Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել. Ա. Աշոտյանը` 2014 թվականի գերակա խնդիրների մասին

Հունվար 15,2014 13:27

ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը» թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ: Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: «Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն: Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը:

Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական պլանը: Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում` մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ:

Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:

ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ»,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի: Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի, ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար: Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: «Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում»,-նշել է Ա. Աշոտյանը:

Ասուլիսի ընթացքում լրագրողները նախարարին են ուղղել բազմաթիվ հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցների վարկանիշավորման, դպրոցներում ջեռուցման ապահովման, «Դպրոցական սնունդ» ծրագրի, Դիլիջանի միջազգային դպրոցի, բուհերի խոշորացման և այլ խնդիրներին:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031