ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2013թ-ին կատարված աշխատանքները եւ 2014 թ-ի ծրագրերը:
Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրով 2013թ. ընթացքում նախատեսված բոլոր 43 գործողություններն իրականացվել են:
Նշվեց, որ 2013թ. ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով Ծառայություն է դիմել 320 օտարերկրացի, որոնցից 290-ը` Սիրիայից ժամանած: Փախստական է ճանաչվել և ապաստան է ստացել 236-ը: Կացարանով ապահովվել է 136-ը: Բացի այդ, ծառայության խնդրանքով առանձին անհատներ հոգացել են 37 սիրիահայերի կացարանով ապահովվածության հարցը:
Միաժամանակ շարունակվել են ապաստանի տրամադրման համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները:
Կարդացեք նաև
Ըստ Գ. Եգանյանի` փախստականների հիմնահարցերից իր կարեւորությամբ առանձնանում է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց բնակարանային խնդրի լուծման հարցը: 2013թ-ին ուսումնասիրվել են բնակարանի կարիք ունեցող ընտանիքների` դեռեւս 2004թ-ին կազմված ցուցակները, եւ ըստ այդ արդյունքների` ներկայումս բնակարանային ապահովության խնդիր ունի 924 ընտանիք, որոնցից 670 –ը` Երեւանում, 254-ը` մարզերում:
Միաժամանակ` նշված խնդրի լուծման ուղղությամբ որոշ քայլեր իրականացվել են: Հանրակացարանային սենյակների վերաբերյալ հատկացվել են ուղեգրեր 20 փախստական ընտանիքի: Երեւան քաղաքի Մանանդյան 41 հասցեում բնակվող թվով 20 փախստական ընտանիքի նվիրաբերվել են իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրինության ենթակա հանրակացարաններում թվով 64 ընտանիք սեփականաշնորհել է իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խնդիրներ կան Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10/2 հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող հանրակացարանային շենքում բնակավող ընտանիքների տեղափոխման հետ կապված: Քաղաքաշինության նախարարության հաշվարկներով` նոր շենքի կառուցման համար կպահանջվի 685 մլն դրամ, իսկ շուկայից բնակարանների գնման համար` 852 մլն դրամ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այս հարցի հետ կապված առաջարկությունները կամփոփվեն եւ կներկայացվեն կառավարություն:
2013թ. ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 104 փախստական, ներկայումս քաղաքացիություն ստացած անձանց ընդհանուր թիվը 83700 է: Տարբեր հիմքերով (ծնվել են բռնագաղթվելուց հետո, ծնողների քաղաքացիություն ձեռք բերելու եւ այլն) դադարեցվել է 9 փախստականի կարգավիճակ: Կարգավիճակը դադարեցված գործերի ընդհանուր թիվը 152 է:
Շարունակվել են միգրացիոն հարցերով միջպետական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերը: Եվրամիության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» ծրագրի շրջանակում 2013թ. մեկնարկել է «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը, որն իրականացվում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII) և 8 ԵՄ երկրների հետ: Ծրագրի բյուջեն կազմում է 3 մլն եվրո, իրականացման ժամկետը` 3 տարի:
Եվրամիության հետ իրականացվող «Թվինինգ» ծրագրի բոլոր 3 բաղադրիչներով իրականացվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` վերլուծվել է միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը եւ ներկայացվել են առաջարկություններ այն ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով: Մի շարք աշխատանքներ են իրականացվել «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրից բխող գործողությունների ծրագրի արդյունավետ կատարման նպատակով: Մուտքի երկրների հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Շվեդիայի, Նորվեգիայի եւ Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմիններից 2013թ-ի ընթացքում ստացվել եւ համապատասխան կարգով ընթացք է տրվել 65 անձանց մասին 39 ռեադմիսիոն հայցի:
Անդրադառնալով 2014թ. անելիքիներին` Գ. Եգանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է գործարկել նոր էլեկտրոնային համակարգ, ինչն արտերկրում գտնվող եւ Հայաստան վերադառնալ ցանկացող հայրենակիցներին հնարավորություն կտա իրենց հուզող հարցերով անմիջականորեն դիմել համապատասխան պետական մարմիններին: Կմշակվի «Փախստակնների ապաստանի մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որը կհամապատասխանի միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջներին:
2014թ-ին նախատեսվող աշխատանքների մյուս խումբը վերաբերում է Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի ինտեգրացիոն գործընթացների շրջանակում միգրացիոն ընթացակարգերի մշակմանը: Ըստ Գ. Եգանյանի` ՄՄ անդամ երկրների աշխատանքային միգրանտների համար որոշ ընթացակարգեր դյուրացված են. մասնավորապես ՄՄ անդամ երկրներում նրանք կարող են աշխատանքի ընդունվել` առանց դրա համար հատուկ թույլտվության, ինչպես նաեւ նրանց համար կերկարաձգվի հաշվառման կանգնելու ժամկետը. օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում ներկայիս 7 օրվա փոխարեն դառնալով 30 օր:
Փոխվարչապետը կարեւորեց նշված աշխատանքների պատշաճ իրականացումը: Նա ընդգծեց Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրով միգրացիայի ոլորտում նախատեսված աշխատանքների ժամանակին իրականացումն ու սահմանված ժամկետներում անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի մշակումը, որպեսզի դրանց կիրառման առումով քաղաքացիների համար դժվարություններ չստեղծվեն: Այդ աշխատանքներում նա ընդգծեց նաեւ սերտ գործակցությունը գործընկեր երկրների համապատասխան կառույցների հետ:
Ա. Գեւրոգյանը կարեւորեց նաեւ Եվրամիության հետ ռեադմիսիայի համաձայնագրից բխող գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումների արդյունավետ կատարումը: Նա առաջարկեց մի շարք աշխատանքների իրականացման հարցում համագործակցել ոլորտային ՀԿ-ների հետ, ինչպես նաեւ գոհունակություն հայտնեց, որ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից պետական մարմինների կայքերի նկատմամբ իրականացվող մոնիթորինգի արդյունքում Ծառայության պաշտոնական կայքն զբաղեցրել է առաջին տեղը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին