Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհերի ծնողներ. «Քոչարյանը Հայաստանից պետք է արտաքսվի»․ «Ազատություն»

Հունվար 14,2014 22:02

«Մի նախագահ, որի օրոք եղել է հոկտեմբերի 27 և մարտի 1-ի սպանդ, այսօր ի՞նչ երեսով է փորձում վերադառնալ քաղաքականություն». «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարակուսած էին 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ծնողները՝ «թշնամի» համարելով այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն կանգնել Ռոբերտ Քոչարյանի թիկունքում։

Մարտի 1-ին ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցներից սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, խիստ վրդովված էր նախկին նախագահի ակտիվացումից և այն քննարկումներից, թե արդյոք Քոչարյանը կրկին իշխանության գալու հայտ է ներկայացնում։

«Խորհուրդ կտայի Ռոբերտ Քոչարյանը չվերադառնար քաղաքականություն և գնար Աֆրիկա իր որսով զբաղվեր… ամոթու։ Նա ի՞նչ դեմքով, ի՞նչ երեսով պետք է վերադառնա քաղաքականություն, նա իրավունք չունի, նա Հայաստանից պետք է արտաքսվի։ Համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ նա կանգնելու է դատարանի առաջ, եթե նա մոռացել է մեր վիշտը, մենք երբեք չենք մոռանա»,- ասաց զոհվածի հայրը՝ վկայակոչելով Ուկրաինայի օրինակը, որտեղ հակակառավարական ցույցերը չեն դադարում, բայց ոչ ոք չի կրակում ժողովրդի վրա.- «Ուկրաինայում երկու ամիս է գնում են ցույցեր և ոչ մի զոհ… Իսկ մենք ի՞նչ էինք արել, Օպերայում հանգիստ կանգնած պահանջում էինք նոր ընտրություններ, ոչ մեկին չէինք խանգարում, ոչ մի բան.. Ինչո՞ւ հարձակվեց ժողովրդի վրա, ինչո՞ւ ձերբակալեց հարյուրավոր մարդկանց, վիրավորեց, սպանեց.. ի՞նչ էինք արել, դա մեր սահմանադրական իրավունքն էր, դրա համար կարելի՞ է մարդ սպանել.. և հիմա ի՞նչ երեսով է դուրս գալիս ժողովրդի աչքի առաջ, էկրաններին։ Ո՞նց կարելի է»։

Մարտի 1-ին «Չերյոմուխա 7»-ից զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, ով մարտիմեկյան իրադարձությունների բացահայտման համար մի քանի տարի ապարդյուն պայքարելուց հետո մշտական բնակության է մեկնել արտերկիր, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում չէր կարծում, որ իրականում լուրջ տարաձայնություններ կարող են լինել գործող իշխանությունների և Ռոբերտ Քոչարյանի միջև։

«Ես ուղղակի զարմանում եմ, ո՞նց է Քոչարյանն այսօր քննադատում նրանց, ում համար արյունոտվել է, իր ձեռքերն արյունոտել է։ Ու հիմա նրանց մեջ որևէ հակադրություն լինի՞, ես չեմ հավատում դրան։ Ես համոզված եմ, որ ներքին ինչ-որ պայմանավորվածություն կա, ուղղակի այդ ձևով ուզում են Քոչարյանին առաջ քաշել։ Դա նշանակում է, որ նրանք ծաղրում են մեզ, մտածում են, որ իրենք իրենց արածը մարսել են, ու հիմա հետ է վերադառնո՞ւմ։ Բացի զոհերից, կան նաև հազարավոր վիրավորներ, հալածյալներ, հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքը, հարյուրավորները վիրավորվել են.. էլ չեմ ասում հոկտեմբերի 27-ը.. Ու այդ ամեն ինչը մոռանալով՝ հիմա Քոչարյանն ուզում է գա իշխանությա՞ն։ Ես կարծում եմ, որ ժողովուրդը չի ների, ճիշտ է, արտագաղթը մեծ է, ժողովուրդը հուսահատ է, բայց դա չի նշանակում, որ հիշողություն չունի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ժողովրդի կողմից ընտրվելու շանս, զոհվածի մոր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը չունի, այլ հարց է, եթե քաղաքական ուժեր փորձեն նրան բերել իշխանության։  Զոհվածների հարազատները տարակուսած էին վերջին օրերին նախկին նախագահի ակտիվացման ֆոնին ոչ իշխանական քաղաքական ուժերի չեզոք կեցվածքից։

«Զարմանում եմ, որ այդ արյունը, որ Քոչարյանի վրա է, որևէ մեկը իրեն չի հիշեցնում»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը.- «Որևէ քաղաքական ուժ, եթե կանգնի Քոչարյանի մեջքին, ուրեմն այդ ուժը Հայաստանի թշնամին է, հայ ժողովրդի թշնամին է։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ ոչ իշխանական ուժերին ժողովուրդը ձայն է տվել ոչ թե նրա համար, որ նրանք Քոչարյանի մեջքին կանգնեն, Քոչարյան հետ բերեն, այլ նրանց մեջ այլընտրանք է տեսել»։

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031