Լրահոս
Օրվա լրահոսը

«Սարի աղջիկ» երգի հայկական արմատները ապացուցելու համար ստեղծված նախաձեռնության անդամները ավելի լավ կլինի քննարկեն թուրքական ու արաբական երգեր մատուցելու խնդիրը. «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2014 12:02

Վերջին շրջանում շատ է խոսվում «Սարի աղջիկ» երգի հայկական ծագման մասին: Երգը թուրք-ադրբեջանական սեփականաշնորհումից փրկելու նպատակով ստեղծվեց «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախաձեռնություն, որի հեղինակները քայլեր ձեռնարկեցին երգի թուրքական եւ ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու համար:

Նախաձեռնությանը միացավ նաեւ երգիչ Անդրեն: Հանրության շրջանում երգն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով վերջերս «Սարի աղջիկ» երգի հիման վրա Անդրեի կատարմամբ նկարահանվեց տեսահոլովակ:

…   Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում նախաձեռնության անդամների աշխատանքը եւ ընդհանրապես ինչպես է մեկնաբանում ադրբեջանցիների` հայկական երգերը յուրացնելու, սեփականաշնորհելու ավանդույթը:

«Ադրբեջանցիները Կոմիտասի երգերը ներկայացնում են որպես սեփական: Այդ երգերը թողած` ինչո՞ւ են այս երգի հարցը բարձրացնում: Իմ կարծիքով, «Սարի աղջիկ» երգն արժեք չունի: Անհետաքրքիր, դատարկ, սրտից չբխող երգ է: Ինձ համար այդ երգը ոչ ադրբեջանական է, ոչ հայկական, ընդհանուր արեւելյան անհաջող երգ է, չեմ հասկանում` ինչու են հենց այդ երգի հայկականության հարցը փորձում բարձրացնել»,- ասաց կոմիտասագետը:

Ըստ նրա` «Սարի աղջիկ» երգի հայկական արմատները ապացուցելու համար ստեղծված նախաձեռնության անդամները ավելի լավ կլինի քննարկեն առավոտից երեկո երեխաներին թուրքական ու արաբական երգեր մատուցելու խնդիրը: Կամ այն, թե ինչու հեռուստատեսությամբ չեն հնչում Կոմիտասի երգերը:

«Ժողովրդական խոսք կա` ջուրը ջաղացն է տարել, ընկել են ջաղացի քարի համար լաց են լինում: Մեր երգիչներն առավոտից երեկո հեռուստատեսությամբ երգում են թուրքական, արաբական երգեր: Լրատվամիջոցներն էլ այդ ելեւէջները մեր մատաղ սերնդի հոգին են լցնում:

Եթե մի մարդ իր տան մեջ իրենը չի պահպանում, իրավունք չունի բողոքելու մեկ ուրիշից, որն իրենը յուրացնում է: Եթե մեկն իր տան մեջ արհամարհում է իրենը, երգում է թուրքականը, օտարը, այդ մարդն ինչ իրավունք ունի պահանջելու ուրիշից, թե ինչու է իրենը յուրացնում»,- նշեց Արթուր Շահնազարյանը:

Ըստ նրա, այսօր Հայաստանում ամենաշատ գումարը ծախսվում է թուրքական մշակույթի համար: Թուրքական երգերը ֆինանսավորվում են հարուստների կողմից. «Ռաբիս երգիչներին թուրքական երգ կատարելու համար կլորիկ գումարներ են վճարում: Մինչդեռ Կոմիտասի ձեռագրերը ձեռք բերելու համար ոչ ոք գումար չհատկացրեց: Քաղաքապետարանն էլ խոստացավ, խաբեց, չգնեց: 7000 դոլար չտվեցին Կոմիտասի ձեռագրերի համար, բայց ռաբիս երգիչներին հազարավոր դոլարներ են տալիս թուրքական մուղամներ հնչեցնելու համար»:

Նրա խոսքով, Հայաստանում հին հայկական երգերը հատուկենտ մարդիկ են պահպանում, սակայն այդ մարդկանց մասին ոչ ոք ոչ մի անգամ չի հիշատակում:
«Հայաստանում 24 ժամ թուրքական ու արաբական երգ է հնչում հայկականի անվան տակ: Եթե դու քո տան մեջ չերգես, աշխարհը չի ասի՝ քոնն է, ոչ էլ ուշադրություն կդարձնի: Կասի` եթե քոնն է` պահիր»:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031