Լրահոս
Օրվա լրահոսը

Facebook-յան գրառման համար պատասխանատվության են կանչել Լեւոն Մութաֆյանին ու նրա գրառումը հրապարակած կայքերին

Հունվար 15,2014 15:17

ՀՀ նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի 5 անդամ դատի են տվել թատերագետ Լեւոն Մութաֆյանին ` վիրավորելու եւ իրենց պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորելու համար:

Լեւոն Մութաֆյանից պահանջում են 3 միլիոն դրամ, հրապարակային ներողություն:

Այսօր Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանում այս գործով նախնական նիստն էր, որին չէր ներկայացել ոչ պատասխանող կողմը` Լեւոն Մութաֆյանը, ոչ նրա փաստաբանը, ոչ էլ գործով ներգրավված երրորդ անձինք` Blognews.am կայքի խմբագիր Արամ Անտինյանը եւ pressing.am կայքի խմբագիր Ռոբերտ Կանարյանը: Հենց այս կայքերով են հրապարակվել թատերագետի հայտարարությունները, որոնք, ըստ հայցվոր կողմի զրպարտություն ու վիրավորանք են պարունակում:

Հայցվոր կողմի փաստաբան Արմինե Եղիկյանը միջնորդեց շարունակել դատական նիստը`հաշվի առնելով, որ պատասխանող կողմին պատշաճ ծանուցվել է: Դատարանն էլ անհարգելի համարեց նրանց չներկայանալն ու շարունակեց դատական նիստը:

Արմինե Եղիկյանը ներկայացրեց հայցի առարկան ու պահանջները. «Պարտավորեցնել Լեւոն Մութաֆյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել վիրավորելու համար: Քաղաքացիական գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ընթացքում, կայքերի միջոցով հրապարակել դատարանի վճիռը եւ Մութաֆյանից հօգուտ հայցվորների բռնագանձել մեկ միլիոն դրամ: Իսկ զրպարտելու համար վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթյա ընթացքում Blognews.am եւ pressing.am կայքերով հերքել 09.05.2013 Blognews.am –ում եւ 26. 05.2013-ին pressing.am կայքում տեղադրված զրպարտություն պարունակող տվյալները: Զրպարտության համար հօգուտ հայցվորների Մութաֆյանից բռնագանձել փոխհատուցում՝ 2 միլիոն դրամ»:

«Հիմնադրամի պատասխանատուները եւ «Արվեստ» անվանակարգի մասնագիտական փորձագիտական հանձնախումբը վաղուց ձեւավորել են հակաարվեստային սկզբունքների մի ամբողջ մեխանիզմ, որն էլ, գործի դնելով, արդեն քանի տարի է արգելք են դրել արվեստի այլ տեսակների եւ այլ ստեղծագործությունների դիմաց: Մրցանակը հիմնականում շնորհելով նկարիչների, միայն մեկ երկու դեպքում `ճարտարապետների եւ կինոգործիչների: Այսինքն, ձեւավորվել է, այսպես կոչված, նկարիչների մաֆիա, որը հերթագրել է ծանոթ, մտերիմ նկարիչներին եւ ամեն մրցանակաբաշխության ժամանակ հենց նրանց են շնորհում մրցանակները `սխալ պատկերացումներ ձեւավորելով մեր արվեստի, մասնավորապես, թատրոնի եւ կինոյի մասին: Հեռու լինելով թատերարվեստից, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ առաջնորդվելով թայֆայական շահերով, այս հանձնախումբը պատերազմ է հայտարարել թատրոնին եւ կինոյին` յուրովի սեփականաշնորհելով նախագահի մրցանակը»,- ըստ փաստաբանի, 09.05.2013 –ին Blognews.am-ում հրապարակված Մութաֆյանի facebook-ի այս գրառումն է վիրավորում եւ զրպարտում հայցվորներին, արատավորում նրանց գործարար համբավը, պատիվն ու արժանապատվությունը` մեղադրելով որպես արվեստագետներ` հակաարվեստային սկզբունքներ ներդնելու ու դրանցով առաջնորդվելու եւ այլ արարքների մեջ:

Փաստաբանն ասաց, որ մաֆիայի եւ հերթագրելու վերաբերյալ Մութաֆյանի հայտարարությունը զուրկ է հիմնավորումից եւ չի համապատասխանում իրականությանը:

Որպես զրպարտություն էլ փաստաբանը ներկայացրեց նաեւ pressing.am-ում հրապարակված թատերագետի հայտարարությունը. «Նախագահի մրցանակի 2012 մրցանակաբաշխության «Արվեստ» անվանակարգում տեղի է ունեցել կեղտոտ առեւտուր: Նկարիչ Հենրի Էլբակյանը հանձնախմբի անդամներին խոստացել է նվիրաբերել մրցանակային ֆոնդի 10.000 դոլարից 5.000 դոլարը, խոստման արդյունքում էլ արժանացել է մրցանակի»:

Փաստաբանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում Մութաֆյանի ասածները. «Իսկ եթե պատասխանողը գտնում է, որ իրականությանը համապատասխանում են , ապա պետք է ապացույցներ ներկայացնի»:

Դատական նիստի ավարտին, դատարանը բաշխեց ապացույցների բեռը: Վիրավորանքի մասով ապացույցները` հայցվոր կողմին, իսկ պատասխանողն էլ պետք է ապացուցի, որ զրպարտող հայտարարություններ չի արվել, որոնք կարող էին արատավորել հայցվորների պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Դատական հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին, դատարանը լրացուցիչ  կտեղեկացնի կողմերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    էս քրեականի գործն ի՞նչ եղավ, նորություն չկա՞

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031