Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Հայաստանը գլուխ կբարձրացնի, երբ երեք նախագահներն էլ դուրս գան քաղաքականությունից» (Տեսանյութ)

Հունվար 15,2014 15:08

«Ճիշտ է, դա է վտանգը եւ դա շատ մեծ վնաս բերող բան է: Մարդիկ դառնում են նախագահ, կուտակում են մեծ ֆինանսական միջոցներ, որոշ մարդկանց` նեղ մարդկանց շահերն ապահովելով՝ նաեւ ձեւավորվում են օլիգարխիաներ, հետո, այդ ուժն օգտագործելով նորից ժողովրդի դեմ` փորձում են քաղաքականության մեջ նորից դերակատարություն ունենալ»,- այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում ասաց Քրիստոնեաժողովրդական կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը`համաձայնելով Aravot.am-ի դիտարկմանը, որ գործող նախագահն օբյեկտիվորեն ակտիվ է. տարեվերջին ակտիվանալու դիրքորոշումներ արտահայտեցին եւ երկրորդ, եւ առաջին նախագահները: Փաստորեն, Հայաստանը կրկին հայտնվում է երեք նախագահների եռանկյունում:

Սոս Գիմիշյանը գտնում է, որ սահմանադրական փոփոխությամբ պետք է արգելել նախագահներին` երկու անգամից ավելի ընտրվել, որպեսզի կարողանանք ձերբազատվել այս իրավիճակից: «Հայաստանը գլուխ կբարձրացնի, շունչ կքաշի, երբ որ երեք նախագահներն էլ դուրս գան քաղաքականությունից: Ես չեմ տեսնում այնտեղ այնպիսի գործիչ, որը կարող է մեր երկրին օգուտ բերել: Երեքն էլ բազմաթիվ անգամ ժողովրդի վստահությունից օգտվել են եւ, ցավոք, ոչ ի շահ ժողովրդի ու պետության եւ այդ շահի մեջ չտեսավ իր շահը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Այն, որ նախկին նախագահների եւ քաղաքական դաշտի ակտիվության համար ընտրվեց հենց այս պահը, երբ դեռ առաջիկա ընտրություններին կարծես տեւական ժամանակ կա, Սոս Գիմիշյանը օբյեկտիվ է համարում: «Խորհրդարանական ընդդիմադիր կոչվող ուժերը, որոնց մանդատները Սերժ Սարգսյանի որոշմամբ է տրված, արեւմտյան կողմնորոշման են: Կան ուժեր, մասնավորաբար, ՀԱԿ-ը, որոնք փորձում են խաղեր տալ`ՌԴ-ին ստիպել լուրջ ու դրական վերաբերվել իրենց: Բայց երեւի ՌԴ-ն մերժել է, դրա համար էլ իրենք հիմա այս պրոցեսի մեջ են»,- ասաց նա՝ հավելելով, որ քաղաքական ուժերի միակ շանսը մինչեւ Մաքսային միության փաստաթղթերի վերջնական ստորագրումն է: Դրանից հետո, նրանք շանս չունեն: Թեպետ, այս պարագայում էլ բանախոսն առանձնակի շանսեր չի տեսնում: Հիշեցնում է, որ այդ ուժերից որոշները հինգ հարյուր հազարանոց հանրահավաքներ էլ են արել, բայց ոչինչ փոխել չեն կարողացել: Հիմա ի՞նչ հուժկու ալիք պետք է կարողանան բարձրացնել:

«Ես չեմ տեսնում առաջընթացը»,-եզրափակեց Սոս Գիմիշյանը:

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանին համարում է արեւմտամետ գործիչ, ի հեճուկս այն համոզման, որ նա ռուսական դաշտում է գործում.«Դրա ամենավառ տարբերակը`«Մեղրիի տարբերակն էր»: Դա Արեւմուտքի պատվերն էր, որն ինքը փորձում էր կյանքի կոչել`իր նախագահ դառնալու դիմաց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031