2013 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արարողությանը շքեղություն էին հաղորդում ոչ միայն մրցանակներն ու դափնեկիրները, այլեւ վերջիններին ուղեկցող ու պարգեւատրումներին մասնակցող կանայք, որոնք ամբողջ արարողությանը գեղեցկության յուրօրինակ շքահանդեսի տեսք հաղորդեցին:
Աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկը՝ սուպերմոդել Ադրիանա Լիման, չնայած ծնվել է Բրազիլիայում, որտեղ ֆուտբոլը իսկական հավատք է, Միլանի «Ինտերի» մոլի երկրպագու է: Ու թեեւ «Ինտերի» ոչ մի ֆուտբոլիստ անվանակարգերից ոչ մեկին չէր հավակնում, Լիման լուսավորեց իր լեգենդար հայրենակցին՝ ֆուտբոլի արքա Պելեին «Ոսկե գնդակ» հանձնելու պահը:
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Լիոնել Մեսսին Ցյուրիխ ժամանել էր կյանքի ուղեկից Անտոնելլա Ռոկուցցոյի հետ: Ժամանակակից ֆուտբոլի ապագա լավագույն ներկայացուցիչը Անտոնելլայի հետ ընկերություն արել է դեռ մանուկ հասակից, իսկ մի քանի տարի առաջ լույս աշխարհ է եկել նրանց առաջնեկը՝ Տյագոն:
Կարդացեք նաև
Աշխարհի 2013 թվականի խորհրդանշական հավաքական ընդգրկված Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսին ուղեկցում էր հեռուստալրագրող Պիլար Ռուբիոն: Ըստ տեղեկությունների, նրանք միասին են 2012 թվականից, իսկ այս տարվա մայիսին սպասում են առաջնեկի ծնունդին:
2013 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին առաջինը շնորհավորեց ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը: Ի տարբերություն փեսացուի, Իրինային մոդելային բիզնեսում դեռ «Ոսկե գնդակին» համարժեք մրցանակ չեն տվել: Սակայն նա մոդելային բիզնեսի աշխարհի ամենասեքսուալ ներկայացուցիչների ցուցակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Եվ վերջապես, «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ողջ ընթացքը զարդարեց երեկոն վարող մոդել, դերասանուհի եւ, պարզապես, գեղեցկուհի Ֆեռնանդա Լիման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ gettyimages-ի