Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան- վարչապետ Տիգրան Սարգսյան հեռակա «հակամարտությունը», հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի՝ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին հնչեցրած հիշատակումները, ասաց. «Ինձ, որպես Անդրանիկ Մարգարյանի օրոք քաղաքականություն մտած մարդու, շատ հաճելի է, երբ որ երկրի երկրորդ նախագահը հիշատակում է Անդրանիկ Մարգարյանին, բայց երկու հռետորական հարց է առաջացել հանրապետականների եւ ոչ հանրապետականների մոտ, իսկ ե՞րբ է վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանն այցելել Պանթեոն»:
Արմեն Աշոտյանը, որը ՀՀ կառավարությունում ներկայացնում էր 2014 թվականին նախարարության անելիքները՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցություններին ու նրա՝ ներկայիս կառավարության հասցեին հնչեցրած գնահատականներին ասաց. «Կարիք չկա 1998-2008 թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որեւէ ենթատեքստ ներքաղաքական այդ գնահատականների եւ վերլուծականների մեջ չկա որովհետեւ այդ թվականներին էլ Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը»:
Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն Արմեն Աշոտյանը քիչ հավանական համարեց. «Ես չեմ կարծում, որ այս հարցերն այսօր քննարկման ենթակա են, ինչո՞ւ, որովհետեւ Քոչարյանն ինքը հայտարարել է, որ վերադառնալու է երեք պարագայում՝ օրհասական վիճակ երկրում, ժողովրդի կողմից պահանջ եւ իր անձնական որոշումը, վերջինը չգիտեմ կա թե չկա, բայց առաջին երկուսը չկա: Որովհետեւ այս դիսկուրսը ավելի շատ քաղաքական է եւ տնտեսությունը առիթ է խոսելու քաղաքականության մասին»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ