Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրանք մեղադրվում են կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ: Հիշեցնենք, որ ամբաստանյալները թվով 4-ն են`Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, ով միակ կալանավորվածն է այս գործով:
Այսօր դատարանին բավական երկար միջնորդություն ներկայացրեց Ռուբեն Մնացականյանի ու նրա տիկնոջ՝ Կիմա Փիլոյանի փաստաբան Աշոտ Հովսեփյանը: Վերջինս մեղադրեց քննչական մարմնին՝ բազմակողմանի քննություն չկատարելու համար և հայտնեց, որ 362 թոշակառու, նպաստառուներից հարցաքննվել են ընդամենը 43-ը, իսկ մնացածը չհարցաքննված վկաներ են համարվում, չստուգված և մեղադրական եզրակացությունը նպատակ ունի խառնաշփոթ ստեղծել: Ըստ փաստաբանի, 63 միլիոն դրամ գումարի վճարումը չի ստուգվել և որ մեղադրանքը մերկապարանոց է, շինծու: Փաստաբանը նաև հայտարարեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը կապ չունի մայր գործ հետ, այսինքն` Վազգեն Խաչիկյանի գործի հետ: Փաստաբանը միջնորդեց փոխել Ռուբեն Մնացականյանի խափանման միջոցը՝ ի նկատի ունենալով, որ նա բնութագրվում է դրական, այս ընթացքում որևէ կերպ չի խոչընդոտել , չի միջամտել գործի ընթացքին, նախկինում դատապարտված չի եղել, խնդրեց նրա կալանավորումը փոխել ստորագրությամբ երկրից չհեռանալով: Միջնորդեց նաև փորձաքննություններ նշանակել, ավելի ճիշտ վերանայել դրանք:
Կարդացեք նաև
Դատավոր Էդուարդ Մանուկյանը վերջինիս ասաց, որ նրա միջնորդությունը իր վրա ավելի շատ պաշտոնական ճառի, քան միջնորդության տպավորություն թողեց ու մեկ անգամ ևս հստակեցրեց, թե ինչ է ուզում ասել փաստաբանը:
Ու քանի որ Ռուբեն Մնացականյանի փաստաբանը իր երկարաշունչ միջնորդության ընթացքում հաճախակի էր հնչեցնում Գյումրու տարածքային բաժնի նախկին պետ Էդուարդ Վարժապետյանի անունը, սա հունից հանեց ինչպես վերջինիս, այնպես էլ նրա փաստաբանին՝ Սուսաննա Մխիթարյանին: Տիկինն ասաց, որ էթիկորեն ճիշտ չէ մեկին պաշպանել մյուսին մեղադրելու հաշվին ու բավական սուր ելույթ ունեցավ այս թեմայով, հայտարարեց, որ Աշոտ Հովսեփյանը վիրավորել է իրեն ՝ նշելով, որ ինքը հաճոյացել է նախաքննական մարմնին և ասաց, որ բողոքելու է փաստաբանների միություն: Այդ ընթացքում որոշակի լեզվակռիվ ծագեց նաև նախկին գործընկեր պաշտոնյաների մեջ՝ Էդուարդ Վարժապետյանի ու Ռուբեն Մնացականյանի և մազ էր մնացել, որ վերածվեր թունդ վիճաբանության: Դատավորը կարողացավ կառավարել իրավիճակը՝ խիստ նկատողություն արեց ու զսպեց վերջիններիս: Իսկ դատախազը 10 օր ժամանակ խնդրեց միջնորդությանը ծանոթանալու, քանի որ, ըստ նրա, բավական երկար էր այն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ