Նա կապում է Ռոլեքս ժամացույց, հագնում զամշյա կոշիկներ, նա թքում է գետնին ու ատում իր քաղաքը: Երևանցի հարուստ մի երիտասարդի այսպես է նկարագրում Յուլիա Պրոզինգերը «Դեր Թագեշպիգել» թերթում գրած հոդվածում, փոխանցում է «Ինո Տե Վե»-ն:
«Նրա պապիկը իր կյանքն է տվել այս քաղաքին, իսկ երիտասարդն ուզում է ընդմիշտ հեռանալ այստեղից: Հիմա ավելի ու ավելի շատ երիտասարդներ են ուզում լքել Երևանը, իսկ մի ժամանակ սա «Հայկական ռադիո»-ի անեկդոտների քաղաքն էր: Մոսկվայից հեռու գտնվող Երևանում այն ժամանակ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ ծիծաղել սոցռեալիզմի սխալների վրա», – գրում է հեղինակը՝ նշելով, որ Երևանի երիտասարդության մոտ 80 տոկոսը պատրաստ է իրենց հայրենիքը փոխել ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հետ, – «Մեկը աշխատանք չունենալու պատճառով, մյուսը՝ ազգային ավանդույթների: Իսկ այս 29-ամյա երիտասարդը ուզում է փախչել բյուրոկրատիայից և պետության կամայականություններից»:
«Այստեղ նույնիսկ Մաքդոնալդս չկա: Այդպիսի ներդրումային սարսափելի պայմաններ են», – բողոքում է երիտասարդը, որը ցանկացել է չհրապարակել իր անունը, – «Եթե իշխանությունում ընկերներ, ավելի շուտ ազգականներ չունես, չես կարող բիզնես անել »:
Շարունակելով՝ Պրոզինգերը գրում է, որ «Repat Armenia» (Վերադարձ Հայաստան) կազմակերպության հիմնադիր Վարդան Մարաշլյանը դժգոհ է, որ իր հայրենակիցները գնում են երկրից: Մի քանի տարի առաջ նա հիմնել է իր կազմակերպությունը, որպեսզի օգնի հայրենադարձներին: Ժամանակին Վարդանը ապրում էր Մոսկվայում, բայց որոշել է վերադառնալ, քանի որ իր երեխաներին ուզում էր Հայաստանում մեծացնել: Չնայած ամեն ինչին, իր երկրի ապագան նա դրական լույսի ներքո է տեսնում, եզրափակում է Պրոզինգերը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ