Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կա վտանգ, որ ընդդիմությունը կարող է ներքաշվել միջկլանային «ռազբորկաների» դաշտ

Հունվար 15,2014 14:09

Ըստ Էդգար Վարդանյանի՝ այդ վտանգը հնարավոր է չեզոքացնել,
եթե համագործակցության հիմքում դրված լինի, մասնավորապես, Իրավունքը

– Հունվարի 18-ին ԱԺ չորս ուժերը նախատեսում են հանրահավաք անցկացնել, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը՝ մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Պարոն Վարդանյան, համագործակցությունը կարո՞ղ է շարունակական դառնալ, հիմքեր տեսնո՞ւմ եք այս ուժերի համագործակցության հիմքերի ամրացման առումով:

– Համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ դիսկուրսը արդիական էր դեռ անցյալ տարի, նշանակում է, որ համագործակցությունը ինչ-որ խնդիրների շուրջ ոչ թե իրավիճակային որոշում է, այլ երկարատեւ մտորումների արդյունք: Այն ինչ-որ առումով ժամանակի պահանջ է, վերջին շրջանում որոշակի շահագրգռվածություն կար քաղաքական եւ քաղաքացիական ուժերի շրջանում լայն կոնսոլիդացիա ապահովելու եւ մեծացնելու ճնշումը Սերժ Սարգսյանի թիմի, ներկայիս իշխանությունների նկատմամբ: Եվ այսօր, երբ խոսում ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի կամ «գազային» համաձայնագրի դեմ միասնական հանդես գալու մասին, ապա պետք է նշենք, որ այս ամենը այդ դիսկուրսի արդյունքն է: Կարծում եմ, որ վերոնշյալ օրենքները լավ առիթ են հանդիսացել ընդդեմ Սերժ Սարգսյանի թիմի ակտիվ գործողություններ սկսելու համար:

– Արդյունք կտա՞ այդ համագործակցությունը նշյալ հարցի շուրջ:

– Դժվար է ասել: Չեմ կարծում, որ իշխանությունները կհրաժարվեն կենսաթոշակային նոր համակարգից, քանի որ վերջինս նրանց համար շատ անհրաժեշտ ֆինանսներ է բերելու, բայց հաշվի առնելով բարձրացված մեծ աղմուկը՝ չի կարելի բացառել, որ որոշակի զիջումների գնան, օրինակ՝ հետաձգեն օրենքի կիրառումը եւ դրանով իսկ փորձեն դեակտուալիզացնել խնդիրը եւ չեզոքացնել ակտիվության առաջացման առիթներից մեկը: Ամեն դեպքում, ինչպես արդեն նշեցի, կարծում եմ, որ չորս խմբակցությունների միջեւ համագործակցությունը թե գազային, թե այժմ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցերի շուրջ հետապնդում է ավելի մեծ խնդիր` Սերժ Սարգսյանի իշխանության դիրքերի խարխլում, հնարավոր է, նրա կամ առնվազն նրա փոքր թիմի՝ իշխանությունից հեռացնելը, եւ այդ առումով այստեղ, կարծում եմ, խմբակցությունների համար ավելի կարեւոր է ինքնին համագործակցության կայանալու փաստը:

Պետք է նշել նաեւ, որ համագործակցությունը չի սահմանափակվում այդ չորս ուժերով, կա նաեւ հինգերորդ կողմը՝ քաղաքացիական ակտիվիստները։ Քաղաքական ուժերն էլ այսօր գիտակցում են, որ առանց այդ սեգմենտի մասնակցության իրենց համագործակցությունն անարդյունավետ է լինելու: Մի կողմից՝ քաղաքական ուժերը փորձելու են մասնակցել քաղաքացիական խմբերի ակտիվ գործողություններին, մյուս կողմից՝ նրանք փորձելու են մասնակից դարձնել քաղաքացիական ակտիվ խմբերին իրենց կողմից առաջ քաշվող հարցերի շուրջ գործողություններին:

– Կարծում եք՝ այդ գործողությունները կարո՞ղ են բերել իշխանափոխության:
– Չեմ կարող նման կանխատեսումներ անել, բայց կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, նոր ակտիվ փուլ է սկսվում, հնարավոր է լինեն բողոքի նոր գործողություններ` ցույցեր, երթեր, պիկետներ, միգուցե փորձ արվի նաեւ գործադուլներ կազմակերպել եւ այլն:

– Ինչո՞ւ այս ձեւաչափը սկսեց աշխատել հիմա: Մինչ այժմ, կարծես, չէր ստացվում, ինչպե՞ս եղավ, որ արդեն հնարավոր է նման համագործակցությունը, նախկինում քաղաքական ուժերի փորձերն անօգուտ էին, համագործակցության փորձերն ավարտվում էին միմյանց քննադատելով, իսկ քաղաքացիական խմբերն այնքան էլ բարյացակամ չէին քաղաքական ուժերի նկատմամբ, գրկաբաց չէին ընդունում:

– Նախ` խնդիրն այն է, որ քաղաքացիական խմբերի մի զգալի մասը այսօր արդեն տեսնում է, որ բոլոր հիմնական խնդիրները համակարգային բնույթ ունեն, եւ հատվածական պայքարը արդյունավետ չէ, պետք է կոմպլեքսային պայքար մղվի: Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք, որ տարբեր լոկալ խնդիրներով զբաղվելով հանդերձ՝ քաղաքացիական ակտիվիստների մի զգալի մասը իշխանափոխության, սահմանադրական կարգի հաստատման պահանջներ է ներկայացնում, եւ բնական է, որ հանձինս նման պահանջներ ներկայացնող քաղաքական սուբյեկտների՝ արդեն կարող է տեսնել դաշնակցի: Մինչդեռ նախկինում, երբ նոր էին ձեւավորվում քաղաքացիական խմբերը, շատ քչերն էին կողմնակից, որպեսզի քաղաքական խնդիրներ դրվեն օրակարգում, նախկինում նշվում էր, որ դրանք քաղաքական ուժերի գործն են եւ այլն:

Բացի այդ գործոնից՝ համագործակցության կայացմանը նպաստել է այն, որ խորհրդարանական քաղաքական ուժերը զգացել են, որ իրենց սահմանափակ ռեսուրսներով շատ քիչ ազդեցություն ունեն քաղաքական գործընթացների վրա, եւ եթե չհամագործակցեն, ապա կարող են ընդհանրապես դուրս մղվել քաղաքական ասպարեզից: Կարծում եմ, որ մեծ դեր է խաղացել նաեւ այն հանգամանքը, որ սկսվել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին փուլը, ինչը նշանակում է, որ նրա դիրքերը օբյեկտիվորեն կարող են թուլանալ, ինչը կարող է ուժեղացնել ոչ իշխանական ուժերին:

– Բայց արդյոք քաղաքական ուժերի մոտիվացիան նո՞ւյնն է:

– Մոտիվացիան կարող է տարբեր լինել թե քաղաքական ուժերի, թե քաղաքացիական նախաձեռնությունների մոտ, բայց, կարծես թե, բոլորն են եկել այն եզրահանգման, որ եթե ուզում են հաջողության հասնել, պետք է լայն քաղաքական կոնսոլիդացիայի ձեւաչափը հասունացնեն՝ առաջ քաշելով քաղաքական լայն պահանջներ: Սա ավելի շատ շահերի համընկնում է, եւ հնարավոր է, որ քաղաքական, քաղաքացիական տարբեր սուբյեկտները հասունացնեն այն գաղափարը, որպեսզի այս փուլում մի կողմ դրվեն մոտիվացիաները, գաղափարական տարաձայնությունները, եւ եթե բոլորին, օրինակ, անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանի թիմը հեռանա, ուրեմն կարելի է այդ հարցի շուրջ համագործակցել: Հիմա, կարծես, հենց այդ գործընթացն է հասունանում:

– Վերջին օրերի քաղաքական քննարկումներում զգալի տեղ են զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները: Ոչ միայն իշխանական թեւից գնահատականներ հնչեցին, այլեւ ընդդիմադիր դաշտից: Օրինակ՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրեց. «Ըստ էության, պրն Քոչարյանի մոտեցումները հիմնականում շարունակում եւ լրացնում են ԱԺ-ում քննարկումների ժամանակ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած գնահատականները: Այլ խոսքով՝ պրն Քոչարյանը իր այս հարցազրույցով ամբողջությամբ պաշտպանում է ԱԺ-ի ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը այս կարեւորագույն խնդիրների հարցում»: Հնարավո՞ր եք համարում, որ Ձեր մատնանշած քաղաքական նոր փուլը տեղափոխվի Քոչարյանի շահերի, ակնկալիքների սպասարկման դաշտ:

– Այսօր ընդդիմադիր քաղաքական սուբյեկտները չեն կարող քննադատել Քոչարյանի գնահատականները, որովհետեւ դա նաեւ իրենց տեսակետն է, բայց մյուս կողմից՝ բոլորն էլ (նույնիսկ իրեն այլընտրանքային հռչակած ԲՀԿ-ն) փորձելու են որոշակի դիստանցիա պահպանել, թեկուզեւ այն պատճառով, որ Քոչարյանի նկատմամբ հանրության մի զգալի հատվածի մոտ առկա խիստ բացասական վերաբերմունքը կտարածվի նաեւ նրանից դիստանցիա չպահպանող սուբյեկտների նկատմամբ:

Մենք տեսնում ենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ասում է՝ «Հայաստանը կործանվում է, եւ մենք ցանկանում ենք փրկել մեր երկիրը, մեր թիրախը Սերժ Սարգսյանն է, որովհետեւ նա է այսօրվա այս աղետալի իրավիճակի պատասխանատուն»: Եվ նրանք տրամաբանական են համարում, որ այսպիսի պայմաններում յուրաքանչյուր սուբյեկտ, որը Սերժ Սարգսյանի հետ խնդիրներ ունի, կարող է դառնալ իրենց սիտուացիոն գործընկերը:

– Բայց արդյոք այդ համագործակցությունը վտանգավոր չէ՞ այն առումով, որ արդյունքում իրավիճակից կարող են օգտվել ամենեւին էլ ոչ ընդդիմադիր ուժերը:

– Իհարկե, կա վտանգ, որ ընդդիմադիր քաղաքական ուժը կարող է ուղղակիորեն ներքաշվել միջկլանային «ռազբորկաների» դաշտ եւ դառնալ այս կամ այն կլանի գործիքը: Այդ վտանգը հնարավոր է չեզոքացնել, եթե համագործակցությունը լինի հնարավորինս թափանցիկ, հավասար սկզբունքներով, եթե լինի վերահսկողություն մեկը մյուսի նկատմամբ, եւ եթե համագործակցության հիմքում դրված լինի Իրավունքը, այլ ոչ թե, ասենք, կրիմինալ աշխարհին բնորոշ արժեքներ: Այսինքն՝ եթե տեսնում ես, որ քո, թեկուզ սիտուացիոն գործընկերը մարդու իրավունքներ է խախտում, չպետք է աչք փակես դրա վրա:

Ցանկանում եմ նաեւ նշել, որ դեմոկրատիզացիայի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համագործակցությամբ հնարավոր չէ հասնել համակարգափոխության: Բանն այն է, որ սեփական «կորպորատիվ» շահը հաճախ լուրջ խոչընդոտ է լինում արդյունավետ պայքար մղելու համար: Դրա համար գրեթե միշտ անհրաժեշտ է լինում, որ պրոդեմոկրատական հայացքներ ունեցող ակտիվ քաղաքացիները, անկախ նրանից՝ կուսակցական են նրանք, թե ոչ, ստեղծեն մի նոր, հատուկ միավոր` շարժում, որը ստեղծվում է հենց միայն այդ նպատակի համար, եւ որը պետք է կազմալուծվի, երբ քաղաքացիները հասնեն իրենց նպատակին:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031