Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցն ու Վահան Կարապետյանը փոխհամաձայնության են եկել

Հունվար 15,2014 11:33

«Հատուկ քննչական ծառայությունում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ` Վահան Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ: Այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում»,- Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ վիճաբանություն էր եղել Սուրեն Սուրենյանցի եւ ԲՀԿ-ական պատգամավոր «Չերրի» ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանի միջեւ: Վերջինս, ըստ լուրերի, ծեծի էր ենթարկել Սուրենյանցին: Այն ժամանակ կողմերը հերքեցին վիճաբանության եւ ծեծի փաստը, իսկ որոշ ժամանակ անց, Սուրենյանցի ծեծված լուսանկարները հայտնվեցին համացանցում: Օրերս, ՀՔԾ-ն սույն փաստով գործ հարուցեց պատգամավորի դեմ:

Վահան Կարապետյանը գտնվում է ԱՄՆ-ում, նա կվերադառնա հունվարի վերջերին, այդ իսկ պատճառով չի հաջողվում պատգամավորի հետ զրուցել այս թեմայի շուրջ: Իսկ Սուրեն Սուրենյանցն այսօր մեր հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչու այն ժամանակ ինքը հերքեց վիճաբանության փաստը, բայց հետո հրապարակեց իր ծեծված նկարներն՝ ասաց, որ նկարներն ինքը չի հրապարակել, կայքերից մեկն է հրապարակել ու պնդեց, որ կայքին ինքը չի տրամադրել նկարները. «Այդ օրերին ես լուսանկարվել եմ, հետո, դա հայտնվել է մի շարք կայքերում: Ես պարզապես, իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում այդ նկարն օգտագործել եմ»: Թե ինչպես են նկարները հայտնվել մի շարք կայքերում`Սուրենյանցը տեղյակ չէ:

«Ի սկզբանե, ես Մալաթիայի բաժնում էլ, ՀՔԾ-ում էլ ասել եմ, որ Վահան Կարապետյանի դեմ, որպես այդպիսին, բողոք չունեմ: Ուղղակի առողջությանս վերականգնման համար ֆինանսական եւ բարոյական փոխհատուցման խնդիր ունեմ: Քանի որ պատգամավորի հետ այդ հարցերում լիակատար փոխըմբռնման եւ հաշտության ենք եկել` բողոքի որեւէ հիմք չեմ տեսնում, ինչպես եւ սկզբում նշել էի»,- ասաց Սուրենյանցը:

Իսկ, ի վերջո, ո՞րն էր վիճաբանության եւ ծեծի դրդապատճառը: «Երկուստեք բորբոքված ենք եղել: Որեւէ քաղաքական, կենցաղային եւ ֆինանսական պատճառ գոյություն չունի»,- հավատացրեց Սուրենյանցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031