Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի ձնհալից հետո գարուն գա

Հունվար 15,2014 13:32

«Ես կարծում էի, որ դա գարուն է, իսկ դա ձնհալ է»՝ այդ երգը հնչում է ռուսական վերջին սերիալներից մեկում: Սերիալը ես, բնականաբար, չեմ տեսել, բայց երգը հիշվող է: Իսկ ֆիլմը, որքան հասկանում եմ, խրուշչովյան «ձնհալի» մասին է՝ խորհրդային պատմության մի ժամանակաշրջանի մասին (1950-ականների կեսերից մինչեւ 60-ականների կեսերը), երբ ստալինյան դաժան տոտալիտարիզմը փոխարինվեց ավելի մեղմ, բայց, իհարկե, ամենեւին ոչ ժողովրդավարական ռեժիմով:

Մտավորականության համար դա ազատության որոշակի շունչ էր, որին, սակայն, շատ արագ փոխարինեց բրեժնեւյան տաղտկալի «լճացումը»: 64-65 թվականներին, երբ ես նախադպրոցական տարիքում էի, ծնողներս մագնիտոֆոնային ժապավենով լսում էին Օկուջավայի երգերը, որոնք նա երգում էր ինչ-որ մասնավոր երեկույթների ժամանակ. այդ արվեստագետի ստեղծագործությունը արգելված չէր (ոչ մի «հակասովետական» տարր չէր պարունակում), բայց պաշտոնապես առանձնապես չէր էլ խրախուսվում, որովհետեւ կիլոմետրերով հեռու էր պաշտոնական դոգմաներից: Այնպես որ՝ «ձնհալի» վերջին կաթիլները ես էլ եմ վայելել:

Երեկ ցերեկը Երեւանում ձնհալ էր՝ բառիս ֆիզիկական իմաստով, բայց պարզ է, որ դա ամենեւին գարուն չէ: Նման զգացողությանն ավելացավ նաեւ այն գիտակցությունը, որ լրատվամիջոցների աշխատանքի առումով էլ վերջին տարիները որոշ չափով կարելի է համարել «ձնհալ»՝ նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատած: Չնայած այստեղ էլ գարնան մասին խոսելը ավելի քան վաղ է: Ահա թե ինչու ես հիշեցի սերիալի այդ երգը:
Իսկ ինչպես մոտեցնել իսկական գարունը: Շատ պարզ՝ հրաժարվել տոտալիտար մտածողությունից: Նախեւառաջ դա պետք է անեն, իհարկե, իշխանությունները: Հիշո՞ւմ եք, Եվգենի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայում հերոսներից մեկը սպառնալից տոնով ասում է՝ «Մենք կստիպե՛նք ձեզ երջանիկ լինել»: Դա հենց նման մտածողության դրսեւորում է:

Տեղի են ունենում ընտրություններ, եւ հաղթում է, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը: Ինչպես է նա ղեկավարելու երկիրը՝ պարզ չէ: Բայց դա չի նշանակում, որ ընտրված գործիչը չպիտի ղեկավարի եւ «բարձրագույն պետական շահերից ելնելով»՝ պետք է բռնություններով եւ ահաբեկելով «ուղղել ժողովրդի սխալը»: Ոչ, քաղաքացիների ընտրությունը հարգելու ավանդույթ ստեղծելը շատ ավելի կարեւոր է, քան այս կամ այն ղեկավարի որակը: Ավելացնեմ նաեւ, որ ղեկավարել պարտադիր չի նշանակում րոպեն մեկ բռունցքը սեղանին խփել եւ բոլորին պատժել:

Կամ՝ երիտասարդներն ակնհայտորեն չեն ուզում հրաժարվել իրենց աշխատավարձի 5 տոկոսից՝ հանուն ենթադրվող արժանապատիվ ծերության: Գուցե սխալվում են, եւ նրանց պետք է համոզել, որ դա՛ է ճիշտ ճանապարհը: Բայց համոզել, ոչ թե ստիպել: Իսկ ասել՝ «դուք ոչինչ չեք հասկանում, մենք ձեզ կպարտադրենք մեր որոշումը, հետո դուք շնորհակալություն կասեք», նշանակում է նմանվել Զամյատինի վերոհիշյալ հերոսին:
Մեզնից է կախված՝ «ձնհալից» հետո նորից կվերադառնա ձմե՞ռը, թե՞ կգան ավելի տաք օրեր:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Դուք որ ֆիլմում եք տեսել, որ ֆեոդալը ճորտերին ինչ-որ բան համոզի?
    «Համոզելու» իմիտացիա հնարավոր է (ինչպես եղավ ընտրական քարոզարշավի և ընտրության իմիտացիա)։ Հենց «առաջադեմ» թագավորները վերացրին «առաջին գիշերվա իրավունքը» ֆեոդալական համակարգը փուլ եկավ, նույնիսկ դա անել չի կարելի…)))…
    Ւսկ «պարտադիր կուտակայինի» առավելությունների բացատրման, և համոզման աշխատանքներ կիրականացվեն … համապատասխան ոստիկանական բաժանմունքներում…)))))….

  2. alfred says:

    Համոզելով երկիր չեն ղեկավարում: Ոչ մի տեղ չեն համոզում , օրենքը ընդունվեց, վերջ պետք է կատարվի

    • Արսեն says:

      Դա՝ «я начальник- ты дурак, ты начальник- я дурак» սկզբունքն է …)))… վերջանում է՝ -Кто начальник? Я- дурак … հարցով…)))… (հայերեն հոմոլոգը – Ով էշ, ես փալան …)))…)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031