Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինը փնտրում է եկամտի այլընտրանքային աղբյուրներ. «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2014 11:16

Կառավարության 2013թ. դեկտեմբերի 26-ի նիստում գործադիրը հավանություն էր տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին եւ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի փաթեթին եւ որոշել այն ներկայացնել Ազգային ժողով: Եվ եթե խորհրդարանը հաստատեց փաթեթը` Հանրային հեռուստատեսությամբ կարգելվի կոմերցիոն գովազդի ցուցադրումը:

Արդյոք այդ նախագիծը չի՞ ազդի Հանրային հեռուստաընկերության որակի ու կադրային քաղաքականության վրա, քանի որ կոմերցիոն գովազդի վերացմամբ զգալիորեն կկրճատվի հեռուստաընկերության բյուջեն:

Այս հարցադրմամբ «Հայոց Աշխարհ»-ը գրավոր դիմեց Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի վարչությանը, որտեղից մեզ պատասխանեցին, որ չնայած սպասվող փոփոխությանը եւ «հաշվի առնելով ունեցած առանձնակի առաքելությունը հանրության կյանքում՝ Առաջին ալիքը կշարունակի իր հեռուստադիտողներին ներկայացնել իսկապես հանրային բովանդակության, մշակութային եւ կրթական, հասարակական-սոցիալական ուղղվածություն ունեցող հաղորդումներ»:

Հեռուստատեսության ղեկավարությունն իր մտահոգությունն է հայտնել, որ ֆինանսական որոշակի դժվարություններ ակնհայտորեն կլինեն, քանի որ կոմերցիոն գովազդը Հանրային հեռուստաընկերության եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն է: Դրա հեռարձակման արգելումը չի կարող հեռուստատեսության համար ֆինանսական դժվարություններ չառաջացնել: «Հեռուստաընկերությունը պահանջում է ամենօրյա արտադրանք, անընդհատ նոր ներդրումներ»,- ասված է պատասխանում: Ըստ էության նոր օրենքի նախագիծը իրոք լուրջ հարված կլինի հեռուստատեսության համար:

Այդ պատճառով էլ ընկերությունն այժմ փնտրում է եկամտի այլընտրանքային աղբյուրներ, մանավանդ որ օրենքը խիստ սահմանափակումներ չի դնելու` հեռուստատեսությանը գումար աշխատելու այլ հնարավորություններ ընձեռելով: Օրինակ, հեռուստաընկերությունն իրավունք ունի կոմերցիոն գովազդներ հեռարձակել արբանյակային իր ալիքի միջոցով, քանի որ առաջարկվող դրույթները չեն տարածվելու hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների վրա:

Բացի դրանից, ինչպես մեզ տեղեկացրին հեռուստատեսությունից` պետությունը պատրաստ է լրացուցիչ գումարներ վճարել՝ որոշակիորեն փոխհատուցելով գովազդից եկող եկամտի կորուստը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԸ նույնպես մտահոգված է խնդրով, քանի որ կարծում է` օրենքի նոր նախագիծը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել հեռուստատեսությանը: «Եթե որոշվի, որ ընդհանրապես գովազդ չի լինելու, գովազդից ստացվող եկամուտը փոխհատուցելու խնդիր կառաջանա, եւ եթե դա էլ որոշեն պետության հաշվին լրացնել, պետական բյուջեի վրա ավելորդ բեռ կառաջանա»:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031