Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված Քոչարյանն էնքան է մեղավոր, որքան Վազգեն Սարգսյանը»

Հունվար 15,2014 14:50

Այսօր՝ հունվարի 15-ին, «Զարկերակ» մամուլի ակումբում ասուլիսի մեկնարկին Արամ Հարությունյանը լրագրողներին ցանկացավ ներկայանալ որպես Եվրոպայի հայկական միությունների ֆորումի ներկայացուցիչ, եւ ոչ որպես «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ:

Պարոն Հարությունյանը լրագրողների հետ խոսեց Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճի հնարավոր զարգացումների մասին: «Ես այսօր ներկայացնում եմ եվրոպահայության տեսակետը այն իմաստով, որ միակ խնդիրը նորմալ պետություն ունենալն է, եւ այդ ճանապարհին ամենակարեւոր հարցը իշխանափոխությունն է: Եթե մենք նկատում ենք` այդ վեցը տարվա մեջ, այդ իշխանությունները երկիրը ինչ օրի հասցրեցին, փոխանակ հեռանալու, իրենք փորձում են բացատրություններ տալ եւ անգամ մեղքը գցել նախկին իշխանությունների վրա: Զավեշտականն էլ այն է, որ նույն Հանրապետական կուսակցությունն արդեն երեք անգամ ուրացավ, եթե առաջին անգամ նրանք ուրացան 98 թվականին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետագայում Վազգեն Սարգսյանին, ապա էս անգամ արդեն Քոչարյան-վարչապետ երկխոսության մեջ, ես դա նույնիսկ երկխոսություն էլ չեմ համարի, այստեղ նրանք արդեն ուրացան նաեւ Անդրանիկ Մարգարյանին, որովհետեւ այն, ինչ ասաց Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, ըստ էության, քննադատություն էր, մեղքը բարդել էր Անդրանիկ Մարգարյանի վրա, որովհետեւ ի վերջո այդ ժամանակ վարչապետը Անդրանիկ Մարգարյանն էր, եւ Հանրապետականը իշխող մեծամասնություն էր»,- ասում է պարոն Հարությունյանը, որը նշում է՝ կարելի է կանխատեսել, թե Հանրապետականները իշխանափոխության ժամանակ՝ ու՞մ կարող են դավաճանել:

Ըստ նրա՝ եթե մի օր Քոչարյանը որոշի գալ իշխանության եւ բավարար ռեսուրսներ ունենա, չի զարմանա, երբ դավաճանեն Սերժ Սարգսյանին:

Ըստ Արամ Հարությունյանի՝ իրավիճակից դուրս գալու միակ ելքն իշխանափոխությունն է, նախագահը հրաժարական պետք է տա, վարչապետի մասին էլ ասում է. «Տիգրան Սարգսյանը բրոնեժիլետն է Սերժ Սարգսյանի, բայց լինում է, որ հարվածն այնքան ուժեղ է լինում, որ բրոնեժիլետը ծակում, անցնում է»:

Aravot.am-ի այն հարցին, թե ինչով է պայմանավորված Քոչարյանի «ակտիվությունը», պարոն Հարությունյանը պատասխանեց. «Քոչարյանը միշտ էլ համարյա թե կարեւոր հարցերի հետ կապված իր դիրքորոշումն արտահայտել է, նույն հայ-թուրքականի հետ կապված եւ այն հարցազրույցը, որ ասել էր, որ կգամ քաղաքականություն եթե… ու երեք պայման էր դրել: Բայց սա ոչ այնքան կապված է այն երեք պայմանների հետ, այլ որ Ռոբերտ Քոչարյանի համար ընդհանրապես անընդունելի էր վարչապետի ցինիկությունը, երբ ամեն ինչը բարդվում էր նախկին իշխանությունների վրա, եւ հակառակը, ցույց էր տրվում, որ նախկին իշխանություններն են մեղավոր, որ այսօր վիճակը վատ է»:

Պարոն Հարությունյանն ասում է, որ ուզում է հավատալ, որ եթե նույնիսկ Քոչարյանը գա, դա կլինի ուրիշ Քոչարյան, ով սխալները կփորձի սրբագրել՝ առաջին հերթին Տիգրան Սարգսյանների եւ Սերժ Սարգսյանների նման մարդկանց իր թիմում չընդգրկելով: «Բայց որ Հայաստանին պետք է մի մարդ, որ էլ Ռուբեն Հայրապետյաններ, Սաշիկ Սարգսյաններ չեն լինի, դա փաստ է»:

Մեր դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի շրջանում եղան աղմկահարույց դեպքեր, որոնք հասարակությունը դեռ հիշում է, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի հետ կապված Քոչարյանն էնքան է մեղավոր, ես կարող է մի քիչ դաժան բան եմ ասում, որքան Վազգեն Սարգսյանը, որովհետեւ ինքը վարչապետ ա էղել էն շրջանում, որի օրոք իրեն սպանեցին»:

Ըստ Արամ Հարությունյանի՝ մարտի 1-ի դեպքում էլ երեք նախագահներն են մեղավոր, նաեւ կաթողիկոսը: «Ես հիմա ոչ մեկի մասին չեմ ուզում խոսել, եթե ես խոսեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի մասին, նշանակում է ես ջուր եմ լցնում այսօրվա իշխանությունների ջրաղացին,- ասում է նա եւ ավելացնում,- ով որ խոսեց այլ թեմայով՝ Սերժ Սարգսյանից եւ Տիգրան Սարգսյանից բացի, դա նշանակում է՝ իշխանությունների համար է անում, որովհետեւ մեր նպատակը իշխանափոխություն անելն է»:

Այն հարցին, թե իշխանափոխության դեպքում ում է տեսնում ժողովրդի առաջնորդ, պարոն Հարությունյանը պատասխանում է. «Հիմա եթե մեկն ասի՝ Պողոսը լինի, միանգամից պառակտում է լինելու, այդ խնդիրը չպիտի լինի: Մեր խնդիրն է ազատվել իրենցից եւ ստեղծել նորմալ պայմաններ….  Այսօր եթե ասենք՝ ո՞վ կլինի ու սկսենք վիճել այդ թեմայով. դա նշանակում է՝ շեղվում ենք»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031