Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քոչարյան-Սարգսյան բանավեճի տնտեսական հիմնավորումները. փուչիկը ո՞վ է փչել և ո՞վ պայթեցրել

Հունվար 15,2014 12:33

«Փուչիկը փչվել է ֆինանսական շուկայում` ուժեղ դրամի քաղաքականության արդյունքում, որը պայթել է 2009-ի մարտի 3-ին»,-Aravot.am-ի հարցին` Քոչարյան-Սարգսյան հրապարակային բանավեճում հնչած տնտեսագիտական հիմնավորումներից ո՞րն է առավել հիմնավոր և ի վերջո, ե՞րբ է փչվել փուչիկն ու ե՞րբ պայթեցվել, այսպես պատասխանեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

Տնտեսագետը հավելեց. «Փուչիկը փչվել է այսօրվա իշխանության օրոք, որն ապահովում է տնտեսական անկում, հազարավոր մարդկանց արտագաղթ և աղքատության աճ»:

Ըստ Անդրանիկ Թևանյանի` փաստարկված են Ռոբերտ Քոչարյանի հիմնավորումները. «Տիգրան Սարգսյանը, քանի որ ձախողել է բոլոր ոլորտներում, փորձում է այդ ձախողումներն արդարացնել ստացած վատ ժառանգությամբ, և բնական էր Քոչարյանի արձագանքը: Բայց բանավեճ`որպես այդպիսին չտեսա, քանի որ Տիգրան Սարգսյանը ոչինչ չունի իր վարչապետության ժամանակահատվածի համար ներկայացնելու, իսկ Ռոբերտ Քոչարյանն ունի: Փաստարկված են Քոչարյանի գնահատականները, իսկ այն, ինչ ներկայացնում է Տիգրան Սարգսյանը` որպես հիմնավորում, դրանք են իսկական փուչիկները»:

Ըստ տնտեսագետի` Տիգրան Սարգսյանը փորձում է «բանավեճը տեղափոխել նախորդ իշխանության ժամանակահատված, քանի որ դա նրա միակ փրկությունն է»:

Անդրադառնալով նախկինում վարվող տնտեսական քաղաքականությանը` Անդրանիկ Թևանյանն ասաց. «Նախորդ իշխանության օրոք ամենագլխավոր խնդիրը ուժեղ դրամի քաղաքականությունն էր, երբ դոլար–դրամ փոխարժեքային քաղաքականությունը կրկնակի ուժեղացրեց դրամը` մեկ դոլարի արժեքը 580-ից դարձավ 300 դրամ: Սա հարվածեց տեղական արտադրանքի արտադրությանը և ներմուծմանը: Քոչարյանի սխալն այն էր, որ նա չազդեց ԿԲ-ի այդ քաղաքականության վրա, երկրորդ անգամ Տիգրան Սարգսյանին առաջարկեց ԿԲ նախագահ»:

Ըստ Անդրանիկ Թևանյանի` «եթե փուչիկ փչվել է, փչվել է ուժեղ դրամի քաղաքականության հետևանքով»:

Տնտեսագետը շեշտեց. «Իսկ շինարարական փուչիկ հասկացություն գոյություն չունի: Փուչիկները` որպես կանոն լինում են ֆինանսական բնույթի, որոնք անվանում են ֆինանսական բուրգեր: Ուժեղ դրամի քաղաքականությունը մի փուչիկ էր, որը պայթեց 2009-ի մարտի 3-ին, երբ մեկ գիշերվա մեջ որոշում կայացվեց, որ դրամը պիտի թողեն, որ լողացող կուրսով լինի, իսկ դրանից առաջ ծախսեցին պահուստային 700 միլիոն դրամը»:

Մեր հստակեցմանը` տնտեսագետը Տիգրան Սարգսյանի` Ռոբերտ Քոչարյանի դաշտ նետած փուչիկը կրկին տեղափոխում է ՀՀ վարչապետ դա՞շտ, Անդրանիկ Թևանյանն այսպես արձագանքեց. «Տիգրան Սարգսյանը Խաչիկ գյուղի կլուբի պահակը չի եղել չէ՞ նախորդ իշխանության օրոք: Նա եղել է ԿԲ նախագահը: Մենք` փորձագետներս, 2000-ի կեսերին նրա վարած քաղաքականությանը ընդդիմանում էինք, բայց մեր գնահատականները մերժվում էին, կուռք էին սարքել ուժեղ դրամի քաղաքականությունը: Ուստի, այնպես չէ, որ հանկարծ բոլորը արթնացել են, շինարարական փուչիկ տեսել»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համարում է, որ Քոչարյան-Սարգսյան բանավեճը անձնային բնույթի է: Ուստի չցանկացավ տնտեսագիտական մեկնաբանություններ անել: Միայն փոխանցեց. «Անձանց խոսակցությունները ինձ բնավ չեն հետաքրքրում: Ես քաղաքականությունից զզվում եմ, հատկապես այսօրվա քաղաքականությունից: Ինձ ոչինչ չի պատճառում դրանց մեկնաբանությունը. մեկը մի բան է ասել, մյուսն էլ` պատասխանել: Ես ինձ այդ հարցում երրորդ կողմ դասել չեմ կարող: Ես կարող եմ իրավիճակի մեկնաբանություն տալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031