամվել Բաբասյանին
«Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմի համար
2009 թվական – Արվեստի բնագավառում
Գետիկ Բաղդասարյանին,
Ջիմ Թորոսյանին
«Ներսես Աշտարակեցի» հուշարձանի համար
2010 թվական – Արվեստի բնագավառում
Հարություն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ,
Միքայել ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ,
Ռուբեն ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ,
Վրեժ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ,
Կարեն ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ
«Սահման» ֆիլմի համար
2011 թվական – Արվեստի բնագավառում
Գարրի ՌԱՇԻԴՅԱՆԻՆ
«Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում և առաջիկա խնդիրները» հետազոտության, մշակման և ներդրման համար
2012 թվական –
Հակոբ Հակոբյան
Հենրիխ Էլիբեկյան
Խնդրում եմ նշել՝ մեզանից ո՞վ է զրպարտում…
1. Գուրգեն Մուշեղյան- ճարտարապետ
2. Ռուբեն Արևշատյան – կերպարվեստագետ, ,,Բիենալե,,-ի տաղավարի հոգաբարձու
3. Սարո Կալենց – նկարիչ
4. Աննա Երզնկյան – կինոգետ
5. Մարգարիտա Ռուխկյան – երաժշտագետ
6. Տարոն Մուրադյան – գեղանկարիչ
7. Արթուր Մեսչյան – ճարտարապետ
8. Սարգիս Համալբաշյան – գեղանկարիչ
Որևէ մեկդ այստեղ տեսա՞ք թատերագետի, դրամատուրգի, բեմադրիչի, դերասանի…