Լրահոս
Օրվա լրահոսը

Քահանա. «Հոգևորականի ծառայությունը միայն եկեղեցու պատերի ներսում չպիտի ծավալվի»

Հունվար 14,2014 22:16

«Երկրի խաղաղությունն սկսվում է ընտանիքի խաղաղությունից: Երբ ընտանիքում խաղաղություն է տիրում, երկիրը ևս դրանից խաղաղվում է, իսկ ընտանիքի խաղաղությունն էլ սկսվում է մարդու ներքին խաղաղությունից»,- այսպես է կարծում Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը, որն այսօր այդ խաղաղության, Հիսուս Քրիստոսի սուրբ ծննդյան, մարդասիրության, խոնարհության ավետիսն էր բերել Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»: Տեր Աշոտը, որը 2010 թվականից սկսած, յուրաքանչյուր երեքշաբթի այցելում է այս կենտրոն՝ որպես մշտական այցելու-հոգևորական, այսօր այնտեղ հերթական անգամ կատարեց տնօրհնեքի արարողություն:

Կենտրոնում երեխաները սիրով են սպասում Տեր Աշոտի այցելություններին: Տասնհինգամյա Ադանա Կարապետյանը, որն առաջին անգամ էր մասնակցում տնօրհնեքի արարողությանը, ասաց, որ տեր հոր հետ ժամանակը շատ լավ է անցնում. «Մենք միշտ ուզում ենք, որ նա գա և զրուցենք նրա հետ: Մենք ամենաշատը Հիսուսի մասին ենք խոսում»:

Տեր Աշոտի խոսքով՝ հոգևոր արժեքները շատ հաճախ հենց այս կենտրոնում են բացահայտվում երեխաների համար. «Որովհետև տանը, միգուցե առիթ չեն ունեցել հոգևորականի հետ շփվելու, անհաղորդ են եղել հոգևոր արժեքներին: Այստեղ երեխաների հետ տարվում են ինչպես անհատական, այնպես էլ ընդհանրական աշխատանքներ: Եվ քանի որ երեխաների կազմը պարբերաբար փոխվում է, մենք փորձում ենք հնարավորինս կարճ ժամանակում նրանց ճանաչել տալ Աստծուն, որպեսզի հոգևոր այն սերմնահատիկը, որ այդ երեխաների սրտում է այսօր, տարիներ անց ծլարձակի»,- ասում է քահանան:

Նա համոզված է, որ հոգևորականի ծառայությունը միայն եկեղեցու պատերի ներսում չպիտի ծավալվի. «Այն պիտի դուրս գա այդ պատերից և տարածվի մանկական, երիտասարդական, ծերերին խնամող հաստատությունների վրա, որովհետև ինչ տարիքում էլ լինի մարդը, կարիք ունի հոգևոր սննդի»,- ասում է Տեր Աշոտը:

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոնի» տնօրեն Միրա Անտոնյանը նույնպես շատ է կարևորում տեր հոր այցելություններն իրենց կենտրոն:

Անդրադառնալով կենտրոնի գործունեությանն ու Տեր Աշոտի այցերին՝ տիկին Անտոնյանն ասաց. «Այս պահին ունենք 9 երեխա, որոնք մնում են այստեղ շուրջօրյա, և 40 երեխա, որոնք գնում-գալիս են, այսինքն՝ մեկը գալիս հոգեբանի մոտ, մյուսը՝ մանկավարժի և այլն: Սրանք այն երեխաներն են, որոնք արդեն ինտենսիվ թերապիայի կուրսն ավարտել են, բայց դեռ մեզ հետ կապի կարիքը կա: Հրաշալի երեխաներ են, որոնք իրենց տարիքին անհամապատասխան հոգսերի մեջ են հայտնվել, իրենց հնարավորություններին անհամապատասխան բարդ խնդիրներ են ստիպված լուծել, և մենք փորձում ենք այդ երեխաներին օգտակար լինել բոլոր այն դեպքերում, երբ հնարավոր է շտկել, կարգավորել կոնֆլիկտները դպրոցի, հասակակիցների, մեծերի հետ: Փորձում ենք նրանց ուժեղացնել այնչափ, որ կարողանան կառավարել իրենց հարաբերություններն ուրիշների հետ: Եթե դա ավելի շատ վերաբերում է ընտանիքի չքավորությանը կամ ամուսինների բարդացած հարաբերություններին, այսինքն՝ ավելի շատ մեծերին վերաբերող խնդիրներ են, աշխատում ենք ծնողների հետ և այն կառույցների, որոնցից կախված է նրանց խնդիրների լուծումը: Եթե դա հարաբերությունների դաշտում է, ապա ողջ էներգիան ուղղվում է ներքինի հետ աշխատանքին, և այստեղ մեզ շատ է օգնում Տեր Աշոտը, որովհետև հոգևոր զրույցները, այն խաղաղությունն ու հանդարտությունը, որ գալիս է հոգևորականից՝ ի լրումն սոցիալական աշխատողի և հոգեբանի ջանքերի, մարդկանց շատ է օգնում»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031