Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյանը հավանական չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանը կդառնա խորհրդարանական ընդդիմության առաջնորդ (Տեսանյութ)

Հունվար 15,2014 14:42

Ռոբերտ Քոչարյանի`քաղաքականություն վերադառնալու ցանկությունն այնքան մեծ է, որ իր համար անգամ կարեւոր էլ չի, թե ինչ հարցերի շուրջ դրսեւորել ակտիվությունը, միայն թե`աղմուկ լինի: Այս հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է: Այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում իր կարծիքը բարձրաձայնեց Քրիստոնեաժողովրդական միություն կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը`ի հեճուկս երկրորդ նախագահի այն ակնարկների, որ ինքը չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի նպատակները բանախոսն ակնհայտ քաղաքական է համարում:

Ինչ մնում է նրա հարցազրույցներում հնչած քննադատություններին, Սոս Գիմիշյանը չի կարծում, որ 1990 թվականից ի վեր չկա մի պաշտոնյա, որը բարոյական հիմք ունենա քննադատելու մեկ այլ պաշտոնյայի`բոլորն էլ շատ վատ են աշխատել, շատ թերություններ ու հանցագործություններ են թույլ տվել: «Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք ոչ պակաս հանցագործություններ են տեղի ունեցել, քան այսօր: Այդ իշխանությունների տարբերությունը ես չեմ տեսնում»,- ասաց նա`հավելելով, որ նախկինում պետական ունեցվածքն էր վաճառվում, այսօր, քանի որ բան չի մնացել, ժողովուրդն ու բյուջեն են հարստահարվում: Նա համոզված է, որ այսօրվա կառավարությունն ու իշխանությունը չգործեն, ժողովուրդն ավելի լավ կապրի:

Այլ մանրամասները`տեսանյութում

Այնուհանդերձ, Սոս Գիմիշյանը բացառում է, որ իրականություն կդառնա Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու ցանկությունը. «Ինքը ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, բայց ես բացառում եմ: Ինչո՞վ պետք է վերադառնա`հոկտեմբերի 27-ո՞վ , մարտի 1-ո՞վ, բազմաթիվ քաղաքական այլ`չբացահայտված սպանություններո՞վ, կոնյակի գործարանի վաճառքո՞վ. «ԱրմենՏելի», Էլցանցերի վաճառքո՞վ: Ինչո՞վ»:

Գիմիշյանը Քոչարյանին քաղաքական գործիչ չի համարում, բայց լավ կազմակերպիչ է համարում ու գտնում է, որ, եթե վերջինիս պաշտոն տրվի, օրինակ՝ վարչապետ դառնա, հրամաններ սկսի տալ, պետական ապարատը լավ կարող է կազմակերպել`նկարչության համար: Ամեն դեպքում, նաեւ գտնում է, որ հայ ժողովուրդը դեռ երկար է ապրելու, չի կարծում, որ դա կհանդուրժի: Բայց, իր համար ավելի վտանգավոր է, եթե Քոչարյանը իր փոխարեն առաջարկի չեզոք անձի:

Լրագրողներից մեկի հարցին`հավանական համարո՞ւմ եք, որ Քոչարյանը ցանկանում է դառնալ խորհրդարանական չորս ընդդիմադիր ուժերի առաջնորդ, բանախոսը պատասխանեց. «Հավանական չեմ համարում: Այդ ուժերը չեն համաձայնվի, որ Քոչարյանը դառնա նրանց առաջնորդ: Անհաջողության մատնվող տարբերակ է»: Բանախոսը, իհարկե, ոչինչ չի բացառում այն պարագայում, երբ աշխարհը գործում է փողի միջոցով`կարելի է ճնշել, նկարել. «Ինչպես դարձել է ինքը նախագահ: Բոլորս լավ գիտենք: Բայց դա շատ քիչ հավանական եմ համարում»:

Բացի այդ, Գիմիշյանը նկատում է, որ այդ ուժերը տարբեր նպատակներ են հետապնդում. «ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն սերտորեն համագործակցել են Ռոբերտ Քոչարյանի հետ, այսօր էլ կարող են նրա հենարանը հանդես գալ: Մնում է ՀՀՇ-ՀԱԿ եւ «Ժառանգությունը»: Այս բոլոր ուժերը, ժողովրդի կողմից գոնե մեկ անգամ վստահության քվե ստացել են եւ բացարձակապես չեն արդարացրել: Ժողովուրդը չի վստահի իրենց: Մնում է նկարչությամբ զբաղվել, բայց այսօր իշխանությունն այլ ուժերի ձեռքում է»:

Քոչարյանի վերադարձի իրական հնարավորությունն, ըստ բանախոսի, կերեւա, եթե նրան վարչապետ նշանակեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031