Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Բաբակեխյանն արձակուրդում է, ոստիկանությունը հերքում է, իսկ Ղուկասյանների մասին լուրերը համառորեն շարունակվում են

Հունվար 14,2014 20:35

Ինչպես գրել ենք, երեկ ոստիկանության մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին տեղեկացրել էին, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները այցելել են Սլաբոդկա թաղամաս ու խուզարկել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն էլ իր հերթին Shamshyan.com կայքում ավելացրել էր, որ 6-րդ վարչության աշխատակիցների հետ են նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Մեր հրապարակումից անմիջապես հետո ոստիկանությունը տարբեր կայքերով պաշտոնապես հերքեց այս տեղեկությունը, Aravot.am –ի հետ զրույցում հերքեց նաև Շիրակի մարզային ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Ի դեպ, այսօր պարզեցինք, որ ոստիկանապետ Բաբակեխյանը արձակուրդում է գտնվում:

Չնայած ոստիկանությունը համառորեն հերքում է այս տեղեկությունը, նույն համառությամբ շարունակվում են լուրերն այն մասին, որ ոստիկանները այցելել են նաև պարոն Ղուկասյանի հանգուցյալ հորեղբոր՝ Գագիկ Ղուկասյանի տղայի առանձնատուն, որը դարձյալ գտնվում է այն նույն թաղամասում՝ Սլաբոդկայում, որտեղ և բնակվում է նախկին քաղաքապետը: Իմիջիայլոց, այս մասին այսօր արդեն որոշակի ճշտումներ էին կատարել նաև մարզի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ: Թե ինչու են այցելել, տարբեր ենթադրություններ են հնչում, կապում են այս կամ այն քրեական գործի հետ: Խոսվում է նաև այն մասին, որ Շիրակի մարզային ու Գյումրու ոստիկանության ոչ մի ստորաբաժանման աշխատակից ներկա չի գտնվել, այսպես ասած «հյուրերը» եղել են մայրաքաղաքից:

Մենք դարձյալ զանգահարեցինք  ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին` մեկ անգամ ևս հարցնելով այս տեղեկատվության իսկությունը: Աշոտ Ահարոնյանն ասաց. «Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունից երեկ Գյումրի, Վարդան Ղուկասյանենց առանձնատուն ոչ մեկին չենք գործուղել», իսկ նրա հանգուցյալ հորեղբոր տղայի տանը խուզարկություն անցկացնել-չանցկացնելու մասին տեղեկատվություն խոստացավ տրամադրել հասցեն կոնկրետ նշելու դեպքում:ՙ «Գյումրիում քանի Գագիկ Ղուկասյան կարող է լինել, ասեք հասցեն, ճշտենք օպերատիվ գործողություններ կատարվե՞լ են, թե՞ ոչ»,- ասացին ոստիկանությունից: Ի դեպ, տան խուզարկության մասին տեղեկությունը երեկ հերքել էր նաև Վարդան Ղուկասյանը, հուզական հերքում էր տվել նաև Վարդան Ղուկասյանի մամլո քարտուղարը՝ այն որակելով ողորմելի սուտ, պատվերով նյութ և այլն:

Մենք միայն հիշեցնենք, որ Գյումրու նախկին քաղաքապետի ողջ շրջապատը  Գյումրու ասֆալտապատման փողերի յուրացման գործով դեռ հարցաքննվում է Հատուկ Քննչական ծառայությունում, այս գործի հետ չնչին առնչություն ունեցող մարդկանց են անգամ մայրաքաղաք տանում ու բերում, այնպես որ, որքան էլ պարոն Ղուկասյանի համար տհաճ լինի ու փորձի հեռու մնալ, նա հարկադրված է առնչվում ոստիկանների հետ:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031