Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ տղամարդն» ու «գավառական վարժապետի ինքնագովազդը»

Հունվար 15,2014 14:15

ՀՀՇ նախկին անդամ Երջանիկ Աբգարյանի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանը խաղալիք է ղարաբաղյան կլանի ձեռքում, իսկ Սերժ Սարգսյանը կհեռանա նախագահական ժամկետից շուտ:

– Ինչպե՞ս եք գնահատում անցած տարեվերջին սկսված եւ շարունակվող վարչապետ Տիգրան Սարգսյան-նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճը:

– Դեմ դիմաց փոխադարձ ծառանալն ու ֆշշացնելը, ինչպես կենդանական աշխարհում է պատահում, ոչ միշտ է ավարտվում մահացու խայթոցով: Վերջին հաշվով մենք մեզ պետք է հարց տանք` ո՞վ է Տիգրան Սարգսյանը ղարաբաղյան կլանի աչքում: Ո՞ւմ հայտնի չէ, որ այս մարդը միայն կլանի ենթական է՝ ինչպես Սերժ Սարգսյանի իշխանության մյուս բոլոր «գլխավոր» դեմքերը եւ «ամենակարող» օլիգարխները: Միայն այն, երբ դիտարկում ենք, թե Տիգրան Սարգսյանն անցյալ սեպտեմբերի 3-ից առաջ ինչպիսի ջերմեռանդությամբ եւ հիմնավորումներով էր պաշտպանում ԵՄ-ի առաջարկած համաձայնագրերը, իսկ դրանից հետո ինչպիսի անամոթ «փաստարկումներ» էր կատարում` արդարացնելու համար իր շեֆի հակապետական եւ հակասահմանադրական որոշումը` ռուսական Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու վերաբերյալ, ցույց է տալիս, որ այդ մարդը խաղալիք է կլանի ձեռքում: Ուրեմն այստեղ այդ «բանավեճ» կոչվածն ավելի ճիշտ կլիներ կոչել հակառակ կողմի մենախոսություն, քանի որ Տիգրան Սարգսյանի անձն ու նրա արտահայտած «կարծիքները», ըստ էության, զրոյական արժեք ունեն կլանի աչքում: Իրականում այդ մենախոսության հեղինակը, ինչպես սազական է իր դեմ «տղամարդ» չտեսնողին, գավառական վարժապետի ինքնագովազդ է անում` այն համեմելով իր համար «նոր» եզրույթներով եւ հայտնի «ինքնատիպ» մտավարժանքներով: Այս բոլորը Մոսկվայի կողմից ղարաբաղյան կլանին հանձնարարված խաղ է:

Հարցի արժեքը Սերժ Սարգսյանի գնալով խորացող անպիտանությունն է Մոսկվայի աչքում, որն անհանդուրժելի կդառնա արդեն առաջիկա մայիսին նախատեսված համաձայնագրերի ստորագրումից հետո: Այսինքն` «մավրը կատարեց իր գործը, մավրը պետք է հեռանա» արտահայտությանը համապատասխան, մանավանդ` այն իրողության համատեքստում, որ երկրում Սերժ Սարգսյանի վարկանիշը համարյա զրոյական է: Ինչ վերաբերում է «միակ տղամարդուն», ապա նա այս իրողություններին ընդառաջ՝ զավեշտալի փորձեր է կատարում այդ խաղի մեջ մտնելու եւ դրա մասնակիցը դառնալու համար: Այս անձի կապակցությամբ ես մնում եմ այն կարծիքին, որն անցյալում արտահայտել եմ Ձեր թերթում` որ նա ավելի շուտ իր ծոծրակը կտեսնի, քան նորից իշխանություն վերադառնալը:

– Ռոբերտ Քոչարյանը խոսում է վարչապետի սխալների մասին, բայց չի քննադատում նրա վերադասին` Սերժ Սարգսյանին:

– Տվյալ պարագայում դա չի մտնում կլանում գործող կանոնների մեջ՝ ո՛չ միայն նրա համար, որ նրանք նույն կլանի անդամներ են կամ հին ընկերներ, կամ նույնիսկ` «սիամական երկվորյակ», այլեւ այն իրողության հաշվառմամբ, որ Սերժ Սարգսյանը հաստատապես գնացող է իր նախագահական ժամկետի ավարտից շատ շուտ: Բացի այդ, դա երկուսի համար էլ վտանգավոր է:

– Ռոբերտ Քոչարյանի կեցվածքը խոսո՞ւմ է մեծ քաղաքականություն վերադարձի հավակնությունների մասին:

– Երազել ոչ ոքի չի արգելվում: Այլ բան է իրականությունը, երբ տվյալ անձը իր վերաբերյալ ժողովրդի մեջ թողել է նողկալի հիշողություններ անպատիժ մնացած պետական եւ քրեական ծանրագույն հանցագործությունների մասին:

– Ռոբերտ Քոչարյանի առաջին հարցազրույցին ՀՀԿ-ականները չարձագանքեցին: Բայց երկրորդ հարցազրույցը դարձավ ՀՀԿ-ական երիտասարդների քննադատության թիրախ: Ինչպե՞ս դա հասկանալ:

– Վստահ եմ, որ ՀՀԿ-ն անապագա կազմավորում է, եւ այն՝ իր երիտթեւով, իմ հետաքրքրությունների շրջանակում քննարկվող հարցերում դեր ու տեղ չունի:

– 2013-ի իր վերջին ելույթներով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կարծես ակնարկեց, որ գարնանը ակտիվանալու է: Հայաստանը նորից հայտնվում է երեք նախագահների եռանկյունո՞ւմ: Ի՞նչ է դա տալիս մեզ:

– Գնալով վատթարացող իրադրությունը բնականորեն թելադրում է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թվում՝ ՀԱԿ-ին, քաղաքական պայքարի ակտիվ գործունեության անցնել: Կոնկրետ, թե ինչեր է ձեռնարկելու ՀԱԿ-ը` ես տեղյակ չեմ: Ձեր այդ «երեք նախագահների եռանկյունի» ձեւակերպումը ինձ համար անհեթեթ է: Այսինքն` եթե գա տասներորդ նախագահը, դա կլինի տասը նախագահների տասնանկյո՞ւն: Ինչո՞ւ եք հակված անպայման իրար կցմցել հակոտնյա, իրարամերժ եւ անհամատեղելի երեւույթներ, որոնց «ընդհանրությունը» կամ մտասեւեռման արդյունք է, կամ էլ ընդամենը առերեւույթ: Հայ ժողովուրդը պարտավոր է իր ազատ կամքով ընտրել իր իշխանության ընտրովի ներկայացուցիչներին: Ես վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այն անձնավորությունն է, որը ներկայումս կարող է կանգնեցնել եւ փոխել մեր երկրի ներկա խայտառակ եւ աղետալի ընթացքը եւ վերականգնել նրա արժանապատիվ տեղը աշխարհի ժողովուրդների շարքում: Բոլոր քաղաքական ուժերի հավակնորդների կարողությունը կցուցադրվի ժողովրդին, որի չկեղծված` իրական քվեն 1991-ից առ այսօր բաժին է հասել միայն իրական արժանավորին՝ անկախ այն բանից, որ ընտրությունների արդյունքները մի շարք դեպքերում ի վերջո կեղծվել են: Ես իսկապես չեմ հասկանում Ձեր հարցերում սպրդող «դատապարտվածության» այդ հանգ ու բանը: Ո՞վ կարող է ասել, թե անպայման պետք է ընտրել ձեր ասած «երեք նախագահներից» մեկին: Դուք ուզում եք ասել, թե նրանցից հետո ջրհեղե՞ղ է լինելու, թե նրանք անփոխարինելի՞ են: Բնության մեջ այդպիսի բաներ չեն լինում: Եթե ես ասում եմ, որ այսօր մեր քաղաքական դաշտում ինձ համար ՀՀ նախագահի ամենաարժանավոր թեկնածու է մնում Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա սա ասում եմ՝ նրան համեմատելով ոչ թե մյուս երկու դուրսպրծուկ (ինձ համար կա մեկ նախագահ եւ իշխանության երկու ուզուրպատոր) հանցագործների հետ, այլ Հայաստանի քաղաքական դաշտում առկա հայտնի գործիչների հետ, որոնց համեմատ նա մեծ առավելություններ ունի իր գիտելիքների ահռելի պաշարով, ժողովրդի շահերին իր նվիրվածությամբ, իր սկզբունքայնությամբ, իր ճկուն մտածելակերպով, իր փորձով, իր քաղաքական գրագետ թիմով եւ այլն, եւ այլն: Բայց սա չի նշանակում, որ վաղը չի հայտնվի մեկ այլ գործիչ, որը կունենա նախագահին արժանի հատկանիշներ: Հայ հասարակությունն այսօր լայն մտահորիզոնով նորանոր գործիչների կարիք ունի, որոնց, հնարավոր է, այսօր մենք տեսնում ենք, բայց նրանք դեռ չեն նկատվում որպես այդպիսին: Մի խոսքով` սա սովորական իրադրություն է քաղաքական ասպարեզում եւ ոչ թե Ձեր ասած՝ «երեք նախագահների» շուրջպար:

– Տարածաշրջանային այս խաղերում ի՞նչ է սպասվում Հայաստանին` ներքաղաքական այս լարված ու ծանր սոցիալական իրավիճակով:

– Տարողունակորեն շատ ընդգրկուն հարց եք տալիս, որին կփորձեմ պատասխանել շատ հակիրճ: Աշխարհում եւ մեր տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր զարգացումներ եւ գործոններ, որոնք երկրներից առաջնահերթորեն պահանջում են նոր մոտեցումներ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային խնդիրների լուծման ասպարեզներում: Այդ ասպարեզում Հայաստանը, դժբախտաբար, շատ նեղ ու թույլ դիրքերում է հայտնվել` իր ուղեգիծը տեղադրելով հակազգային, հակապետական, հակաժողովրդական եւ հակաժողովրդավարական «հիմքերի» վրա: Չնայած այդ իրողություններին՝ նոր զարգացումները նոր ոլորտներ ու ասպարեզներ մտնելու հնարավորություններ են ընձեռում, որոնցից պետք է աշխատեն օգտվել մեր երկիրն ու ժողովուրդը: Դրա համար հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը առաջնահերթորեն կարիք ունեն շտապ իշխանափոխության` ազատվելու համար տգետ եւ անկարող ներկա իշխանությունից, որը իր երկրի պետականությունն ու ինքն իրեն իր ժողովրդի միջոցով ամրապնդելու փոխարեն՝ աջ ու ձախ հրաժարվում է իր լիազորություններից եւ պետական ունեցվածքներից եւ դրանք հանձնում օտարի տնօրինությանը:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. լյովա մարտիրոսյան says:

    չքվեք բանսարկու մատնիչ ու լրտես ,անաղարտ հայը երբեք չի հավատա ձեզ՝ երկրի կործանարարներ, ձեր հանգրվանը հրապարակում ձեզ կախելն է :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031