Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը թող հեքիաթներ չպատմի, այլ մոնոպոլիաները տրոհի»

Հունվար 15,2014 13:46

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ կենսաթոշակային բարեփոխումների մասին

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ չնայած մեկ-մեկ հրաշքների հավատում է, սակայն Սահմանադրական դատարանի հետ հույսեր չի կապում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ միջնորդությունը քննարկելու եւ այն հակասահմանադրական ճանաչելու առնչությամբ:
Պարոն Մեհրաբյանի խոսքերով՝ «Սահմանադրական դատարանի հետ երբեք հույսեր չեմ կապել, Սահմանադրական դատարանը գործադիր իշխանության կցորդն է եղել ու մնալու է այդպիսին, ընդունելու է որոշում, որը պետք է լինելու գործադիր իշխանությանը: Չնայած մեկ-մեկ հրաշքների հավատում եմ»:

Ինչ վերաբերում է կենսաթոշակային բարեփոխմանը եւ օրենքին, ապա ըստ քաղաքագետի՝ այն հակասահմանադրական է՝ գոնե այն առումով, որ քաղաքացիների վրա լրացուցիչ հարկ են դրել՝ առանց մարդկանց կարծիքը հարցնելու եւ առանց մարդկանց թույլտվությունն ունենալու:

Մեր այն հարցին՝ արդյոք օրենքն այլ տեսքով՝ հակասահմանադրական դրույթները վերացնելով, ընդունելի կլինի՞ հասարակության համար, պարոն Մեհրաբյանն ասաց. «Պետք է հանել պարտադիր բաղադրիչը, պետք է գործի պետական թոշակային ֆոնդ, որը պետք է ունենա հանրության կողմից լիազորված կառավարման մարմին, որն էլ պետք է շատ թափանցիկ ձեւով այդ ամենը կառավարի, իսկ դրա երաշխավորը պետք է լինի պետությունը: Ինչ վերաբերում է կուտակային մասին, դա պետք է լիներ կամավոր, դեռ երկար ժամանակ պետք է լինի միայն կամավոր: Չի կարելի մարդկանց պարտադրել՝ առանց հարցնելու. սա լրացուցիչ հարկի է վերածվում, որի իրավունքը նրանք չունեն»:
Մեր այն դիտարկմանն էլ, որ կառավարությունը պատճառաբանում է, թե հաշվի առնելով ժողովրդագրական խնդիրներն ու տնտեսության վիճակը՝ այլեւս հնարավոր չէր լինելու մեկ աշխատողի հաշվին մի քանի թոշակառու պահել, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Ուրեմն կառավարությունը թող մոնոպոլիաները դնի տրոhի բիրտ ճանապարհով, բիզնեսը քաղաքականությունից դնի տարանջատի՝ էլի բիրտ ճանապարհով, ստվերը վերացնի, այս արատավոր մաքսային քաղաքականությունը վերացնի, թույլ տա փոքր ու միջին բիզնեսը շնչի, այդ ժամանակ որեւէ խնդիր չի լինի, ու թող հեքիաթներ չպատմեն»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031