Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին Տարածքային կառավարման նախարարության 2013թ. գործունեության արդյունքներն ու ներկայացվեցին 2014 թ. գերակա խնդիրները

Հունվար 15,2014 13:13

 ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց  ՀՀ տարածքային կառավարման նախարարության 2013թ. գործունեության արդյունքներն ու ներկայացրեց 2014 թ. գերակա խնդիրները:

 2013թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության հիմնական գործունեությունն ուղղված է եղել տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերի  աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, նախարարության գերակա խնդիրների իրականացմանը:

 Համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշներ

2013թ. ՀՀ  համայնքների  բյուջեների փաստացի մուտքերը  նախատեսված  107.4 մլրդ դրամի դիմաց կազմել են 105.7 մլրդ դրամ (կատարողականը` 98.4%): 2012 թվականի համեմատությամբ ընդամենը եկամուտների հավաքագրման  ցուցանիշն աճել է  10.8 %-ով  կամ 10.3 մլրդ դրամով: Սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29%-ը: Սեփական եկամուտները նախատեսված 31.2 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել են  30.26 մլրդ դրամ (կատարողականը` 97 %): 2012 թվականի համեմատությամբ  սեփական եկամուտների հավաքագրման  ցուցանիշն աճել է  6.5 %-ով  կամ 1.86 մլրդ դրամով:

Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 95.9%-ով: Նախատեսված 4.33 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4.16 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատությամբ  հավաքագրման  ցուցանիշը նվազել  է 1.3.%-ով  կամ 53.8 մլն  դրամով:

Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 100.9%-ով: Նախատեսված 12.66 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 12.77 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատությամբ  հավաքագրման  ցուցանիշն աճել է 5.6 %-ով  կամ 680 մլն դրամով:

Աշխատավարձերի նախկին տարիների կուտակված պարտքերի մարման մասով արձանագրվել է հետեւյալ արդյունքը. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից  2013թ. դեկտեմբերի 31 -ի դրությամբ առկա է մոտ 36.3 մլն դրամ պարտք։ 2013թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,9 մլն դրամի չափով:

Վարչարարության կատարելագործմանն ուղղված աշխատանքներ

ՏԻՄ-երի կողմից հարկային վարչարարության կատարելագործման նպատակով  «ՀՀ վարչական դատավարության մասին օրենսգրքում»  համապատասխան դրույթ է ավելացվել, ինչպես նաեւ մի շարք օրենքներում փոփոխություններ են կատարվել, որոնցով պարզեցվում է համայնքի ղեկավարի եւ դատարանների շփման գործընթացը: Սա շարունակությունն է  2012թ. ընդունված օրենսդրական փաթեթի, որով մինչեւ 2008 թվականը կուտակված ապառքներն ու պարտքերը զրոյացվեցին, իսկ հարկային վաղեմությունը տեղական հարկերի մասով սահմանվեց 10 տարի` 3-ի փոխարեն: Այս փոփոխությունները կոչված են ամբողջացնելու ՏԻՄ-երի հարկային վարչարարության գործիքակազմը:

Համայնքների բյուջեներին պետական աջակցության համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով փոփոխություններ են կատարվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում, որով մինչեւ 300  եւ 300-ից ավելի բնակիչ ունեցող  համայնքներին տրամադրվող  դոտացիաների բաշխման առավել արդար սկզբունք է նախատեսվում:

2013 թվականին իրականացված կապիտալ ներդրումների վերլուծություն

2013 թ. 9 ամսում (տարեկան արդյունքները կամփոփվեն ավելի ուշ) պետական բյուջեի եւ միջազգային վարկերի միջոցներով հանրապետությունում իրականացվել են 48 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որից 67,1%-ը`մարզերում, իսկ 32,9%-ը՝ Երեւան քաղաքում: Իսկ 2008 թվականին իրականացվել են շուրջ 63,7 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, որից մարզերում` 47,2%-ը, իսկ Երեւանում՝ 52,8%:

2013 թվականին իրականացված հրատապ ծրագրեր

2013 թվականին համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացվել է շուրջ 7.4 մլրդ դրամ`կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով (2011-2014 թթ. իրականացվել է շուրջ 40.1 մլրդ դրամի 4 հրատապ ծրագրեր): 2013 թվականին մարզպետարաններին հատկացվել է լրացուցիչ 1.3 մլրդ դրամ՝ կապիտալ ներդրումներ իրականացնելու նպատակով:  Ֆինանսական միջոցները հիմնականում ուղղվել են կրթական, նախադպրոցական,  մշակութային, առողջապահական հաստատությունների,  համայնքային կենտրոնների, ճանապարհաշինության,  ջրամատակարարման, գազիֆիկացման, ոռոգման ցանցերի, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանն ու վերակառուցմանը:

Մարզերին հատկացված միայն հրատապ ծրագրով (7,4 մլրդ) վերանորոգվել են 97 համայնքի 114 դպրոցներ՝ բարելավելով շուրջ 18750 աշակերտների  ուսումնական պայմաններ, 28 համայնքում իրականացվել են 61 բազմաբնակարան շենքերի տանիքների  վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում բարելավվել են 3648 ընտանիքի կենցաղային պայմաններ, 28 համայնքում իրականացվել են 30 մշակութային օբյեկտների վերանորոգման աշխատանքներ՝ բարելավելով շուրջ 187 աշխատակցի աշխատանքային պայմաններ, 24 համայնքում վերանորոգվել են 27 նախադպրոցական հաստատություններ՝ բարելավելով շուրջ 2064 երեխայի, ինչպես նաեւ 458 աշխատակցի պայմաններ, 28 համայնքում իրականացվել են ջրամատակարարման որակի բարելավման աշխատանքներ, 19-ում գազիֆիկացման եւ ներքին գազատարերի կառուցման աշխատանքներ, վերանորոգվել  են 20 համայնքային բուժամբուլատորիաներ, 14 համայնքային կենտրոնների շենքեր, իրականացվել բակերի բարեկարգման, հեղեղատարների կառուցման եւ այլ ծրագրեր:

Հանրապետության համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաներ

 

ՀՀ 2014թ. պետբյուջեով հանրապետության համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը  սահմանվել է 39 մլրդ դրամ` 2013թ.  36.2 մլրդ  դրամի դիմաց:

Սկսած 2000 թվականից ֆինանսական համահարթեցման դոտացիաները տարեց տարի աճել են: 2007 թվականին ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիայի ընդհանուր գումարը կազմել է 17,980,335 հազ. դրամ: 2008-2010թթ. այս ցուցանիշը պարբերաբար աճել է` կազմելով համապատասխանաբար 2008թ.` 21,336,000 հազ. դրամ, 2009թ.` 27,837,140 հազ. դրամ, 2010թ-ին` 32,488,063 հազ.դրամ: 2011թ. պետական բյուջեից համայնքային բյուջեներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալը պահպանվել է 2010թ. մակարդակին` 32,488,063 հազ.դրամ, սակայն 2011 թվականի համար դոտացիաների ծավալը կազմել է նախորդ տարվա համախմբված  բյուջեի փաստացի եկամուտների մոտ 4,6%-ն է: Այսինքն` նվազագույն 4%-ի շեմը առաջին անգամ գերազանցվել է: Այս մոտեցումը կիրառվել է նաեւ 2012թ. դոտացիայի ընդհանուր գումարը հաշվարկելիս` պահպանելով նախորդ տարվա ցուցանիշը` 32,488,063 հազ.դրամը:

Ընդհանուր առմամբ ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով ՀՀ համայնքներին տրամադրվող դոտացիաները 2007 թվականի համեմատությամբ աճել են 18,263,665 հազ. դրամով կամ շուրջ 2 անգամ:

 

ՀՀ համայնքների եւ սահմանամերձ տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում 

ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի թիվ  N271-Ն որոշմամբ հաստատվել է

«Մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը»:  Փաստաթղթի համաձայն` փոխհատուցվել է ծրագրում ընդգրկված համայնքների հողի հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  հողի հարկը` 54,3 մլն դրամի չափով, եւ  ՋՕԸ-երի սպասարկման տարածքում ընդգրկված համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սպառած ոռոգման ջրի վարձավճարը` 10,7 մլն դրամի չափով:

ՀՀ կառավարության  2013 թ. հունիսի 6-ի   «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ եւ հողի վարձակալության վճար վճարող, ինչպես նաեւ ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N652-Ն որոշմամբ շահառուներին գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար  հատկացվել է 214.0 մլն դրամ, ոռոգման ջրի դիմաց` 650 մլն դրամ:

Համայնքի զարգացման ծրագրերին ներկայացվող պահանջների սահմանում

 

 Մշակվել եւ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  որի նպատակը համայնքի զարգացման ծրագրի՝ որպես համայնքի ռազմավարական պլանավորման գլխավոր փաստաթղթի, կազմմանն ու բովանդակությանը ներկայացվող միասնական  պահանջների սահմանումն է:

Մշակվել է  նաեւ համայնքի զարգացման ծրագրի մեթոդական ուղեցույց:

ՀՀ համայնքներում գնումների իրականացման գործընթացի կանոնակարգում

 

ՏԿՆ-ն  միջազգային գործընկերների աջակցությամբ նախաձեռնել է ՏԻՄ-երում գնումների իրականացման գործընթացի ուսումնասիրություն: Բացահայտված խնդիրների քննարկման արդյունքում առաջարկությունները ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարություն` ոլորտը կարգավորող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելիս հաշվի առնելու համար: Մշակվել է նաեւ հանրային գնումների կազմակերպման պատվիրատուներին օժանդակող ուղեցույց:

 

Վարչատարածքային բարեփոխումներին  ուղղված գործնական քայլերի իրականացում

 

ՏԿ նախարարության կողմից քննարկվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի երկու տարբերակ՝ ծրագրային եւ վարչական.

Ծրագրային փունջ. որևէ ծրագրի (հիմնականում՝ տնտեսական ներուժ պարունակող) եւ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների (օրինակ՝ արդյունավետ բյուջետավարում) շուրջ խոշորացում

Վարչական փունջ.  պարզ պայմանների առկայությամբ (համայնքների միջեւ կարճ հեռավորություն, բնակիչների համատեղելիություն, նախկինում համատեղ կառավարման մարմնի առկայություն եւ այլն) համայնքների խոշորացում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության  եւ փորձագետների կողմից մշակվել է թվով 14 համայնքային փունջ:

 Մարզխորհրդի նիստերի աշխատանքների կանոնակարգում

 

 Լրացում է կատարվել  «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի հրամանագրում, որով ընդլայնվում են տարածքային կառավարման մարմինների եւ ՏԻՄ-երի լիազորությունների եւ համագործակցության շրջանակները: Փաստաթղթով կանոնակարգվում է մարզխորհրդի նիստերի անցկացման հաճախականությունը, սահմանվում է թափանցիկության ու հրապարակայնության պահանջ, ընդլայնվում է մարզխորհրդի նիստի քննարկմանը ներկայացվող հարցերի շրջանակը:

Վարչական վերահսկողություն 

ՀՀ մարզպետների կողմից վարչական հսկողության իրականացման ընթացակարգի հստակեցման, գործընթացի արդյունավետության բարձրացման եւ միասնականացման նպատակով լրացում է կատարվել ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրում: Հաստատվել են նաև հարցաշարեր, որով սահմանված են ՏԻՄ-երի այն լիազորությունները, որոնց նկատմամբ մարզպետը պետք է իրականացնի հսկողություն: 2013 թ. վարչական հսկողություն է իրականացվել 292 համայնքներում, ինչպես նաեւ իրավական հսկողություն է իրականացվել Երեւան քաղաքի ավագանու 548 որոշման և մարզպետի 4082 իրավական ակտի նկատմամբ:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում. Համայնքներում  2013 թ. ընթացքում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրվել եւս 153 համայնքում: Ընդհանուր առմամբ տեղեկատվական համակարգը ներկայումս շահագործվում է 496 համայնքում:

Համայնքային ծառայության բնագավառ

 

ՏԿ նախարարության կողմից վարվում է համայնքային ծառայողների վերաբերյալ տվյալների միասնական գրանցամատյան, որում ներառված են համայնքներից, կարգով սահմանված ձեւերին համապատասխան՝ 6183 անձանց վերաբերյալ ստացված տվյալները: Գրանցամատյանի տվյալների համաձայն՝ 2013թ-ի դեկտեմբերի 26-ի դրությամբ համայնքային ծառայության պաշտոնները 6752-ն են, որոնցից զբաղեցված են 6183–ը, կամ   92 %-ը:

2013 թ. հերթական վերապատրաստումն անցել է 1390 համայնքային ծառայող: Տեղական ինքնակառավարման մարմիններից վերապատրաստվել է ընդհանուր առմամբ 754 համայնքի ղեկավար եւ ավագանու անդամ, ինչպես նաեւ տարածքային կառավարման մարմինների 74 աշխատակից:Ատեստավորվել է 730 համայնքային ծառայող: Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվել է 916 մրցույթ:

 

Միջազգային համագործակցություն` ուղղված  ՏԻ  բնագավառի եւ ապակենտրոնացված գործակցության զարգացմանը

 

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակում տեղական ժողովրդավարության հիմնախնդիրներին նվիրված միջոցառումներ.

– Հունիսի 18-ին Հայաստանը հյուրընկալեց  Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը:

– Հունիսի 19-ին Երեւանում  անցկացվեց  «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը: Քննարկումների  արդյունքներով ընդունվեցին եզրակացություններ, որոնք ուղենիշային կարող են լինել ԵԽ անդամ երկրների համար` ազգային օրենսդրությունները բարեփոխելու եւ կատարելագործելու համար:

– Հոկտեմբերի 10-ին Երեւանում ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների ներկայացուցիչների  մասնակցությամբ անցկացվեց  «Դարձնելով մայրաքաղաքը քաղաքացուն մոտ՝ մարտահրավեր հանրային իշխանությունների համար» խորագրով միջազգային համաժողովը:

Ապակենտրոնացված համագործակցության խորացմանն ուղղված միջոցառումներ

– Հոկտեմբերի 15-16-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում տեղի ունեցավ  Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը` Հայաստանի և Ֆրանսիայի ավելի քան 30 քաղաքների եւ ռեգիոնների պատվիրակությունների մասնակցությամբ:

– Դեկտեմբերի  2-3-ն  անցկացվեց  Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովը: Համաժողովին մասնակցող  ՌԴ 19 սուբյեկտների պատվիրակությունները  հանդիպումներ ունեցան ՀՀ  մարզերում` համագործակցության զարգացման և խորացման հեռանկարների քննարկման նպատակով:

2014 թ. գերակա խնդիրներ

  • Համայնքների բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարելավում, ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործում՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը
  • Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ
  • Քաղաքապետարանների (գյուղապետարանների) աշխատակազմերի, ինչպես նաեւ համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի եւ կազմի օպտիմալ մոդելների մշակում:

 ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031